Mamedyarov

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով երկրի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ազատվել է պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով, ԱԳ նոր նախարար է նշանակվել 2018-ից Ադրբեջանի կրթության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ջեյհուն Բայրամովը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայկական ուժերից ստացած հարվածից հետո քավության նոխազ է ընտրել այդ երկրի արտաքին գործերի նախարար Մամեդյարովին, նշելով, որ փնտրում էր նրան, սակայն չէր գտնում:

Ալիևը քննադատել է Մամեդյարովին անարդյունավետ և պարտւվողական դիվանագիտություն վարելու համար: Մեղմ ասած տարօրինակ է, երբ ռազմական ուղղությամբ կրած պարտության համար Ալիևը քավության նոխազ է դարձնում Մամեդյարովին՝ արտաքին գործերի նախարարին:

Մյուս կողմից, Մամեդյարովի շուրջ ներադրբեջանական խմորումները ունեն շատ երկար պատմություն և այդ համատեքստում թերևս խոսքը ոչ թե քավության նոխազի փնտրտուքի, այլ գործնականում առավել խորքային քաղաքական գործընթացի մասին է, որը նոր ուժով է գեներացվում ադրբեջանական սադրանքին տված հայկական հակահարվածից հետո:

Հատկանշական է, որ չնայած Ալիևի կոշտ ելույթին, որի թիրախում էր Մամեդյարովը, այդ երկրից ուշանում է արտգործնախարարի պաշտոնանկության կամ հրաժարականի մասին պաշտոնական տեղեկատվությունը, թեև թվում է, որ նախագահի այդպիսի կոշտ ելույթից հետո այդ տեղեկատվությունը պետք է լիներ րոպեներ անց: Դա վկայում է, որ Ադրբեջանի նախագահը չի տիրապետում իրավիճակին, և, եթե անգամ առաջիկա ժամերին լինի պաշտոնական տեղեկությունը, պատկերը և իրողությունը դրանից չի փոխվի որևէ կերպ:
Դրա ևս մի վկայություն է այն, որ մինչ պաշտոնական հրաժարականը կամ պաշտոնանկությունը, ադրբեջանական մամուլում է հայտնվել Մամեդյարովի հեգնական մեկնաբանությունը, ի պատասխան Ալիևի հայտարարության մասին լրագրողների հարցին. «Վերջ տվեք, հանուն Ալլահի։ Ուրիշ հարցեր չունե՞ք։ Սա ի՞նչ հարց է։ Ինչպե՞ս կարելի է նման պահի ինչ-որ բան հարցնել։ Զանգեք Լեյլա Աբդուլաևային, թող նա պատասխանի այդ հարցին»:
Ակնառու է, որ Մամեդյարովը պարզապես հեգնում է Ալիևին, և արդեն կապ չունի՝ հրաժարականից կամ պաշտոնանկությունից առաջ, թե՞ ոչ: Բանն այն է, որ Ալիևի ելույթից ժամեր անց առաջինը ոչ թե այդ պաշտոնանկությունն է, այլ հեգնանքը: Հարկ է իհարկե հասկանալ, Մամեդյարովի «համառությունը» ադրբեջանական վերնախավի ներիշխանական դիմակայության դրսևորում է, նրան պահում է ներիշխանական որևէ թև, թե՞ դիմակայությունը ավելի լայն բնույթ ունի և ներառում է արտաքին շրջանակ:

Մասնավորապես, Ալիևի հայտարարության մեջ բավականին թափանցիկ էր ակնարկը Ռուսաստանի հետ Մամեդյարովի գործարքի մասին: Այդ ակնարկն անշուշտ զարմանալի չէ, քանի որ ակնառու էր, որ այս անգամ Ռուսաստանը գործարքի չի գնացել Ալիևի հետ, ինչն էլ բավարար էր հայկական բանակի ջախջախիչ հաջողության համար, քանի որ սկսած դեռևս արցախյան առաջին պատերազմից, Ադրբեջանը որևէ մեծ թե փոքր հաջողություն չի ունեցել առանց խորհրդային, հետո ռուսական ռազմական կամ քաղաքական աջակցության: Բավական է, որպեսզի չլինի այդ աջակցությունը, և Ադրբեջանի պարտությունը գրեթե երաշխավորված է: