Arcrun Hovhannisyan

Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե իբր հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈՒ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել»: ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, իսկ հաղորդագրությանը կից լուսանկարը իրականությանը չի համապատասխանում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ նշելով, որ այսպիով հակառակորդը փորձում է ինչ-որ կերպ մեղմել իր բազմաթիվ տեխնիկական և մարդկային կորուստները։

Երեկ մոտավորապես 24 ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները։ Այս մասին այսօր Իջեւանում ստեղծված միասնական տեղեկատվական կենտրոնում հայտարարեց կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը։

«Ըստ էության ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումների Տավուշի սահմանագոտում գտնվող «Անվախ» դիրքի ուղղությամբ կեսգիշերից հետո ադրբեջանական ԶՈՒ-երի հատուկ նշանակության ստորաբաժանումների 100 զինծառայող մեծ զինատեսակների՝ մասնավորապես հրետանու կրակի աջակցության տակ փորձել են հարձակվել «Անվախ» դիրքի ուղղությամբ, բայց մեր դիրքի տղաների հերոսական եւ գրագետ գործողությունների արդյունքում հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ։ Այդ ընթացքում կորցրել են նաեւ որոշակի տեխնիկա, զրահատեխնիկա եւ այլն»,- ասաց Հովհաննիսյանը։

Վերջինս նշեց, որ առավոտյան արդեն ադրբեջանական ԶՈՒ-երի լրատվական ծառայությունն ընդունեց իրենց կորուստները, բայց այս պահի դրությամբ դեռ կոնկրետացված չէ, թե քանի զինծառայողի մասին է խոսքը եւ ովքեր են։

«Դրանից հետո ըստ էության ադրբեջանական ԶՈՒ-երը հերթական անգամ տապալվելով փորձել են իրենց վրեժը լուծել հայ խաղաղ բնակիչներից եւ Տավուշի արդեն թվարկված գյուղերի ուղղությամբ շարունակել են իրենց հրետակոծությունը»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա նշեց, որ առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարեցին, թե իբր հայկական ԶՈՒ-երը կիրառել են անօդաչու թռչող սարք, որն իրենք խոցել են. «Պաշտոնապես սա հերքվել է, սա չի համապատասխանում իրականությանը խնդրում եմ սա հաշվի առեք»։

«Ես կուզեի մի կարեւոր հանգամանքի մասին խոսել, արդեն մի քանի օր է տեղական ինքնակառավարման մարմինների, զորամասերի մոտ հավաքվում են մեր պատրաստակամ հայրենակիցները՝ հիմնականում նախկին ազատամարտիկներ, նախկին զինվորականներ, բժիշկներ եւ պատրաստակամություն են հայտնում մեկնել մարտական դիրքեր, ծառայություն կատարել։ Մենք ասում ենք, որ հարգելիներս դրա անհրաժեշտությունը չկա, Զինված ուժերն իրենց խնդիրը կատարվում է։ Այս հարցով այսօր կլինի պաշտպանության նախարարության հայտարարությունը խնդրում եմ հաշվի առնել դա»,- ասաց Հովհաննիսյանը։

Որոշ գործողություններից ու սրացումներից հետո դժվար է կանխատեսել կգնա՞ Ադրբեջանը նոր զարգացումների, նոր սրացումների, թե կհանդարտվեն: Կարծես պետք է դասեր քաղած լինեին, բայց եղավ հակառակը: Նրա խոսքով՝ գիշերվա թեժ մարտերից հետո հայկական կողմը չունի զոհեր և վիրավորներ, այս պահին համեմատաբար հանգիստ է, բայց իրավիճաը դինամիկ փոխվում է: