«Մայր Ռուսաստանը եւս ձեռքերը ծալած նստած չէ. Ռուսիո էմիսարները նույնպես լուրջ մոդելավորումներ են իրականացնում», գրել է հայկական թերթերից մեկը, անդրադառնալով Հայաստանի ընդդիմադիր ուժերի համախմբման խնդիրներին:

Հայաստանի ներքաղաքական զարգացումներում Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ խոսակցությունները չեն դադարում, եւ դրա համար հիմք են տալիս ոչ միայն իրենք՝ ընդդիմադիրները, որոնք մատնագրեր ու խնդրագրեր են հղում Ռուսիա, այլեւ Ռուսաստանի պաշտոնական տարբեր շրջանակներ: Հայաստանում ընդդիմադիրները լիովին ընդօրինակում են ռուսական օրակարգը ինչպես միջազգային, այնպես էլ Արցախի ու ներքաղաքական հարցերում, իր հերթին, ՌԴ դեսպան Կոպիրկինը ոչ միայն ակտիվ շփումների մեջ է նրանց հետ, այլեւ, ըստ տարածվող խոսակցությունների, «համակարգում է» որոշ գործողություններ:

 

Ըստ էության, այստեղ կա տրամաբանություն, մասնավորապես հետխորհրդային տարածքի «գեոպոլիտիկ ռեւիզիոնիզմի» Կրեմլի հռչակած կուրսի շրջանակում: Դեսպանն անկասկած պետք է իրացնի այդ կուրսը, եւ այդ առումով նրա գործը ավելի հեշտ է, քան այլ հետխորհրդային երկրներում նրա գործընկերներինը: Բանն այն է, որ եթե այդ երկրներում այսպես ասած ուղիղ ջանքեր ու քայլեր են պահանջվում, Հայաստանի պարագայում դա արվում է ՌԴ-ում հայկական ազգանուններով մարդկանց ու Հայաստանում բազմաքանակ կրեատուրայի ու կուսակցությունների միջոցով:

Բայց հենց այստեղ էլ առաջանում են նոր տիպի խնդիրներ: Որքան էլ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են եւ մասնակցում են բազմաթիվ բլոկների, այդ շրջանակները կամա թե ակամա հայտնվում են կոլաբորանտի դիրքերում: Բանն այն է, որ այս շրջանակները Հայաստանի ինքնիշխանությանն ուղղված տարբեր ոլորտներում արված քայլերն ու որոշումները հայտարարում են հակառուսական, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը: Ստացվում է, որ Հայաստանի ինքնիշխանությունը հակասում է Ռուսաստանի շահերին, ինչն իհարկե ճշմարտություն է, քանի դեռ Հայաստանն ու Ռուսաստանը չեն վերանայել գործակցության ու դաշնակցության սկզբունքներն ու բնույթը:

Բայց պետք է ելնել այն կանխավարկածից, որ հայ ընդդիմադիրներն անկասկած հայրենասեր մարդիկ են եւ հիշում են 1920-1923 թթ. իրադարձությունները, երբ արդեն խորհրդայնացված Հայաստանի տարածքի կեսից ավելին Ռուսաստանը նվիրեց թուրքերին, իսկ ռուսական եւ թուրքական բանակները հայ բոլշեւիկների (այն ժամանակ իշխանության եկած ընդդիմադիրների) աչքերի առջեւ «գեոպոլիտիկ ռեւիզիոնիզմի» շրջանակներում կոտորեցին 300 հազար հայերի, մի քանի հարյուր հազարն էլ քշվեց Ռուսաստանի խորքերը: Իսկ հայ բոլշեւիկները, որոնք նպաստել էին այս ծրագրի իրագործմանը, կարծում էին, թե խնդիրը «դաշնակ-իմպերիալիստների» անկախ Հայաստանն էր:

Բայց գանք մեր ժամանակները: ՌԴ դեսպան Կոպիրկինը Հայաստանում իր պաշտոնավարման սկզբում հայտարարեց Ռուսաստանի փափուկ ուժի քաղաքականության մասին: Փափուկ ուժը սակայն ենթադրում է որոշակի պրեֆերենցիաներ, ինչպես նաեւ քաղաքակրթական որոշակի գրավչություն: Բայց ինչ էլ անում է Մոսկվան, կոպիտ է ստացվում, գազից, հանրային մուլտիպլեքսում ռուսական ալիքների ներկայությունից ու վարորդական իրավունքներից մինչեւ տեղական կրեատուրայի գործադրում: Բայց եթե դրանք կարելի է ինչ որ կերպ կարգավորել կամ հարմարվել, քաղաքական խնդիրներում ամեն ինչ ավելի դժվար է, շատ դեպքերում՝ անհաղթահարելի, ընդ որում՝ օբյեկտիվ ամուր բեքգրաունդով, ինչպես կասեր ռուսական կայսրության գաղափարախոս Սերգեյ Կուրղինյանը:

Այս տեսանկյունից, դեսպան Կոպիրկինը հայտնվել է բավական բարդ իրավիճակում, քանի որ առաջանում է խնդիրների բարդ ու հետեւանքների տեսակետից անորոշ հանգույց: Տեղական կրեատուրայի նույնիսկ «արեւմտամետ» շերտի ներգրավումն այս խնդիրներին ավելի բարդացրեց իրավիճակը: 2015-ի դառը փորձը կա, երբ առերեւույթ հաջողությունը Հայաստանի «ինտեգրման» հարցում լուրջ հարված դարձավ Ռուսաստանին:

Խնդիրը չափազանց պարզ է՝ կամ Հայաստանն ու Ռուսաստանը դառնում են իրապես դաշնակիցներ, կամ տեղի են ունենում անդառնալի գործընթացներ, որոնցում Մոսկվան կարող էր համոզվել վերջին 5 տարիներին, իր վարած քաղաքականության արդյունքում: Դեսպան Կոպիրկինը, որն անկասկած շահեկանորեն տարբերվում է իր նախորդից, կարող է անգնահատելի դեր խաղալ հայ-ռուսական հարաբերությունների վերափոխման հարցում: Ոչ վաղ անցյալի սխալների կրկնությունը կփլուզի Ռուսաստանը: