Putin

Ռուսաստանում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխության հանրաքվեն, որը, ըստ պաշտոնական տվյալի, ստացել է ավելի քան 77 տոկոսի հավանությունը:

Այդ հանրաքվեն առավել մեծ ուշադրության էր արժանացել մի հանգամանքի պատճառով՝ դրանով զրոյացվում է Պուտինի նախագահական ժամկետը, ինչը նշանակում է, որ նա ստանում է 2024 թվականին ևս երկու անգամ առաջադրվելու հնարավորություն: Իսկ դա նշանակում է, որ նա կմնա ՌԴ նախագահ առնվազն մինչև 2036 թվական: Այդ ժամանակ Պուտինը կլինի 84 տարեկան: Շատ չէ, որովհետև ԱՄՆ-ում, օրինակ, նախագահի պաշտոնի համար պայքարելու են 90-ին մոտեցող գործիչներ: Իհարկե, դա զուտ տարիքային համեմատություն է, որովհետև ԱՄՆ-ում այդ գործիչների թե՛ մրցակցության, թե՛ նախագահության կանոններն ու ժամկետները խստիվ կարգավորվում են օրենքով:

Այսինքն՝ բանն իհարկե Պուտինի տարիքը չէ, այլ կարիքը՝ մնալ նախագահ առնվազն ևս 12 տարով՝ 2024-ից հետո: Դա լավագույնս խոսում է այն մասին, թե ինչպիսի Ռուսաստանի հետ գործ ունեն աշխարհը և, իհարկե, նաև Հայաստանը: Ընդ որում, խոսքն այս դեպքում ամենևին այն մասին չէ, որ գործ ունենք ոչ դեմոկրատական Ռուսաստանի հետ: Իհարկե, արժեհամակարգային, քաղաքակրթական հանգամանքները հույժ կարևոր են, սակայն տվյալ պարագայում Ռուսաստանը միակ ոչ դեմոկրատական համակարգը չէ, որի հետ հարաբերվում է Հայաստանը, և որի հետ հարաբերությունը Հայաստանի համար ունի կարևոր ռազմավարական նշանակություն: Կան այդպիսի բազմաթիվ երկրներ: Ի վերջո, այդ երկրների ներքին համակարգերը և կառուցակարգերը նրանց վերնախավերի և հանրությունների հարաբերության հարցն են, իսկ Հայաստանի համար կարևոր է ընդամենը լինել այնպիսի ներուժի տեր, որը թույլ կտա այդ երկրների հետ հարաբերվել սեփական օրակարգով և սեփական շահերի առաջադրումով:

Ռուսաստանի պարագայում խնդիրը «գործ ունենալու» տեսանկյունից այն է, որ մենք լավ հասկանանք ու պատկերացնենք այդ երկրում ընթացող զարգացումները, ըստ այդմ՝ հասկանանք, թե ինչ իրավիճակի հետ գործ ունենք, կարողանանք հնարավորինս օպտիմալ կանխատեսել զարգացումները և մեր անելիքը:

Այն, որ Պուտինը հարկադրված է առնվազն ապահովել ևս տասներկու տարի մնալու հնարավորություն, խոսում է Ռուսաստանում առկա իշխանական-պետական ճգնաժամի մասին: Այսինքն՝ այդ երկրում հնարավոր չէ ձևավորել նոր իշխանություն և գտնել դրա ձևավորման համար անհրաժեշտ նոր գաղափարաբանական հենք: Իսկ դրա պատճառն այն է, որ Ռուսաստանը խոշոր հաշվով քանդված պետություն է և պահվում է միայն Պուտինի վրա: Ինչի վրա է պահվում Պուտինը՝ դա էլ մյուս հարցն է:

Այդ իմաստով Ռուսաստանը ձևով առկա է, բովանդակությամբ՝ փլուզված վաղուց: Դա է նաև պատճառը, որ այդ հսկա տարածությունից որևէ ձայն դուրս չեկավ, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ 25 միլիոն մահմեդականով կքանդի Ռուսաստանը ներսից: Ռուսաստանը ներսից արդեն իսկ քանդված է, և այդ հանգամանքը ամենևին չարախնդալու կամ հեգնելու առիթ չէ: Ավելին, այդ հանգամանքը լրջորեն խորհելու առիթ է, որովհետև Ռուսաստանի այդ վիճակը Հայաստանի համար բոլորովին ցանկալի կամ սպասելի չէ: Սակայն այդ վիճակն առկա է, և Հայաստանը պետք է անի դրանից բխող իր հետևությունը, հատկապես ռեգիոնալ անվտանգության համակարգի առումով, որտեղ Ռուսաստանն ունի շոշափելի դերակատարում, և որտեղ Ռուսաստանը դիտարկվում է հայկական անվտանգության համակարգի հիմնական գործընկերներից մեկը:

Բանն այն է, որ Ռուսաստանի ռեգիոնալ այդ դերակատարումը խոշոր հաշվով գտնվում է օդից կախված մնալու ռիսկում՝ հաշվի առնելով այն ներքին ավերվածությունը, որ պահվում է լոկ Պուտինի միջոցով: Որովհետև ցանկացած պահի կարող է տեղի ունենալ ներքին փլուզման ակտ, ինչի հետևանքով ռեգիոնալ ռուսական ներկայությունը կարող է հայտնվել այն վիճակում, որում էր ԽՍՀՄ փլուզման պայմաններում: Եվ Հայաստանը պետք է պատրաստ լինի այդ անկանխատեսելիությանը:

ԽՍՀՄ փլուզման պարագայում ռեգիոնալ այդ իրադրության պայմաններում Հայաստանն ունեցավ կորուստներ ու ձեռքբերումներ: Պետք է պատրաստ լինել՝ այս անգամ միայն ձեռքբերումներ ունենալու համար: