Serj Robert

Ռոբերտ Քոչարյանը հեռավար-համացանցային հանդիպում է ունեցել իր համակիրների և աջակիցների հետ: Դրա վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն: Միայն հայտնի է, որ քննարկել են ամենատարբեր հարցեր՝ քաղաքականից մինչև անձնական:

Օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ պատրաստվում է ներկայացնել առկա իրողությունների վերաբերյալ ծավալուն և լուրջ գնահատական, չուզենալով խոսել ոտքի վրա: Կասկած չկա, որ Ռոբերտ Քոչարյանի գնահատականը լինելու է քննադատական, և կարելի է մտածել, թե որքան սուր է լինելու քննադատությունը: Հարցն, իհարկե, այստեղ չէ, այլ ներքաղաքական կյանքում Ռոբերտ Քոչարյանի տեղը, որը բավականին հետաքրքիր ազդեցություն կարող է ունենալ մի լայն շրջանակի դասավորվածության վրա:

Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը շարունակելո՞ւ է հավակնել մոբիլիզացիոն գլխավոր գործոնի դերի, որի վերաբերյալ նախկինում խոսել է բավականին թափանցիկ: Եթե այո, ապա, բնականաբար, առաջանում է մյուս հավակնորդների դերի հարցը՝ Ծառուկյան, Վանեցյան, Սերժ Սարգսյան և ՀՀԿ, Միքայել Մինասյան: Պատկերացնել համախումբ, թերևս անտեղի է, քանի որ այս ուժերը կամ թևերը շատ լավ են հասկանում, որ համախումբը ավելի վնասելու է, քան ավելացնելու է որևէ քաղաքական շանս: Դրան է ավելանում և ամենակարևորը՝ նրանց միջև եղած և անցյալից եկող խորքային հակասությունների և հարցերի հանգամանքը: Հենց դա էլ ավելի է սրում ինտրիգը, թե ինչպես է դիրքավորվելու երկրորդ նախագահը:

Ըստ էության, առկա է ուշագրավ պատկեր, երբ նա ու Սերժ Սարգսյանը երկու ծայրից փակում, նեղացնում են շրջանակը, եթե դրսևորում են քաղաքական աշխուժություն: Այդ շրջանակի արանքում է մնում Գագիկ Ծառուկյանը, որը ակնկալում է լինել, այսպես ասած, կենտրոնում, մի կողմից նրբորեն հավակնել թե՛ քոչարյանական, թե՛ սարգսյանական ընտրազանգվածին՝ իր ունեցածից բացի, մյուս կողմից չառնչվել նրանց: Եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը շարունակում են աշխույժ, նրանք դրանով մանևրից զրկում են Ծառուկյանին և նրանց, ովքեր ինչ-որ հույս կամ հաշվարկ ունեին ԲՀԿ առաջնորդի հետ կապված: Ստացվում է, որ մանևրից զրկվում է «հակառուսականության» դեմ պայքարի «առաջամարտիկը»: Կգնա՞ն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դրան:

Դա կնշանակի գնալ «ռուսականության» դեմ: Եթե Սերժ Սարգսյանի պարագայում դա պատկերացնելի է, նրա նախագահության տասնամյակի բերումով և հետհեղափոխական երկամյակի եվրոպական դիրքավորումով, ապա Ռոբերտ Քոչարյանի համար այդպիսի քայլը թվում է անհավանական: Չէ՞ որ նա բացահայտ էր ակնկալում պաշտպանություն Ռուսաստանից: Թե՞ Ռոբերտ Քոչարյանը կգնա այդ շարժին, ունենալով խնդիր պարզապես վերցնել ԲՀԿ-ն: Եվ դա՞ չէ արդյոք Սերժ Սարգսյանի աշխուժության պատճառը, որպեսզի բարդացնի Ռոբերտ Քոչարյանի այդ մանևրը: Որովհետև ներկայիս դասավորությամբ նախկին կառավարող համակարգում իրադրությունը կառավարում է Սերժ Սարգսյանը: Եթե Ռոբերտ Քոչարյանին հաջողվի վերցնել Գագիկ Ծառուկյանին, իր օգտին կփոխի նաև նախկին համակարգի ուժերի բալանսն ու կվերցնի ղեկը Սարգսյանի ձեռքից: