Հուլիսի 1-ին Ռուսաստանում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը, որով նախատեսվում է Պուտինի կառավարման ժամկետների զրոյացում, Ռուսաստանը նաեւ հայտարարում է միջազգային իրավունքի նկատմամբ ազգային իրավունքի գերակայության մասին։

Ռուսաստանն անցնում է խորը պաշտպանության։ Գազպրոմ էքսպորտը լեհական PGNiG ընկերությանը գումար է փոխանցել Լեհաստանի համար գազի գնի վերանայման հարցով դատարանի որոշման հիման վրա։ Լեհական ընկերությունը Ստոքհոլմի արբիտրաժային դատարանում հաղթել է հայցը Գազպրոմի դեմ եւ ստացել 1․5 միլիարդ դոլար։ PGNiG տվյալներով՝ դատարանը փոխել է գնի բանաձեւը պայմանագրի շրջանակում, մասնավորապես, 2014 թվականի հունվարի 1-ից հետո եվրոպական շուկայում ձեւավորված բնական գազի գներով պայմանավորված։

Ստոքհոլմյան դատարանի վճիռը կարող է նախադեպ լինել այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար, որը Ռուսաստանի հետ ստրկական գազային պայմանագրիրը վերանայելու հնարավորություն է փնտրում։ Համաշխարհային շուկայում գազի գնի նվազման ու ռուսական գազի ծավալների բազմակի անկման ֆոնին Գազպրոմը Հայաստանում հասել է գազի գնի բարձրացման։ Չնայած այդ որոշումը կայացվել է, Հայաստանը կուլ չի տվել վիրավորանքը։

Անցած շաբաթ Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Տեսաձայնային մեդիայի մասին» օրենքը, որով ուժեղացվում է պետական լեզվի պաշտպանությունը, ընդ որում օտարերկրյա հեռարձակողները պետք է բացառվեն Հայաստանի հանրային մուլտիպլեքսից։

Ռուսաստանի դեսպանատունն այդ առթիվ հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ռուսական հեռուստաընկերություններն այսուհետ կարող են հեռարձակվել հանրային մուլտիպլեքսով միայն միջպետական պայմանագրի հիման վրա։ «Այսինքն, անհրաժեշտ է պայմանավորվել «նոր խաղի կանոնների» շուրջ, որոնք, ըստ ամենայնի, կառաջարկվեն հայկական կողմից», – նշել են դեսպանատանը:

Ընդ որում, դեսպանատունը նշում է, որ «Հայաստանի քաղաքացիների մեծ մասը անմիջականորեն կապված են Ռուսաստանի հետ, ինչ որ մեկն այնտեղ աշխատում է, ինչ որ մեկի հարազատներն են ապրում, որոնց հաճախ են այցելում, և այլն։ Մեր երկրներին միավորում են Եվրասիական տնտեսական միությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը»։ Դեսպանատունը հիշեցնում է Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների ճանաչման հետ կապված պատմությունը։ «Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանում ռուսերենն ունենա պաշտոնական կարգավիճակ։ Սակայն չնայած դրա բացակայությանը, հասկանալով տվյալ հարցի կարգավորման կարևորությունը հայ շատ քաղաքացիների համար, ռուսական կողմը դրսևորում է կառուցողական տրամադրվածություն և արտահայտում է պատրաստակամություն միացյալ ուժերով, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այդ բարդ և համալիր հարցին գտնել ընդունելի որոշում, հաշվի առնելով մեր երկու երկրների հատուկ կապերը», – նշվում է հայտարարությունում։

Այսինքն, դեսպանատունը փաստացի հաստատում է, որ պաշտոնական կարգավիճակի մասին պահանջը մնում է, եւ հարցը դեռ լուծված չէ։

Հայաստանի ԱԳՆ-ն բանակցում է հայկական հանրային մուլտիպլեքսում ռուսական հեռուստաընկերություններ ներառելու շուրջ։ Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի ԱԳՆ-ն բանակցում է գոնե մեկ ալիքի վերաբերյալ պայմանագիր ստորագրելու համար։

Իսկ Լատվիայի Էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհուրդը հայտարարել է RT մեդիախմբի յոթ հեռուստաընկերությունների հեռարձակումը երկրի տարածքում դադարեցնելու մասին։ «Այդ հեռուստաալիքները բազմիցս Լատվիային անվանել են չկայացած պետություն՝ մերժելով նրա սուբյեկտությունը», – նշված է հիմնավորման մեջ։

Ղազախստանի նախագահ Տոկաեւը հայտարարել է, որ «Ղազախստանը Ռուսաստանի հետ գործընկերության ու ռեգիոնալ ինտեգրացիայի կուրս է որդեգրել, բայց հաշվի առնելով աշխարհում իրավիճակի փոփոխությունները, ղազախական կողմը չի աջակցելու այդ ինտեգրացիային՝ ի վնաս իր ինքնիշխանության»։ Ղազախստանի նախագահը նշել է, որ ամենակարեւորը պետական սահմանների անխախտելիությունն է։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինն օրերս հայտարարել է, որ խորհրդային հանրապետությունները, դուրս գալով ԽՍՀՄ կազմից, իրենց հետ տարել են «ռուս ժողովրդի նվիրած» տարածքները։