Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը տարածել է հայտարարություն, որտեղ խոսում է Հայաստանում սրվող հակառուսական տրամադրության մասին եւ հավաստիացնում, որ կանի ամեն ինչ՝ հակառուսական տրամադրությունների ստեղծման սադրանքները կանխելու համար:

Ծառուկյանը հայտարարել է, թե մասնավորապես հնչում են 102-րդ բազան Գյումրիից հանելու պահանջներ, ինչը Թուրքիայի եւ Ադրբեջանի ցանկությունն է:

Հայաստանում «հակառուսականության» թեման ամենեւին նոր չէ եւ ծագում է ամեն անգամ, երբ Հայաստանն ու հայ ժողովուրդը Ռուսաստանի հանդեպ ունենում են հարցեր: Հարցեր, որոնք առնչվում են հայ-ռուսական հարաբերությանը: Ներկայում անցման շրջափուլ է, փոխվում է աշխարհակարգ, եւ այդ համատեքստում էլ առաջանում են անվտանգային, ռազմա-քաղաքական խորքային հարցադրումներ: Հարցադրումներ, որոնք առնչվում են նախորդ աշխարհակարգում Ռուսաստանի վարած քաղաքականությանը, որի շրջանակում կան բազմաթիվ հակահայկական, Հայաստանի եւ հայության համար վտանգավոր հանգամանքներ: Լրանում է ռուս-թուրքական պայմանագրերի դարը, բառի բուն եւ պատկերավոր իմաստով, եւ առաջանում են հարցեր՝ Մոսկվան հավատարի՞մ է մնում դրանց, թե ոչ:

Ընդ որում, այդ խորքային հարցերը միայն Հայաստանին, հայկական պետականությանը չէ, որ պետք է հետաքրքրեն: Դրանք պետք է հետաքրքրեն նաեւ մարդկանց, ում հետաքրքրում է ռուսական պետականության հարցը, այդ պետականության ապագայի հարցը, հասկանալու համար՝ կա՞ ռուսական պետականություն առանց Թուրքիայի հանդեպ ստանձնած պարտավորությունների, թե՞ ոչ:

Սրվում են այդ հարցադրումները, ոչ թե հակառուսականությունը, որովհետեւ դրանք սրվում են նոր իրողությունների եւ հայ ժողովրդի անվտանգության նկատառումներից ելնելով:

Ահա այդօրինակ շրջափուլերում առաջ է բերվում «հակառուսականության» թեզը որպես «պաշտպանություն»՝ վերը բերված հարցադրումներում փաստարկների բացակայության պատճառով: «Հակառուսականության» առաջքաշումը թույլ է տալիս նենգափոխել հարցերը, այն տեղափոխել օրինակ Արեւմուտք-Ռուսաստան պարզունակ սխեմայի դաշտ:

Մի անգամ արդեն այդօրինակ պարզունակ սխեման Հայաստանի դեմ աշխատել է, երբ պետք էր կասեցնել Հայաստանի Եվրասոցացման գործընթացը եւ պարտադրել ԵՏՄ, հետո գազային պայմանագիր, այդպիսով հնարավորինս չեզոքացնել Հայաստանի սուբյեկտությունը՝ ռեգիոնը ռուս-թուրքական պայմանագրերի տրամաբանության դաշտ վերադարձնելու համար, որը խախտվել է հայերի արցախյան հաղթանակով: Հայաստանի դեմ այդ սխեմայի հաղթանակն ավարտվեց ապրիլյան քառօրյա պատերազմով: Այն ուժերը, որոնք մինչ այդ կարեւորագույն հարցերը լղոզեցին եւ Ռուսաստանին դրանց հետ առերեսվելուց ազատեցին օրակարգը հենց «հակառուսականության» դաշտ տեղափոխելով՝ հաշվարկով, որ հետեւանքի պատասխանատվությունը կմնա լոկ Սերժ Սարգսյանի վրա, կամ նրանց միջոցով այդ հնարքը գործադրելով պատասխանների անհրաժեշտությունից ազատվեց Ռուսաստանը, քառօրյայի ժամանակ մատնվել էին քար լռության, իսկ հայկական բանակը փրկում էր Հայաստանը նրանց միջոցով իրագործված սխեմայի հետեւանքից:

Այդ փորձի առանցքում հենց ԲՀԿ-ն էր իր նախագահ Գագիկ Ծառուկյանով: Այժմ էլ Ծառուկյանը հայտնվում է առանցքում: Օրակարգի նենգափոխումով նա գնում է Հայաստանի դեմ կամավո՞ր: Այդ ի՞նչ հնչեղ պահանջ է լսվել բազայի վերաբերյալ, որ Գագիկ Ծառուկյանն անգամ կորոնավիրուսից բուժման փուլում գտնվելով, հարկ է համարել շուտափույթ հավաստիացնել, թե թույլ չի տա հակառուսականություն: Հայաստանյան հասարակական-քաղաքական օրակարգում չկա բազայի դուրսբերման հարց: Ռեգիոնալ խնդիրներն ու հարցերը Հայաստանի հանրությունը պատկերացնում ու գիտակցում է ԲՀԿ նախագահից ոչ վատ: Ավելին, հենց խորքային հանգամանքները առաջ են բերում այլ խնդիրներ, մասնավորապես կապված հստակեցումների եւ համոզումների հետ, որ Գյումրու ռուսական բազան գտնվում է հայկական ռազմա-քաղաքական անվտանգության տրամաբանության մեջ, այլ ոչ թե ռուս-թուրքական գործարքների պաշտպանության:

Թե՞ կան մարդիկ, որոնք օգտվում են Գագիկ Ծառուկյանի բուժման, եւ գուցե այլ հանգամանքներից, նրա միջոցով նույն սխեման եւս մեկ անգամ աշխատացնելու համար: