Ռոբերտ Քոչարյանը ծավալուն հարցազրույց է տվել երեք հեռուստաընկերությունների, որոնց հետ այսպես ասած ֆորմալ կամ ոչ ֆորմալ գործակցում է անցնող երկու հետհեղափոխական տարիների ընթացքում:

Մի քանի շաբաթ առաջ դուրս գալով իր գրասենյակից և պատասխանելով սպասող լրագրողի հարցին, թե ինչպես կգնահատի իրավիճակը երկրում, Ռոբերտ Քոչարյանը արձագանքել էր, թե չի ցանկանում ոտքի վրա խոսել լուրջ հարցերի մասին և պատրաստվում է առաջիկայում ներկայացնել համապարփակ, խորը գնահատական: Եթե երեք հեռուստաընկերություններին հարցազրույցը այդ գնահատականն էր, ապա խոշոր հաշվով զուտ բովանդակության, ասելիքի իմաստով որևէ էական տարբերություն չկար գրասենյակի մուտքի դիմաց մի քանի բառի և երեք լրագրողների դիմաց մոտ 1 և կես ժամ զրույցի միջև, որովհետև Ռոբերտ Քոչարյանը գործնականում չներկայացրեց ոչ միայն որևէ նոր միտք, գաղափար, այլ կրկնեց հետհեղափոխական ամբողջ ժամանակաշրջանում քարոզչական տարբեր ձևաչափերով և աղբյուրներով, տարբեր դեմքերով շրջանառվող նույն «թեզերը»: Ընդ որում, պետք է նկատել, որ կան դեմքեր, որոնք դա անում են շատ ավելի տպավորիչ ու հետաքրքիր, շատ ավելի ստեղծագործաբար:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը վստահաբար կլիներ ոչ մի բանի մասին, եթե չլիներ մի հետաքրքիր նրբերանգ: Նա գործնականում բաց տեքստով հայտարարեց, որ պատկերացնում է իշխանափոխություն փողոցի միջոցով, երբ մարդիկ կլինեն դժգոհ և դարձյալ դուրս կգան փողոց փակելով իրավիճակ փոխելու: Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ կան բոլոր նախադրյալները և պակասում է միայն կազմակերպչական աշխատանքը: Նա հայտարարում էր, որ այդ բոլոր սցենարները «ընդդիմության» սեղանի վրա են: Մեծ հաշվով, այդ հայտարարությամբ երկրորդ նախագահ Քոչարյանը այդ սցենարները ըստ էության կամ դե ֆակտո դնում էր իշխանության սեղանի վրա, բացելով այդ սցենարները իշխանության համար: Իհարկե, պետք է նկատել, որ այդ ամենը առանց դրա էլ առանձնապես գաղտնիք կամ դժվար պատկերացնելի և գլխի ընկնելի մի բան էր: Եվ իշխանության համար էլ թերևս ամեն ինչ մինչ այդ էլ հասանելի կարող էր լինել տարբեր տեղեկատվությունների միջոցով, ոչ ֆորմալ աղբյուրներից:

Տարբեր խմբերի վարքագիծը հստակ նախանշում էր, թե ինչի վրա է արվում խաղադրույքը: Բայց, այլ է իրավիճակը, երբ հրապարակավ, այն էլ այդ գործընթացը առաջնորդելու հավակնություն ունեցող նախկին նախագահի շուրթերից բարձրաձայնվում է այդ մասին: Դա ինչ որ իմաստով վա-բանկ խաղ է, և հարց է առաջանում, թե ինչու՞ է երկրորդ նախագահը խաղում այդպես: Նա վստա՞հ է այդ խաղի անկասելիության վրա, թե՞ հակառակը՝ ակնկալում է, որ իշխանությունը կկասեցնի այն խաղը դեռ չսկսած, քանի որ սկսելուց հետո կասեցումը կարող է լինել շատ ավելի ցավագին: Բանն այն է, որ երկրորդ նախագահը խոշոր հաշվով հայտնվում է իր համակիրների առաջ մի այնպիսի վիճակում, ինչպիսի վիճակում օրինակ իր հասարակության առաջ հայտնվել է Ադրբեջանի նախագահը: Նա անհասանելի և անիրականանալի հավակնություն է ներկայացրել Հայաստանի ու Արցախի հանդեպ և հայտնվել փակուղում, ծանր վիճակում: Ռոբերտ Քոչարյանը գործնականում բավականին անհասանելի և առնվազն դժվարամատչելի հավակնություն է ներկայացնում, իհարկե ներքաղաքական կյանքում, իշխանության համար պայքարում, իր համախոհների առաջ: Նա իհարկե լավ է պատկերացնում, որ գալու է համախոհներին արդյունքի համար պատասխան տալու ժամանակը: