eshelon ishxanutyun

Հայաստանում հակառուսականության ալիքի սրման մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը հաջորդել են մի քանի այլ քաղաքական շրջանակի համանման հայտարարություններ, ինչը վկայում է այն մասին, որ կա որոշակի «ներքաղաքական թրենդ»՝ իրավիճակը ներկայացնել որպես հակառուսականության սրացում կամ խթանում:

Դա Ռուսաստանին անվերապահ ծառայություն առաջարկելու կամ պատրաստակամություն հայտնելու հերթական փո՞րձն է Հայաստանում:

Այն, որ Հայաստանում և դրա շուրջը ծավալվող ներքաղաքական զարգացումներում ակնառու են աշխարհաքաղաքական լայն վերափոխումների ազդեցությունն ու դրանցով պայմանավորված՝ Ռուսաստանի ունեցած խնդիրների հանգամանքը, որը ստիպում է առավել ագրեսիվ հավակնություն ունենալ Հայաստանի նկատմամբ, անկասկած է: Խնդիրն այն է, թե արդյոք դա բերում է Հայաստանի ներքաղաքական սուբյեկտներին տրվող ուղիղ ցուցումների՞, թե՞ նրանք են համարում, որ Ռուսաստանի ազդեցիկ շրջանակներում այժմ, առավել քան երբևէ, կարող է լինել այդպիսի ծառայության պահանջարկ Հայաստանում, հետևաբար պետք է ներկայացնել առաջարկը:

Քաղաքական իրողություններն այդ իմաստով իհարկե բավականին բազմազան են իրենց բաղադրիչներով և մոտիվացիոն հիմքերով: Այդ պարագայում հնարավոր է դիտարկել թերևս նաև այն, որ փորձ է արվում Հայաստանում ներքաղաքական վերափոխումների հանգամանքը ընդգծված կերպով ներկայացնել հակառուսականության ծիրում՝ ստանալով Ռուսաստանի աջակցությունը: Այլ կերպ ասած՝ Հայաստանում խոշոր կապիտալը կամ կապիտալի այն հատվածը, որը բացարձակապես չունի մտադրություն տեղավորվելու խաղի նոր կանոնների շրջանակում և գործելու մի կողմից՝ օրենքի լիարժեք դաշտում և, ըստ այդմ, տարանջատվելու քաղաքականությունից, փորձում է այդ գործընթացը Ռուսաստանին մատուցել որպես հակառուսականություն:

Համենայնդեպս ակնառու է, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունը չի ունեցել և մինչ այժմ չունի որևէ հակառուսական դրսևորում, այլ դրված են ընդամենը ներքին համակարգային փոփոխության օրակարգային հարցեր: Իհարկե, դրանց շարքում կան հարցեր, որոնք վերաբերում են նաև Հայաստանում ռուսական ներկայությանը՝ այնքանով, որքանով այդ ներկայությունը խարսխված էր հին համակարգային կանոնների և տրամաբանության շրջանակում: Բայց դա նշանակո՞ւմ է հակառուսականություն: Իհարկե, ոչ:

«Հակառուսականության» աղմուկի հակառակ՝ իսկական երեսին ընդամենը սեփական խնդիրները լուծելու և հին համակարգը պահելու նեղ շարժառիթներն են: Որովհետև այն, ինչ կատարվում է Հայաստանում, պայմանական ասած՝ նշանակում է հայկականություն, որի իմաստն այն է, որ Հայաստանն անցնում է պետական և հասարակական կյանքի կառուցման կոռուպցիոն սխեմայից օրինական, իրավական սխեմայի: Հետևաբար այդ կյանքի որևէ օտարերկրյա մասնակից ևս պետք է կատարի այդ անցումը:

Եթե Հայաստանում հասարակական-քաղաքական կյանքի, այդ թվում՝ տնտեսական բաղադրիչի, օտարերկրյա մասնակիցներից ամենախոշորը Ռուսաստանն է՝ իր տարբեր կառույցներով, ապա դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանի ներքին վերափոխումները հակառուսականություն են: