Սադրանք հայ-ադրբեջանական սահմանին

Հուլիսի 12-ին կեսօրից հետո Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին՝ գրոհելով Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ տեղակայված մեր սահմանային դիրքերը,  իսկ հետո նաեւ խաղաղ բնակավայրերը՝ մասնավորապես Այգեպար եւ Չինարի գյուղերը:

2 օր տեւած հրետակոծությունից հետո կեսգիշերի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն հանգիստ էր: Հայկական կողմը հայտնում էր 5 թեթեւ վիրավորի մասին, իսկ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել էր 4 զինծառայողի մահվան եւ տասնյակ վիրավորների մասին տեղեկատվությունը: Ոչ պաշտոնապես Ադրբեջանի զոհերի թիվը անգամներով ավելի մեծ էր նշվում: Խոսք էր գնում նաեւ ադրբեջանական երկու դիրքերի՝ հայկական կողմին անցնելու մասին:

Սահմանում իրադրությանը երեկ հրավիրած Կառավարության նիստում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դատապարտելով Ադրբեջանի գործողությունները՝ Փաշինյանն ընդգծեց. «Դրանց վերսկսմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետեւանքների ողջ պատասխանատվությունը»: ՀՀ վարչապետը նաեւ խիստ մտահոգիչ համարեց տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը: Թուրքիան ավելի վաղ իր անվերապահ աջակցություն էր հայտնել Ադրբեջանի գործողություններին:

ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ որեւէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում: Նա կոչ արեց մեր բոլոր հայրենակիցներին՝ իրենց անվերապահ զորակցությունը հայտնել մեր զինված ուժերին՝ զինվորներին, հրամանատարներին, ովքեր ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում: «Նրանք պետք է ունենան ամուր թիկունք, եւ մեզնից յուրաքանչյուրն այդ թիկունքի մի մասնիկն է»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի հետ  կապ է հաստատել եւ իր օրհնությունն ու զորակցությունը հայոց քաջարի բանակին հայտնել Արամ Ա կաթողիկոսը:

Հայ-ադրբեջանական սահմանին սրված իրավիճակի վերաբերյալ մտահոգություն հայտնեց Ռուսաստանի Դաշնությունը: Տարածված հաղորդագրությամբ ՌԴ ԱԳՆ-ն հակամարտող կողմերին կոչ էր անում ցուցաբերել զսպվածություն եւ խստորեն հետեւել հրադադարի պահպանման ռեժիմին՝ ընդգծելով, թե իր կողմից պատրաստ է իրավիճակի կայունացման համար անհրաժեշտ ջանքեր գործադրել:

Իրավիճակին արձագանքեց նաեւ ԵՄ-ն: Կառույցի Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Փիթեր Ստանոն երկու կողմերին կոչ էր անում դադարեցնել զինված դիմակայությունը, ձեռնպահ մնալ լարվածություն հրահրող գործողություններից եւ հռետորաբանությունից եւ ձեռնարկել անհապաղ միջոցներ ՝ հետագա էսկալացիան կանխելու համար:

ՕՐ ԱՌԱՋԻՆ

Հուլիսի 12-ին ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները մեր զինվորների համար անհասկանալի պատճառով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը հատելու փորձ են կատարել:

Հայ զինծառայողները նախազգուշացրել են նրանց եւ փախչելու հնարավորություն տվել: Ադրբեջանցի զինվորները հենց այդպես էլ արել են. թողնելով մեքենան՝ վերադարձել են իրենց դիրք: Իրադարձություններից ժամեր անց այս մասին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ նշելով, որ ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառել հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից եւ կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Այնուհետեւ հաղորադրություն տարածեց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որտեղ նշված էր, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով, Թովուզի ուղղությամբ  զոհվել  է ադրբեջանական զինուժի  2 զինծառայող, եւս 5-ը վիրավորվել են։ Նույն հաղորադրությամբ ադրբեջանական կողմը պնդում էր, թե «հայկական կողմը եւս կորուստներ ունի»:

ՀՀ ՊՆ-ն հերքեց մեր կողմից մարդկային կորուստ ունենալու մասին տեղեկատվությունը. Լարվածությունը, սակայն, պահպանվում էր:

ՀՀ ՊՆ-ի հաջորդ հաղորդագրությունը եղավ երեկոյան 22:00—ից հետո: Տեղեկացնելով, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծություն մեր նույն դիրքի ուղղությամբ՝ 82 մմ ականանետից եւ տանկից, Ստեփանյանը զգուշացնում էր, որ իրավիճակի լարման հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Այս ընթացքում հրապարակվեց այսպես ասած հանցագործության գործիքի՝ ՀՀ պետական սահմանը հատելու փորձ արած ադրբեջանական ՈՒԱԶ-ի լուսանկարը:

Այնուհետեւ ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակեց նաեւ ադրբեջանական խոցված անօդաչու թռչող սարքի մասին տեղեկատվություն: «Հակառակորդը միայն մարդկային կորուստներ չի կրել։ Թանկարժեք թռչնակ էլ կորցրեցին՝ ԱԹՍ»,- գրեց Հովհաննիսյանը։ Վերջինս ավելի վաղ հայտնել էր, որ հակառակորդը հաստատված տեղեկություններով ունի 3, իսկ ավելի հավանական է ավելի շատ զոհեր:

Կրակոցները  շարունակվեցին նաեւ հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը գիշերը եւս շարունակեց տեղեկություններ հաղորդել: Մասնավորապես, 01:00-ի սահմաններում Ստեփանյանը հաղորդեց, որ կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են, հայկական զինված ուժերը կորուստներ եւ վիրավորներ չունեն, հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում եւ չեզոքացվում են:

Նա նաեւ ընդգծեց՝ հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում, թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները:

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի ակտիվացման վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Ակնհայտ է, որ այս գործողություններն Ալիեւի ռազմատենչ հայտարարությունների համատեքստում են եւ միտված են վնասելու բանակցային խաղաղ գործընթացին: Այդ տեսանկյունից կարեւոր եմ համարում միջազգային համարժեք արձագանքը, այդ թվում ՀԱՊԿ–ի կողմից՝ ուղղված Ադրբեջանին, որը լրացուցիչ զսպաշապիկ կհանդիսանա ռազմատենչ Բաքվի համար»,- ասվում էր Մակունցի հայտարարությունում։

Ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀՀ ԱԳՆ-ն: Հայտարարությունում նշվում էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարարը, ՀՀ վարչապետի եւ պաշտպանության նախարարի հետ համակարգմամբ, մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ՝ ներկայացնելով իրադրությունը տեղում եւ դրա հետագա սրման վտանգները:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ կապի մեջ էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ, «վերջին զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռեւս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի՝ ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում արձագանքել՝ ըստ անհրաժեշտության, ընդհուպ՝ մինչեւ նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում»:

Այս հաղորդագրությունից շատ չանցած՝ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսում է նոր բարենպաստ դիրքերի զբաղեցման մասին, իսկ ադրբեջանցի օգտատերերը երկու դիրքի կորստի եւ 17 հոգու մահվան մասին։ «Երեւում է՝ այս ներքաղաքական իրավիճակում շատ ցավոտ են տանում իրենց կորուստները ադրբեջանական ԶՈՒ-երի ղեկավարությունը»,- ավելի ուշ գրեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ խոսքը դիրքային կորուստների մասին է, մարդկայինի վրա հաստատ թքած ունեն։

Օր երկրորդ

Հուլիսի 13-ին վաղ առավոտյան պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հաղորդեց՝ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Ըստ նրա՝ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան եւ չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում։

Զինծառայողների ծնողներին հանգիստ լինելու կոչ ուղղեց Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ  Մովսես Հակոբյանը՝ armlur—ի հետ զրույցում վստահեցնելով, որ սահմանին իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ:

Բնակիչներին ուղղված՝ խուճապի չմատնվելու կոչով հանդես եկավ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նա վստահեցնում էր, որ բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու եւ խուճապի կարիք չկա ու որ պետք է հետեւել միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Այս ընթացքում հրետակոծվում էին նաեւ սահմանային մի շարք գյուղեր: Գյուղերի գույքի եւ մարդկանց կյանքին անմիջական սպառնացող վտանգի մասին զեկույց պատրաստեց եւ միջազգային կառույցներին ուղղեց ՄԻՊ աշխատակազմը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարեց, որ շարունակում են ուշի-ուշով հետեւել ՀՀ պետական սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին եւ իրավիճակի չհանդարտվելու դեպքում ընդամենը ժամեր հետո արցախցի կամավորականները պատրաստ են տավուշցի եղբայրների հետ խրամատներում թեւ ու թիկունք դառնալու:

Այնուհետեւ պաշտոնապես հրապարակվեց ադրբեջանական կողմի 4-րդ զոհի մասին տեղեկություն. ընդ որում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ չորրորդ զոհը սպա է՝ ադրբեջանական ԶՈՒ ավագ լեյտենանտ Մահմուդով Ռաշադ Ռաշիդ, մյուս 3 զոհերից երկուսն էլ պայմանագրային զինծառայողներ են:

Դիվանագիտական ճակատում եւս իրադարձությունները զարգանում էին: ԱԳՆ լրատվության բաժնից հաղորդեցին, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ եւ մանրամասն տեղեկատվություն տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաեւ իրադրության հետագա սրման հետեւանքների մասին:

Հուլիսի 13-ի կեսօրից առաջ հայկական կողմը հաղորդեց երկու վիրավորի մասին: Վիրավորները, ըստ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի՝ սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններ էին, թեթեւ վիրավորվել էին պահակակետի տնակի մոտակայքում։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Կառավարության արտահերթ նիստում տեղի ունեցածին անդրադարձավ ՀՀ պաշտպանության նախարարը: Վարչապետի առաջարկով ներկայացնելով հայ-ադրբեջանական սահմանին երեկվանից սկսած գործողությունները եւ այդ պահին տիրող իրավիճակը՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց.

«Երեկ 12-ն անց կես մեր դիրքերից մեկին մոտենում է ՈՒԱԶ ավտոմեքենա, անհասկանալի պատճառով զինվորները դուրս են գալիս մեքենայից եւ շարժվում դեպի մեր դիրքը: Դիրքը, կարեւոր է, որ բոլորն իմանան, գտնվում է ՀՀ տարածքում, անմիջապես ՀՀ սահմանին: Քանի որ շարժումը անսպասելի էր մեր զինծառայողների համար, զինծառայողները, վերադասին զեկուցելով, ստանում են հրահանգ՝ հաշվի առնելով ադրբեջանական զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության կամ օպերատիվ իրավիճակին չտիրապետելու պատճառով, կոչ են անում լքել տարածքը, որը եւ իրականացվում է. թողնելով ավտոմեքենան՝ ադրբեջանցի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքերը»,- ասաց Տոնոյանը:

Այնուհետեւ, ըստ նախարարի, սկսվում է 82 մմ-ով ականանետերով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաեւ՝ մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրք: Այն կասեցվում է հրետակոծությամբ եւ համապատասխան գործողություններով: Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջում է:

Նախարարն ընդգծեց, որ տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ 15-20 րոպեն մեկ հրետակոծությունը սկսվում է, որի դադարը եղել է գիշերը 3-ն անց կեսից 5-ն անց կես:

«Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են, դիպուկահար կրակով՝ լռեցվում, որի արդյունքում հակառակորդն ունի զգալի կորուստներ: Մեր կորպուսը իրականացնում է սահմանի պահպանությունը, օպերատիվ իրավիճակն ամբողջությամբ վրահսկվում է եւ կառավարելի է»,- հավելեց նախարարը:

ՀԱՊԿ-ն տեղի ունեցողին արձագանքեց կեսօրին մոտ: Կառույցի մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ հրավիրվում է ՀԱՊԿ մշտական խորհրդի արտակարգ նիստ՝ պաշտոնական Բաքվի եւ Երեւանի միջեւ առկա լարվածության աճի ֆոնին: Շատ չանցած՝ տեղեկություն տարածվեց, որ Մշտական խորհրդի արտահերթ նիստը անորոշ ժամանակով հետաձգվել է՝ կողմերի միջեւ խորհրդակցություններ անցկացնելու եւ քննարկման ձեւաչափի հստակեցման պատճառով։

Տարբեր կառույցներ, գերատեսչություններ, պատգամավորներ ու հանձնաժողովի նախագահներ իրենց գործընկերներին հայտնեցին տեղի ունեցողը:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում ռազմական գործողությունները դադարեցնելու եւ խաղաղության կոչ հրապարակեց՝ ուղղված ադրբեջանցի կանանց:

«Որպես «Կանայք հանուն խաղաղության» արշավի հեղինակ՝ հորդորում եմ ադրբեջանցի կանանց եւ մայրերին կոչ անել իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները, վտանգի չենթարկել ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների զավակների կյանքը:

Կանայք, մայրերը եւ քույերերը պետք է հարցնեն իրենց ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ ինչ ձեռք բերեցին իրենց սիրելիների կորստի, իրենց անձնական ողբերգության գնով, եւ ինչն է խանգարում խնդիրները քննարկել խաղաղության պայմաններում, հակառակ կողմի ղեկավարության հետ բանակցությունների ճանապարհով»,- ասվում էր Հակոբյանի կոչում:

Զուգահեռ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիեւն իր ելույթում պատմել է «Վրեժ» անվանումը ստացած գործողության մասին, որն այժմ իրենց կողմից իրականացվում է ՀՀ պետական սահմանի Տավուշի հատվածում: Նա կատարվածի մեջ մեղադրել է հայկական կողմին՝ նշելով, որ Հայաստանը դիմում է սադրանքների, հայ զինվորներն են սկսել անկանոն կրակ բացել, իսկ իրենք պատասխանել են: Հատկանշական է, որ իր ամբողջ ելույթի ժամանակ Ալիեւը ոչ մի խոսք չի ասել Տավուշի սահմանը հատելու փորձ արած ՈՒԱԶ մակնիշի մեքենայի մասին:

«Մի կողմից նրանք դիմում են միջազգային հանրությանը՝ հակամարտության լուծման հարցում օգնելու համար, մյուս կողմից՝ կրակի տակ են առնում մեր դիրքերն ու բնկաավայրերը: Այս քաղաքականությունը Հայաստանին գլորելու է անդունդը: Ադրբեջանը ինչպես մինչ օրս, այնպես էլ այսուհետ պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը: Մեր զինվորների արյունը հողին չի մնալու»,- ասել է Ալիեւը:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ իրենք երեկ ոչ մի սանտիմետր իրենց տարածքից չեն տվել թշնամուն, երբեք չեն հաշտվելու իրենց տարածքների «օկուպացման» հետ եւ անելու են ամեն բան՝ «տարածքային ամբողջականության» վերականգնման համար:

Ավելի ուշ հայտնի դարձավ նաեւ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կիրառած զենքերից երեք հայ պայմանագրային զինծառայողների վիրավորվելու մասին:  Շուշան Ստեփանյանը ՀԺ-ին տեղեկացրեց, որ զինծառայողները թեթեւ բեկորային վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նա հայտնեց նաեւ, որ ադրբեջանական զինված ուժերը 120 մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ, արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան:

Հատկանշական է, որ այս ամբողջ ընթացքում ինչպես Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, Ադրբեջանը իրական պատերազմին զուգահեռ մղում էր նաեւ տեղեկատվական պատերազմ: Թիրախի տակ էին հայկական բազմաթիվ լրատվական կայքեր, համացանցային էջեր, որոնք կոտրելու միջոցով փորձ էր արվում ներկայացնել կեղ ծեղեկություններ հայկական կողմից իբր զոհերի եւ վիրավորների մասին: Այս իրավիճակում Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացրեց ուղեցույց՝  ինչպես տարբերակել իրական եւ կեղծ լուրերը: Գլխավոր կոչը հետեւյալն է՝ պետք չէ հավատալ, առավել եւս տարածել ադրբեջանական աղբյուրների ինֆորմացիան, պետք է հետեւել պաշտոնական լրահոսին: