Կառավարությունը ընդլայնում է պաշտոնայների համար նախատեսված հայտարարագրման համակարգը, բացի եկամուտներից նրանք կհայտարարագրվեն նաև իրենց ծախսերը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց օրենսդրական փաթեթի նախագիծը՝ նշելով, որ այս բարեփոխումների արդյունքում ունենալու ենք աշխարհում ամենաառաջադեմ հայտարարագրման համակարգը, որը կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման տեսանկյունից մեծ կարևորություն է ունենալու։

«Հիմնական առաջարկվող կարգավորումներն են՝ հայտարարատուի ֆինանսական շարժի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու նպատակով առաջարկվել է ներդնել նոր ծախսերի հայտարարագրման ինստիտուտ։ Ծախսերի հայտարարագրման տեսակետից նախագծով որդեգրվել է հետևյալ մոտեցումը՝ որոշակի կոնկրետ ծախսերի գծով անձը պարտականություն է կրում այն հայտարարագրելու, եթե այդպիսի ծախսի միանվագ արժեքը գերազանցում է 1 մլն ՀՀ դրամը կամ հաշվետու ժամանակահատվածում նույն ծախսերի հանրագումարը գերազանցում է 2 մլն դրամը։ Այդ ծախսերի թվին են դասվում, օրինակ, հանգստի համար ճանապարհածախս, կեցության ծախս, շարժական կամ անշարժ գույքի վարձակալություն, ուսման և այլ վարձավճարներ, գյուղատնտեսական գործունեության հետ կապված ծախսեր և այլն։ Հայտարարագրման է ենթակա նաև ցանակցած այլ ծախս, եթե դրա միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արժույթը»,- ասաց նախարարը։

Նախագծով առաջարկվում է հայտարարագրման ենթակա գույք սահմանել նաև հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը։ Նախագծով փաստացի տիրապետվող գույք է համարվում հայտարարատուին սեփականության իրավունքով չպատկանող, բայց նրա կողմից վերահսկվող, 90 և ավելի օր փաստացի տիրապետվող կամ օգտագործվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը, թանկարժեք գույքը։ Առաջարկվում է նվազեցնել օրենքով սահմանված թանկարժեք գույքի շեմը՝ 8 մլն դրամի փախարեն սահմանելով 4 մլն դրամ։

Նախագծով առաջարկվում է նաև ընդլայնել հայտարարատուների շրջանակը՝ հայտարարագրման պարտավորություն սահմանելով նաև համայնքների աշխատակազմերի քարտուղարների, 15 հազար և ավելի բանկչություն ունեցող համայնքների ավագանիների համար։ Իսկ համայնքի ղեկավարների համար բնակչության շեմը հանվել է գործող օրենքից։ Նախագծով նաև առաջարկվում է հայտարարատուին հնարավորություն ընձեռել՝ վերացնելու իր կողմից հայտնաբերված անհամապատասխանությունը՝ հանձնված և չհրապարակված հայտարարագրում, այն հանձնելուց հետո քառօրյա ժամկետում։

Ռուստամ Բադասյանը նաև ասաց, որ միջազգային կազմակերպությունների հետ երկարատև քննարկումների արդյունքում առաջարկվում է ընդլայնել բարեվարքության ստուգման գործընթացին առնչվող կարգավորումները։ Սահմանվել է, թե ինչ է ներառում քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ոչ մի տարօրինակ բան չկա նրանում, որ մենք հիմա ուզում ենք հայտարարագրման այնպիսի համակարգ ներդնել, որը ամենաառաջադեմն է, այսինքն՝ այն առումով, որ պետական պաշտոնյաների համար թափանցիկության ամենաբարձր նշաձողն է սահմանում։ Ինչո՞ւ չկա տարօրինակ բան, որովհետև կառավարության ծրագրային կարևոր դրույթներից մեկը կոռուպցիայից զերծ երկիր ունենալն է։ Եվ վերջերս ընդունված Ազգային  անվտանգության ռազմավարության մեջ կոռուպցիոն դիտվում է որպես ազգային անվտանգության ամենամեծ մարտահրավերներից մեկը»։

Փաշինյանի խոսքով՝ մինչև այժմ պաշտոնյաները հայտարարագրում էին իրենց եկամուտները, ինչը բավարար չէր։ Այս նախագծով նորամուծությունն այն է, որ պետական պաշտոնյաները պետք է հայտարարագրեն նաև իրենց ծախսերը։