paterazm

Հուլիսի 4-ին Արցախի արտգործնախարարությունը տարածեց հայտարարություն 1992 թվականի իրադարձությունների, մասնավորապես Մարտակերտի անկման վերաբերյալ, որ տեղի էր ունեցել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով:

Հայտարարության մեջ նշվում էր, որ մեկ տարի անց հայկական ուժերին հաջողվեց ազատագրել Մարտակերտը: Միաժամանակ, Արցախի ԱԳՆ արձանագրում էր, որ դեռեւս ադրբեջանական օկուպացիայի ներքո են են գտնվում շրջանի որոշ մաս, Մարտունու շրջանից մի հատված, Շահումյանի շրջանը: Պաշտոնական Ստեփանակերտն արձանագրում էր, որ Արցախի հանրապետությունը շարունակելու է հետամուտ լինել իր օկուպացված տարածքների վերադարձի խնդրին:

Հուլիսի 4-ի առիթով Արցախի արտգործնախարարության հայտարարությունը համընկավ Հայաստանի արտգործնախարարի Արցախ կատարած այցի հետ: Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը Արցախի նախագահն ասել է, որ առանց Արցախի մասնակցության անհնար է բանակցության որեւէ առաջխաղացում: Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Արցախի ներգրավվածության, ինքնորոշման իրավունքի իրացման, նաեւ Արցախի անվտանգային համակարգի կայունացման հարցերը գերակայություններն են, որոնք շուրջ կառուցվում է աշխատանքը:

Արցախի բանակցային սուբյեկտության հարցը Երեւանը առաջ է քաշել թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո: Համանախագահները հայտարարել են, որ այդ հարցը պետք է լուծվի հակամարտող կողմերի համաձայնությամբ: Բաքուն համաձայն չէ տեսնել Արցախը բանակցության սեղանին: Մյուս կողմկից, սակայն, հատկանշական է, որ ադրբեջանցիները այդուհանդերձ պատրաստվում են դրան եւ փորձել են աշխուժացնել այսպես կոչված «ադրբեջանական համայնքի» հանգամանքը:

Երեւանը ի պատասխան դրա առաջ է քաշել ընտրության, մանդատի սկզբունքը: Այսինքն, Արցախի հանրությունը մանդատ է տվել Արցախի իշխանությանը, իսկ այսպես կոչված «համայնքը» արդեն տարիներ շարունակ մասնակցում է Ադրբեջանի ընտրությանն ու մանդատ տալիս Ալիեւին: Եթե Ալիեւը չի ներկայացնում այդ «համայնքը», ապա գուցե քննարկենք, թե է՞լ ում չի ներկայացնում Ալիեւը, հայտարարել էր Հայաստանի վարչապետ Փաշինյանը:

Ալիեւի համար դա նուրբ թեմա է, հաշվի առնելով Ադրբեջանի ներսում զսպվող էթնիկ կոնֆլիկտները: Մինչդեռ, ինչպես ցույց է տվել տարբեր երկրների փորձը, հաճախ դրանց համար բավական է լինում անգամ «մտքով չանցած» կայծը:

Արցախի մասնակցության առումով Ալիեւի տագնապն իհարկե այլ է, մասնավորապես հենց այն հարցերը, որ շոշափվում են Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ՝ Արցախի իրավունքի հարցերը: Մինչ այժմ կարգավորման գործընթացը զարգացել է Արցախի մեկ իրավունքի տրամաբանությամբ՝ ինքնորոշում: Մինչդեռ, Արցախի ինքնորոշումը ինքնին «մեկ միավոր» իրավունք չէ: Բանակցային սեղան Արցախի վերադարձը իրավունքների մի մեծ փաթեթի վերադարձ է, ինչը փոխելու է գործընթացում ուժերի հարաբերակցությունը: Եվ դա էլ իր հերթին շղթայական էֆեկտով կարող է ստեղծել նախադեպեր Ադրբեջանում ապրող տարբեր այլ ազգությունների համար: Այստեղ է Բաքվի խորքային խնդիրն ու վախը Արցախի բանակցային վերադարձից: