Նախօրեին երեկոյան տարածվել է կորոնավիրուսից բուժվող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որը դժվար է գնահատել այլ կերպ, քան հայտարարություն այն մասին, որ Հայաստանի խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժը պատրաստ է ծառայել ավելի շատ երրորդ երկրի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի, քան Հայաստանի շահին ու անվտանգությանը:

ԲՀԿ նախագահ Ծառուկյանը հայտարարել է, որ Հայաստանում սրվում են հակառուսական տրամադրություններ, պահանջում են հանել Գյումրիի ռուսական ռազմակայանը, ու քանի որ դա մեր թշնամիների երազանքն է, ինքը, որպես երկրորդ ուժի ղեկավար, ամեն ինչ անելու է հակառուսական տրամադրությունները կանխելու համար: Ծառուկյանը կոչ է անում նաև ամեն կերպ խորացնել ինտեգրացիան Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ տարբեր ձևաչափերով:

Այն, որ ԲՀԿ նախագահը գտնվելով բուժման փուլում անում է այդպիսի հայտարարություն, հիմք է տալիս ենթադրելու, որ նա ուրեմն տեսել է խնդրի գերհրատապությունը: Իսկ ինչո՞վ է արտահայտվում այդ հրատապությունը: Հնչել է ռուսական ռազմակայանը դուրս բերելու պահա՞նջ: Գուցե այսօր համացանցում հնչում են օրական հազարավոր տարատեսակ պահանջներ՝ մեծից մինչև փոքր, բայց դա ամենևին չի նշանակում, որ այդ հնչող հայտարարությունները հանրային օրակարգ են, քաղաքական օրակարգ են:

Հայաստանում չկա ռուսական ռազմակայանի դուրսբերման քաղաքական օրակարգ. դա ակնառու է, դա առավել քան հստակ է: Գուցե կան մարդիկ, որոնք ունեն այդպիսի օրակարգ տեսնելու ցանկություն, որպեսզի այդ հանգամանքը շրջեն Հայաստանի դեմ: Գագիկ Ծառուկյանը կա՛մ այդ հնարքի զոհն է, կա՛մ Հայաստանի դեմ այդ հնարքի մասնակից: Երկու դեպքում էլ գործ ունենք բավականին վտանգավոր իրավիճակի հետ, որովհետև խոսքը Հայաստանում խոշոր գործարարի և քաղաքական միավորի ղեկավարի մասին է: Որովհետև Հայաստանում չկա հակառուսական տրամադրություն, չի եղել և, ինչպես այդ թեմայով բազմաթիվ անգամներ արտահայտվել ենք, չի կարող լինել: Եվ բանն ամենևին ժողովրդական կապերն ու խորհրդային համատեղ անցյալը չէ: Չի կարող լինել, որովհետև Հայաստանի հանրությունը ցույց է տվել, որ միանգամայն ռացիոնալ է գնահատում ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական իրողությունները, ըստ այդմ՝ տեսնում, թե դրանցում որքան ներուժ ունի հայ-ռուսական գործակցությունն ու անգամ դաշնակցությունը:

Ամբողջ հարցն այն է, որ տեսնելով այդ ամենը, գնահատելով ներուժը՝ հայ ժողովուրդը տեսնում է նաև իր անվտանգության բարձրացման այլ հնարավորություններ, այլ աղբյուրներ, այլ գործընկերներ և հնարավոր դաշնակիցներ ու ընդամենը դնում է իր համար մի հարցադրում՝ ունենալ բոլորի հետ ըստ իր անհրաժեշտության հարաբերվելու ինքնիշխան ազատություն: Միևնույն ժամանակ, հայ ժողովուրդը, լավ տիրապետելով իր պատմությանը՝ մինչև մեր օրեր, և գնահատելով դրա ընթացքում Ռուսաստանի՝ Թուրքիայի հետ սիրախաղային տխուր ավանդույթները, ընդամենը դնում է Մոսկվայի առաջ դրանց վերաբերյալ հարցեր՝ պատմության ողբերգական էջերը ևս մեկ անգամ չկրկնելու համար, որոնց ողբերգականության հարցում իր ցավալի և հանցավոր դերն է ունեցել Ռուսաստանը՝ թե՛ ցարական, թե՛ Խորհրդային: Այդ ամենը հակառուսականություն որակելը ընդամենը Հայաստանի անվտանգության կարևորագույն խնդիրները նենգափոխել է, այլ կերպ ասած՝ Հայաստանի անվտանգության դեմ գործել:

Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերը պետք է իրենց համար, հանրության առաջ շատ հստակ սահմանեն, թե իրենք Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության որ կողմում են: