2019 թվականի հունվարին մամուլում մի տեղեկություն հայտնվեց, ըստ որի՝ ղազախական մի մեծ ընկերություն պատրաստվում է բենզին ներմուծել Հայաստան և արդեն անգամ գրասենյակ է ձեռք բերել՝ Թումանյան 1 հասցեում։

«Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ընկերության փոխտնօրենի պաշտոնը հնարավոր է զբաղեցնի Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը։

Մեզ հասած տեղեկություններով՝ Արա Սահակյանն այդ ընկերությունը հիմնել է, և նրա գործընկերը Դավիթ Գալստյանն է՝ բոլորին հայտնի Պատրոն Դավոն, որի մասին վերջին շրջանում բավականին շատ խոսվեց, երբ հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանը խոսեց նրա կողմից զենքի անօրինական վաճառքի մասին։

Ընկերության ղեկավարը հենց Դավիթ Գալստյանն է։ Պատրոն Դավոն եղել է Սերժ Սարգսյանի մտերիմը։ Բացի Սերժ Սարգսյանից, Գալստյանը շատ մտերիմ է եղել նաև Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի՝ Սերժի Վաչոյի հետ։ Գալստյանի անցած ճանապարհն ու հարստանալու ուղին ևս սկսվել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածից։ Դավիթ Գալստյանի անունը հայկական մամուլում հայտնվեց 2007-ին՝ պետական գույքի մասնավորեցման ժամանակ։ Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գործող «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ընկերությունները 2007-ի հունիսի 21-ին, վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ, մասնավորեցվեցին։ Այս ընկերությունները գնեց օֆշորային Սեյշելյան կղզիներում գրանցված Mosston Engineering ընկերությունը, որի ղեկավարն ու բաժնետերը Դավիթ Գալստյանն էր։ Գալստյանը երկու ընկերությունները միասին գնել էր 2,35 միլիարդ դրամով։ Ձեռք բերած պետական գույքի հիման վրա նա ավելի ուշ հիմնել էր «Դի Ջի Արմս Քորփորեյշնը», իսկ մի քանի ամիս անց արդեն այս ընկերությունը սկսել էր փամփուշտների արտադրություն։

Հետագայում արդեն և մինչև հիմա էլ Պատրոն Դավոն շարունակում է ՀՀ բանակի համար կարևոր դերակատար լինել, նա շարունակում է մասնակից լինել ՀՀ սպառազինությունների մատակարարմանը։

Բացի դրանից, ներկայում հենց Դավիթ Գալստյանի Royalsys Engineering ընկերությունն է զբաղվում Հայաստանում «Կալաշնիկով» ինքնաձիգների արտադրությամբ, որի մեկնարկի մասին տեղեկությունը հրապարակվեց մոտ մեկ ամիս առաջ։

Այս կոնտեքստում Արա Սահակյանի հետ Պատրոն Դավոյի համագործակցությունը բավական խնդրահարույց է, քանի որ Պատրոն Դավոն կարևոր տեղեկություններ ունի բանակի, սպառազինության, դրանց մատակարարումների հետ կապված։ Նման տեղեկությունների տիրապետող անձի հետ Վանեցյանի կուսակցության խորհրդի անդամի համագործակցությունը բավական մտահոգիչ է։ Այս փաստը թերևս պետք է անհանգստացնի իշխանություններին և հետևություններ անելու հիմքեր տա:

Հիշեցնենք, որ Արա Սահակյանը ԱԺ նախկին նախագահ է եղել, ինչպես նաև Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ՝ Ղազախստանում ՀՀ դեսպան։ Արա Սահակյանը ներկայումս ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ է։