Ոստիկանության պաշտոնական լրահոսին հետևելով՝ առաջին հերթին աչքի է զարնում այն հանգամանքը, որ բավական շատ են ապօրինի զենքի կամավոր հանձնման կամ առգրավման դեպքերի մասին տեղեկությունները:

Ոստիկանության՝ «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանը պաշտոնավարման առաջին իսկ օրից հատկապես կարևորում է ազգաբնակչության մոտ եղած ապօրինի զենքի հավաքումը և այդ առումով բավական խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին։

Մեր զրուցակցի խոսքերով, նոր ոստիկանապետը երկար տարիներ քրեական-հետախուզության ոլորտում է ծառայել և «լավ գիտի ապօրինի զենքի հետևանքները երկրի քրեական իրավիճակի վրա»։

Թեպետ, հանուն արդարության պետք է նշել, որ նույնիսկ ոչ մասնագետների համար է պարզ, թե քաղաքացիների ձեռքին եղած զենքը տևական ժամանակ ինչպիսի պատուհաս էր դարձել. քիչ չեն տեղեկությունները, որ դրանցով բազմաթիվ հանցանքներ էին կատարվում՝ խուլիգանությունից մինչև սպանություն։

Մնում է միայն հուսալ, որ ոստիկանապետը նույն ջանասիրությամբ պայքար կծավալի նաև ամեն գիշեր քաղաքացիների համար գլխացավ դարձած հրավառությունների դեմ»: