Օրերս մի շարք լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին, թե ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել ՀՀ Սնանկության դատարանում: Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը այս տեղեկատվությունը չի հերքել:

Լուրեր են նաև շրջանառվում, որ ԱԱԾ այս գործողությունները կապված են պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ինչ-որ մեկի գույքը խլելու հետ:

Իհարկե, հուսադրող է, որ հայրենի իրավապահ մարմինները ձեռնամուխ են եղել դատական համակարգում առկա արատների և երբեմն առերևույթ հանցավոր դրսևորումների դեմ պայքարին։ Դատական համակարգի մաքրազերծումը, օրինախախտ դատավորներին համակարգից հեռացնելու հանրային պահանջը այլևս վաղուց են հասունացել։ Հարկ է նկատել, որ դատավորների մասնակցությամբ անձանց «ունեզրկելու», «պարտքերը ջրելու», «գցելու» երևույթները վաղուց արմատավորված են հայրենի դատական համակարգում։ ԵԿԴ/0142/02/17 դատական գործին ծանոթանալով՝ տեսնում ենք, որ գործը քննող առաջին ատյանի դատարանի դատավորը կայացրել է այնպիսի մի վճիռ, որի ակնհայտ ապօրինի լինելը ակնառու է նույնիսկ ոչ իրավաբանի համար։
Մասնավորապես, որոշակի շրջանակներում հայտնի Սարգիս Աղաբեկյանը (հայտնի է նաև որպես Էսկոյի Սաքո) իր սեփականությունը հանդիսացող սնանկացած ընկերության կողմից HSBC բանկից վերցրած վարկերի երաշխավորն է եղել և նույն ընկերության պարտավորությունների դիմաց գրավ է դրել իրեն սեփականությամբ պատկանող գույքերը։ Աղաբեկյանին պատկանող ընկերությունը («Էսկո-Կոնցեռն» ՓԲԸ-ն, որը սնանկանալուց առաջ վերանվանել է «ԱԼՏԵ» ՓԲԸ-ի) սնանկ է ճանաչվել՝ ունենալով մի քանի միլիոն դոլարին հասնող պարտք HSBC բանկին։ Բարեբախտաբար, բանկն ունեցել է անշարժ գույքի գրավներ, որոնց միջոցով կկարողանար ծածկել իր վնասները։ Սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Աղաբեկյանը դատական հայց է ներկայացնում ընդդեմ բանկի և պահանջում է իրեն փոխանցել բանկի գրավի իրավունքը՝ իբրև թե այն պատճառով, որ ինքը մարել է իր ընկերության պարտքերը։ Նման պարագայում, եթե դատավորը բավարարում է Աղաբեկյանի պահանջը, ապա բանկն այլևս զրկվում է իր նկատմամբ պարտքերը հետ ստանալու որևէ հնարավորությունից և կորցնում է միլիոնավոր դոլարներ։ Սույն գործը քննող դատավոր Ռ․Ներսիսյանը բավարարում է Աղաբեկյանի պահանջը։

Դատական համակարգի կայքի ուսումնասիրությունից տեղեկանում ենք, որ այս գործով բանկը վերաքննիչ բողոք է ներկայացնում։ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ ընթերցում ենք, որ բողոքում նշել է, որ Դատարանի կողմից վճռում կատարած եզրահանգումների և դատարան ներկայացված ապացույցների միջև չկա որևէ տրամաբանական կապ, և դատարանի վճիռը զուրկ է ոչ միայն իրավական հիմնավորումից, այլև դրանում ըստ էության բացակայում է պատճառաբանական մասը, ինչպես նաև Դատարանի կողմից արտահայտած մտքերի միջև լեզվատրամաբանական կապը։ Օրինակ՝ Դատարանը վճռի 20-րդ էջում նշված է. «…ինչ վերաբերում է հայցային վաղեմության կիրառման պատասխանողի մյուս պահանջին, ապա դատարանը վերը բերվածների լույսի ներքո գտնում է, որ այն ևս ենթակա է մերժման»։ Դատարանը հայցային վաղեմության միջնորդության մերժումը հիմնավորելիս հղում է արել դատական ակտի նախորդ պարբերությունների մեջ իր արտահայտած դիրքորոշմանը, սակայն վճռի հայցային վաղեմության վերաբերյալ դիրքորոշմանը նախորդած պարբերությունները որևէ կապ չունեն հայցային վաղեմության ինստիտուտի հետ։ Բանկը նշել է, որ դատարանի կողմից չի որոշվել ապացուցման առարկան, չեն հետազոտվել գործում առկա ապացույցները, կայացվել է ակնհայտ անհիմն, չպատճառաբանված դատական ակտ։ Բարեբախտաբար, վերաքննիչ դատարանը գտնվել է իր բարձրության վրա և բավարարել է բանկի պահանջը և փոխել է Ներսիսյանի կողմից կայացված վճիռը, իսկ վճռաբեկը մերժել է Աղաբեկյանի բողոքները։

Այս և նմանօրինակ մի շարք գործերը վեր են հանում դատական համակարգի արատները։ Մասնավորապես, այս գործով հայցը ներկայացված է եղել դեռևս 2017 թվականի հունվարին, իսկ վճռաբեկի վերջին որոշումը թվագրված է 2020 թվականի հունվարով։ Արդյունքում բանկը իր պարտքերը հետ ստանալու համար հարկադրված է եղել սպասել ավելի քան երեք տարի։

Հարկ է նկատել, որ HSBC բանկը Հայաստանում խոշորագույն օտարերկրյա ներդրողներից է։ Սարգիս Աղաբեկյանը հայտնի է որոշակի մութ պատմություններով: Ըստ մամուլում տեղ գտած լուրերի՝ վերջինիս 2011թ. կալանավորել էին վաշխառուության գործով, իսկ այնուհետ հինգ միլիոն գրավով ազատ արձակել (https://www.armtimes.com/hy/article/26086), վերջինիս անունը կապվում էր նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու շուրջ տարածքները սեփականաշնորհելու հետ (https://hetq.am/hy/article/102135), և շատերը կհիշեն, որ Սյունիքի մարզ ՀՀ վարչապետի այցից հետո սեփականաշնորհման անօրինական լինելու կասկածանքով հարուցվեց քրեական գործ։

Վերջին ժամանակներս շատ է խոսվում այն մասին, որ մինչև նորմալ դատական համակարգ չունենանք, ավելորդ է լինելու մեր տնտեսության մեջ ներդրումների մասին խոսելը։ ԵԿԴ/0142/02/17 դատական գործը լավագույնս ցույց է տալիս այդ պնդման ճշմարտացիությունը։ Եթե առաջին ատյանի դատավորը ակնհայտ անօրինական վճիռ է կայացնում Հայաստանում խոշորագույն ներդրողներից մեկի դեմ, էլ ի՞նչ խոսք կարող է գնալ նոր ներդրումների ներգրավման մասին։