Հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանում պետք է կայանար Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումի քննությունը, սակայն, մեծ հավանականությամբ, դա տեղի չի ունենա քվորումի բացակայության պատճառով:

ՍԴ շուրջ ստեղծված է մի իրավիճակ, երբ ԱԺ-ում կատարված հայտնի փոփոխությունների բերումով երեք դատավորի պաշտոն թափուր է, իսկ ևս երկուսը՝ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանն արձակուրդում են:

Քվորումի համար պետք է հինգ դատավոր: Այդ համատեքստում ուշագրավ էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դիմումը ՍԴ-ին, որով նա խնդրում էր գործը ուղարկել ԱԺ, որպեսզի խորհրդարանը հանգամանալից ծանոթանա դրան:

Այդ մասին դատարանին հայտնել էր ՍԴ-ում խորհրդարանի ներկայացուցիչը: Ինչո՞վ էր պայմանավորված այդ քայլը:

Չկա՞ր վստահություն, որ քվորումի բացակայություն չի լինի, և, ըստ այդմ, կար մտավախություն, որ դատարանը կարող է հինգ դատավորով հավաքվել, քննարկել Ռոբերտ Քոչարյանի գործն ու կայացնել քաղաքական մեծամասնության համար անցանկալի որոշում: Ինչո՞ւ էր խորհրդարանը ՍԴ-ից ակնկալել Ռոբերտ Քոչարյանի գործը:

ՍԴ շուրջ ստեղծվել է իրապես տարօրինակ վիճակ, այդ թվում՝ այն բանից հետո, երբ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց օրենսդրական փաթեթները, որոնք պետք է որ ամբողջացնեին հանգուցալուծումը և ուժի մեջ մտցնեին դատարանի շուրջ սահմանադրական և օրենսդրական լուծումները: Թե ինչու նախագահ Սարգսյանը որոշեց չստորագրել և այդպիսով երեք շաբաթ ձգել անորոշ իրավիճակը, չի եղել պաշտոնական բացատրություն, և հարցը կարող է լինել ենթադրությունների դաշտում:

Փաստ է այն, որ ՍԴ շուրջ քաղաքական հանգուցալուծման պայմաններում իրավականորեն օդից կախված վիճակ է, ինչն, ըստ էության, ցույց է տալիս մի բան՝ քաղաքական ուժի պայմաններում քաղաքական մեծամասնության իրավագիտական ուժի բացակայությունը: Բանն այն է, որ քաղաքական ուժը պահանջում է, իհարկե, հանրային վստահություն, մանդատ, որն ապահովվում է այդ ուժի առաջնորդի՝ վարչապետ Փաշինյանի միջոցով:

Իրավագիտական ուժի համար պահանջվում է մասնագիտական խորագիտություն: Մինչդեռ այն իրավիճակը, որ ստեղծվել է ՍԴ շուրջ, քաղաքականորեն լուծման, իրավականորեն դեռևս օդից կախված լինելու առումով, հուշում է այդ խորագիտության բացակայության մասին: Իսկ դա այն պարագայում, երբ ապագայում Հայաստանին սպասելու են իրավագիտական տեսանկյունից բազմաթիվ ներքին ու արտաքին մարտահրավերներ, որոնք պահանջելու են մասնագիտական մեծ հմտություն, որովհետև միշտ չէ, անվերջ չէ, որ հնարավոր է հարցերը լուծել զուտ քաղաքական ուժի զորությամբ: Մարտահրավերներ, որոնք իրենց ծավալով ու բնույթով բացարձակապես համեմատելի չեն լինելու այն աղմկոտ հարցերի հետ, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի գործի, որոնց համատեքստում ծավալվեցին զարգացումները ՍԴ շուրջ: