Իլհամ Ալիեւն իր ելույթում պատմել է «Վրեժ» անվանումը ստացած գործողության մասին, որն այժմ իրենց կողմից իրականացվում է ՀՀ պետական սահմանի Տավուշի հատվածում:

Ադրբեջանը կատարվածի մեջ մեղադրում է հայկական կողմին՝ նշելով, որ Հայաստանը դիմում է սադրանքների, հայ զինվորներն են սկսել անկանոն կրակ բացել, իսկ իրենք պատասխանել են: հատկանշական է, որ իր ամբողջ ելույթի ժամանակ Ալիեւը ոչ մի խոսք չի ասել երեկ Տավուշի սահմանը հատել փորձած ՈՒԱԶ մակնիշի մեքենայի մասին:

«Հայկական կողմը սկսել է հրետանային կրակ բացել: Դա անսպասելի հարված էր մեր դիրքերին, որը հանգեցրել է մեր զինծառայողների մահվանը։ Սակայն մենք կանխել ենք այդ հարձակումը, համարժեք պատասխան ենք տվել, մենք  վրեժ ենք լուծել մեր զոհված զինվորների համար։ Ինձ գիշերն ու առավոտյան պարբերաբար զեկուցել են իրավիճակի մասին, այսօր սահմանին լարված իրավիճակը պահպանվում է»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիեւը:

Նա հավելել է, որ իրավիճակի համար պատասխանատվություն է կրում Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Ալիեւը մեղադրել է հայկական կողմին երկերեսանիության մեջ.

«Մի կողմից նրանք դիմում են միջազգային հանրությանը՝ հակամարտության լուծման հարցում օգնելու համար, մյուս կողմից՝ կրակի տակ են առնում մեր դիրքերն ու բնկաավայրերը: Այս քաղաքականությունը Հայաստանին գլորելու է անդունդը: Ադրբեջանը ինչպես մինչ օրս, այնպես էլ այսուհետ պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը: Մեր զինվորների արյունը հողին չի մնալու»,-ասել է Ալիեւը:

Ադրբեջանի նախագահի խոսքով, իրենք երեկ  ոչ մի սանտիմետր իրենց տարածքից չենք տվել թշնամուն, երբեք չեն հաշտվելու իրենց տարածքների «օկուպացման» հետ եւ անելու են ամեն բան՝  «տարածքային ամբողջականության» վերականգնման համար:

Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական Բաքվի հրապարակած տեղեկատվության՝ Ադրբեջանը 4 զոհ ունի, 5 վիրավոր: Ըստ ադրբեջանական օգտատերերի, սակայն, այդ թիվը զգալի մեծ է:

Հայկական կողմը սադրանքների դիմելու եւ իրավիճակի ապակայունացման համար մեղադրում է ադրբեջանական իշխանություններին: Պաշտոնական տվյալներով, Հայաստանում թեթեւ վիրավորումներ են ստացել 2 ոստիկան, հայկական կողմից զոհեր եւ տեխնիկայի կորուստ չկա: ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ իրավիճակի հետագա ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի իշխանությունների վրա: