Serj Robert

Գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարան է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հայտնի վճռի դեմ բողոքը: Եթե բողոքը բավարարվի, ապա Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կհայտնվի անազատության մեջ:

Եթե ոչ, ապա, ըստ էության, ստեղծվում է մի իրավիճակ, երբ կալանքի հարցը վերստին կարող է առաջանալ՝ ըստ տրամաբանության, նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում, որոնք հիմք կտան ասելու, որ Ռոբերտ Քոչարյանը խոչընդոտում է դատաքննությանը: Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանի պահվածքը բավականին հետաքրքիր է: Նա, այսպես ասած, քաղաքականապես զգալիորեն պասիվացել է:

Ընդ որում, դա տեղի է ունեցել ոչ թե կալանքի փոփոխման մասին վճռից հետո, այլ դրանից զգալիորեն առաջ:

Հնարավոր է, որ երկրորդ նախագահի համար դա հենց պաշտպանական մարտավարության մաս է՝ քաղաքական ավելորդ աշխուժությամբ ավելորդ խաղաքարտ չտալ մեղադրող կողմին կալանքի անհրաժեշտությունը հիմնավորելու համար: Իսկ ի՞նչ կլինի այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողնի Վերաքննիչի վճիռը և Ռոբերտ Քոչարյանին թողնի ազատության մեջ: Կփոխվի՞ արդյոք դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վարքագիծը, կանցնի՞ նա աշխույժ քաղաքական գործունեության, թե՞ կշարունակի այն քաղաքական պասիվությունը, որ դրսևորում է արդեն տևական ժամանակ:

Այլ կերպ ասած, Ռոբերտ Քոչարյանի այդ վարքագիծը պայմանավորված է զուտ խափանման միջոցի շուրջ առկա գործընթացի մարտավարական անհրաժեշտությա՞մբ, թե՞ այստեղ կան վարքագիծ պայմանավորող առավել խոր գործոններ, որոնք էլ, ի դեպ, կարող են նաև պայմանավորած լինել խափանման միջոցի փոփոխությունը, որքան էլ այդ իրողությունը դիտարկենք իրավական դաշտի խնդիր: Ինչ խոսք, անմիջապես Ռոբերտ Քոչարյանի վարքագիծը ինքնին դեռևս չի նշանակում նրա քաղաքական հետաքրքրությունների կամ հավակնության նվազում, քանի որ թիմերը կամ խմբերը, որոնք հավաքագրվել էին նրա նպատակների ծիրում, շարունակում են իրենց գործունեությունը: Մյուս կողմից, սակայն, իհարկե նրա անձնական վարքագիծը, այդուհանդերձ, ունի որոշակի նշանակություն, առնվազն ազդակի իմաստով: Առավել ևս այն համատեքստում, որ այժմ նկատվում է Սերժ Սարգսյանի քաղաքական աշխուժացում: Իսկ այդ հանգամանքը, անշուշտ, հետաքրքրության է արժանի առավելապես արտաքին համապատկերի ֆոնին՝ նկատի ունենալով հեղափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի լիովին հակոտնյա դիրքավորումները՝ Ռուսաստան ու Եվրոպա: