Հայաստանը դժվարին ժամանակներ է ապրում, և ակնհայտ է, որ այդ դժվարությունները հնարավոր կլինի հաղթահարել միայն պետական կառույցների ու հասարակության համատեղ ջանքերով։

Բարդությունն այն է, որ մեզանում պետություն-հասարակություն փոխհարաբերությունները որոշակիորեն խեղաթյուրված են, ու դա հարյուրամյակների պատմություն ունի։ Շատ եք լսել, չէ՞, այսպիսի արտահայտություններ՝ «իշխանությունները պիտի ժողովրդին լավ նայեն», «տո Հայաստանը էղած-չեղած՝ Մասկվայի մի ռայոնի չափ ա, դրա էղածն ի՞նչ ա, որ չեն կարում պահեն», և այլն։ Այսինքն՝ հանրության մի զգալի հատվածի պատկերացմամբ, իրենք արդեն իսկ մեծ լավություն են անում Հայաստանին, որ ապրում են այստեղ, ու պետությունը պարտավոր է իրենց ապահովել ամեն ինչով։

Պետությունն իսկապես էլ մեծ պարտավորություններ ունի իր քաղաքացիների նկատմամբ, ու այնպես չէ, որ փայլուն է կատարում այդ պարտավորությունները։ Բայց ուշադրություն դարձրեք՝ շատերը մոռանում են, որ այդ պարտավորությունները փոխադարձ են, այսինքն՝ իրենք էլ պետությա՛ն նկատմամբ պարտավորություններ ունեն, ու եթե դրանք չեն կատարում՝ ոչ մի խնդիր նորմալ չի լուծվում։ Վերցնենք թեկուզ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարը։ Դատելով առայժմ արձանագրված արդյունքներից՝ պետությունը պարծենալու բան չունի, բայց դրա պատճառներից մեկն էլ այն է, որ շատերի կարծիքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարը բացառապես իշխանությունների գործն է (ի՞նչ եք կպել՝ դիմակ դրեք, հա դիմակ դրեք, էդ էլ ա՞ մեր գործը, մենք ձեզ ընտրել ենք, գնացեք ոնց ուզում եք՝ դեմն առեք)։ Ու քանի որ պետության նկատմամբ այդպիսի վերաբերմունք ունեցողներն իսկապես շատ են՝ ունենք այն, ինչ ունենք։ Ճիշտ նույն վիճակն է նաև, օրինակ, կիբերանվտանգության ոլորտում։ Վերջին օրերին ադրբեջանական հաքերները մեզ վերաբերող ահռելի քանակությամբ փաստաթղթեր են հրապարակում համացանցում, ու դա մեզ համար ոչ միայն խայտառակություն է, այլև լուրջ սպառնալիք։

Մեր անվտանգության ծառայությունների թերացումն, իհարկե, ակնհայտ է, բայց մասնագետները պնդում են նաև, որ ուրիշ պատճառ էլ կա՝ մեր շատ ու շատ քաղաքացիներ պարզապես մատների արանքով են նայում այդ հարցին ու էլեկտրոնային կապի բաց ուղիներով իրար ինչ տեղեկություն ասես հաղորդում են, ու ծավալներն այնքան մեծ են, որ վերահսկելը պարզապես անհնար է։ Երևի այդ մարդկանց մտքով էլ չի անցնում, որ պետության տեղեկատվական անվտանգությունը նաև իրենց գործն է։ Իրենք մտածում են «ձեր ի՞նչ գործ մենք իրար ինչ ինֆորմացիա կուղարկենք, դուք մեր հարկերից աշխատավարձ եք ստանում՝ գնացեք ոնց ուզում եք պետության տեղեկատվական անվտանգությունն ապահովեք»։

Մի խոսքով՝ պետության սեփականատիրոջ ու ըստ այդմ՝ պետության առջև որոշակի պարտավորություններ ունենալու գիտակցումը դժվարությամբ է արմատավորվում մեր ընկալումներում։ «Պետությունը պիտի մեզ ապահովի ամեն ինչով, և վերջ, թե չէ կթողնենք-կգնանք էս երկրից»։ Շատ եք լսել, չէ՞, «ծիրան եմ աճեցրել, չեմ կարում ծախեմ, մի բան արեք, թե չէ կգնամ էս երկրից», «մեր անտառն ա, թողեք կտրենք, տուն պահենք, թե չէ կգնանք էս երկրից», «բայց ես խի՞ պիտի իմ աշխատողներին աշխատավարձ տամ, պետությունն ա սահմանափակումներ մտցրել՝ թող պետությունն էլ աշխատավարձ տա», և այլն։

Հ․Գ․ Հանկարծ այնպիսի տպավորություն չստեղծվի, թե առկա բազմաթիվ խնդիրների հիմնական մեղավորը հասարակությունն է։ Ցանկացած երկրում միշտ և ամեն ինչի թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն են։ Խնդիրն ընդամենը այն է, որ եթե պետություն-հասարակություն պարտավորությունները փոխադարձ չեն, եթե հասարակության առնվազն մի մեծ հատված պետությունն իրենը չի համարում ու գտնում է, որ պետության համար որևէ պատասխանատվություն չի կրում, ինչ իշխանություն էլ լինի՝ անգամ ամենահասարակ հարցերը լուծելու է ահռելի դժվարություններով։