Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է գիշերը հակառակորդի երկու հարվածային անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Մի քանի այդպիսի սարքեր խոցվել են նաև հուլիսի 14-ի օրվա ընթացքում:

Մեր ՀՕՊ ուժերը խոցել են նաև Hermess 900 անօդաչու թռչող հետախուզական սարք, որը ունի բավականին մեծ համարում և տեխնիկական կարողություններ: Այն նախատեսված է այսպես ասած ուղիղ ռեժիմում հետախուզության, նաև հաղորդակցային խափանումներ առաջացնելու, կապ որսալու և այլ այդպիսի գործառույթների համար:

Հայկական ուժերը խոցել են այդ սարքը Հայաստանում արդիականացված ՕՍԱ զենիթահրթիռային համալիրի գործադրմամբ: Ընդ որում, ռազմական մասնագետները արձանագրում են, որ դա իսրայելական արտադրության բարձր համարում ունեցող այդպիսի հետախուզական անօդաչուների խոցման առաջին դեպքն է: Դրան զուգահեռ, պաշտպանության նախարարության նախկին մամուլի քարտուղար, ռազմական փորձագետ, ներկայումս Վազգեն Սարգսյանի անվան պետհամալսարանում հրամանաշտաբային ֆակուլտետը ղեկավարող Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հայկական ուժերը կիրառել են հայկական արտադրության հարվածային անօդաչուներ, և արել են դա բավականին հաջող:

Այդպիսով, Տավուշի սահմանագոտում իրադրությունը լարելու ադրբեջանական փորձին տրված հայկական հակահարվածն ու պատժիչ գործողությունը ըստ էության ոչ միայն հայկական մարտական մտքի, այլ նաև գիտական մտքի հաջողությունն են, ինչը չափազանց կարևոր է ժամանակակից աշխարհում անվտանգային համակարգերի ամրության, կայունության, հեռանկարայնության տեսանկյունից: Հնարավորինս ինքնաբավությունն այդ իմաստով հույժ կարևոր է և Տավուշի սահմանին հայկական ուժերի գործողությունը խոսում է այն մասին, որ Հայաստանը գտնվում է դեպի անվտանգային ինքնաբավության աստիճանի բարձրացում տանող ճանապարհին: Ասել կուզի, Տավուշում արձանագրվել է ոչ միայն կարևոր ռազմավարական դիրքային բարձունքի, այլև գիտատեխնոլոգիական բարձունքի նվաճում: