ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում ռազմական գործողությունները դադարեցնելու եւ դեպի խաղաղություն շարժվելու կոչ է հրապարակել՝ ուղղված ադրբեջանցի կանանց:

Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Երեկվանից լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի միջեւ սկսվել են մարտեր:

Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական տեղեկատվության, մի քանի ժամվա ընթացքում տվել է 4 զոհ:

Որպես «Կանայք հանուն խաղաղության» արշավի հեղինակ՝ հորդորում եմ ադրբեջանցի կանանց եւ մայրերին կոչ անել իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները, վտանգի չենթարկել ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների զավակների կյանքը:

Կանայք, մայրերը եւ քույերերը պետք է հարցնեն իրենց ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ ինչ ձեռք բերեցին իրենց սիրելիների կորստի, իրենց անձնական ողբերգության գնով, եւ ինչն է խանգարում խնդիրները քննարկել խաղաղության պայմաններում, հակառակ կողմի ղեկավարության հետ բանակցությունների ճանապարհով:

Հատկապես աշխարհը ծնկի բերած այս համավարակի օրերին պետությունների ղեկավարները պետք է իրենց ջանքերն ուղղեն սեփական ժողովուրդների առողջության պահպանմանը եւ մեկ ընդհանուր թշնամու՝ համավարակի դեմ պատերազմին՝ մարդկությանն իր բնականոն կյանքին վերադարձնելու նպատակով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Համաշխարհային զինադադար հայտարարելու կոչին հետեւելը լավագույնն է, որ կարող են անել երկրների ղեկավարներն իրենց երկրների եւ ժողովուրդների համար:

Պատերազմից պետք է միշտ խուսափել: Միշտ կա այլընտրանք: