Սահմանադրական դատարանում այսօր ժամը 11-ին նախատեսված նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով: Նիստը չկայանալու պատճառի մասին լրագրողներին տեղեկացրեց մի կին, որը հավանաբար ՍԴ աշխատակազմի ներկայացուցիչ էր: 

Որեւէ դատավոր նիստերի դահլիճում չհայտնվեց, ուստի լրագրողների համար տեսանելի չեղավ, թե ովքեր են բացակա նիստից:

Հիշեցնենք, որ այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր 7 հարց: Դրանց թվում էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը որոշելու հարցը:

Նախորդ շաբաթ Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, խորհրդարանին տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաեւ ողջամիտ ժամկետ՝ այդ կարծիքներին ծանոթանալու համար։

Միջնորդության քննարկման վերաբերյալ աշխատակարգային նիստ տեղի չէր ունեցել:

Սահմանադրական դատարանի 9 անդամներից 3-ի լիազորությունները դադարել են հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխություններով, Արեւիկ Պետրոսյանը եւ Հրայր Թովմասյանը արձակուրդում են, Վահե Գրիգորյանը չի մասնակցում Քոչարյանի վերաբերյալ նիստերին եւ նրա մասնակցության անհնարինության վերաբերյալ դատարանի աշխատակարգային որոշում կա: Ստացվում է, որ նիստին կարող էին մասնակցել միայն Արման Դիլանյանը, Աշոտ Խաչատրյանը եւ Արաիկ Թունյանը: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր նվազագույնը 5 դատավորի ներկայություն:

Հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանում սպասվող նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: Նիստը սպասվող էր, որովհետեւ այն քննարկելու էր Ռոբերտ Քոչարյանի գործը: Դրա համար չի հավաքվել հինգ դատավոր: Հայտնի է, որ ՍԴ վերաբերյալ օրենսդրական փոփոխություններով երեք դատավոր հայտարարված է խաղից դուրս: Մնացել է վեցը: Վեցից երկուսը՝ նախկին նախագահ Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը, մեկնել են արձակուրդ:

Եթե նրանք դադարեցնեին ու վերադառնային, կամ նրանցից մեկը, ապա կար հավանականություն, որ նիստը կլիներ եւ հարկ կլիներ քննարկել ու կայացնել որոշում: Բայց, թե Թովմասյանը, թե Պետրոսյանը չեկան, չդադարեցրին արձակուրդը: Արդյո՞ք նրանք դրանով տապալեցին Քոչարյանի գործի քննությունը, թե՞ կանխեցին այդ գործով ՍԴ որոշում, որը կարող էր երկրորդ նախագահի համար լինել անցանկալի:

Այստեղ հետաքրքիր է այն, որ օրերս ՍԴ-ին էր դիմել այդ կառույցում ԱԺ լիազոր ներկայացուցիչը, փոխանցելով Արարատ Միրզոյանի խնդրանքը՝ հետաձգել գործի քննությունը, մինչ խորհրդարանը մանրամասն կծանոթանա դրան: Արարատ Միրզոյանը կառաջարկե՞ր հետաձգել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի: Հազիվ թե: Միաժանանակ, նրա առաջարկը խոսում է, որ իրադրությունն այդ հարցի շուրջ բոլորովին միարժեք չէ, ըստ այդմ բարդ է ասել՝ մեկնելով արձակուրդ, Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը երկրորդ նախագահի՞ն են ազատել ինչ-որ բանից, թե՞ իրենք են ինչ-որ բանից ազատվել:

Ընդ որում հետաքրքիր է, որ դիմումից փաստորեն հրաժարվեցին նաեւ երկրորդ նախագահի պաշտպանները: Նրանք, իհարկե, դա արեցին բացատրությամբ, թե այդ քայլով Լուսավոր Հայաստանին տալիս են հայտնի վիճահարույց օրինագծերի հարցով ՍԴ դիմելու հնարավորություն՝ եթե խանգարում է Քոչարյանի գործը: Բայց, ԼՀԿ-ն էլ պատասխանեց, որ Ռոբերտ Քոչարյանի թիմը չէր կարող չիմանալ, որ իրենց դիմումը հետ կանչելը դեռ չի նշանակում, որ գործը դուրս է գալու օրակարգից եւ չի լինելու ՍԴ քննարկում հուլիսի 7-ին:

Երկրորդ նախագահի թիմն իսկապես չէր կարող դա չիմանալ: Ըստ ամենայնի, դիմումը հետ կանչելու քայլն ուներ այլ մոտիվ եւ տողատակ, պարզապես օգտագործվեց դրա լավ առիթը, որ ընձեռվեց Լուսավոր Հայաստանի դիրքավորմամբ:

Արդյո՞ք երկրորդ նախագահը դիմումը հետ էր վերցնում լավ պատկերացնելով, որ միեւնույն է չի ստացվելու ոչինչ եւ ՍԴ հարցում «գնացքն արդեն մեկնել» է, իհարկե ոչ արձակուրդ: Արձակուրդ, ինչպես արդեն  հայտնի է, մեկնել էին Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը: Բայց, հետաքրքիր է թերեւս այն, որ թե Թովմասյանը, թե Պետրոսյանը, ընդհանրապես ՍԴ-ն նրա նախագահությամբ, ուներ գրեթե մեկ տարի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի գործը քննելու եւ դրա վերաբերյալ որոշում կայացնելու համար: Ինչու՞ նրանք չօգտագործեցին ժամանակը, որ ունեին: