Tavush gyux

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հուլիսի 12-13-ի լարումն ու ադրբեջանական սադրանքին հաջորդած ռազմական գործողությունները «օգնեցին» Հայաստանում բացահայտել մի շարք թիկունքային խնդիրներ:

Նախ՝ բացահայտվեցին շրջանակներ, որոնք փաստորեն պատրաստ են Հայաստանում ուղղակիորեն սպասարկել հակառակորդի ռազմա-քաղաքական նպատակներ և անել քայլեր ներքին ապակայունացման ուղղությամբ, կամա, թե ակամա: Բանն այն է, որ ռազմական լարվածության և բուռն գործողությունների փուլում ներքին ապակայունացման քայլերի անընդունելիությունն այնքան ակնառու է, որ դա հնարավոր է գիտակցել և ընկալել անգամ աշակերտական տարիքում:
Եվ երբ մարդիկ, որոնք վաղուց դուրս են այդ տարիքից, դրսևորում են չգիտակցելու և չընկալելու վարքագիծ, ապա դժվար է իհարկե հավատալ, թե այդ ամենն արվում է ակամայից: Միևնույն ժամանակ, ակնառու դարձավ, որ Ապրիլյան քառօրյա պատերազմից չորս տարի անց էլ Հայաստանում կա տեղեկատվական խոցելիության խնդիր: Սա, իհարկե, ինչ-որ առումով պայմանավորված է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների բնույթով, որոնք վերացնում են սահմաններն ու էապես նվազեցնում հանրային ու պետական վերահսկելիության շրջանակները: Այդուհանդերձ, կան նաև բավականին ակնառու օրինակներ, երբ շատ կոնկրետ անձինք, անգամ նախկին պատգամավորներ, որոնք կարող են Հայաստանի իսկ տարածքում, Հայաստանի մայրաքաղաքից մասնակցել հակահայկական տեղեկատվական-քարոզչական արշավի:

Դարձյալ ամեն ինչ այնքան ակնառու է, որ չափազանց մեծ ցանկության և «անմեղության կանխավարկածի» դեպքում անգամ հնարավոր չէ հավատալ, թե որևէ բանական, գիտակից մարդ կարող է չպատկերացնել իր արածի հետևանքը կամ բնույթը և զբաղվել դրանով Երևանում այն ժամանակ, երբ Հայաստանի սահմաններին մեր զինվորներն ու սպաները կյանքը ռիսկի ենթարկելով զբաղված են պետական անվտանգության ու արժանապատվության պաշտպանությամբ: Իհարկե, պետք է արձանագրել նաև, որ այդ մարդիկ իրենց վարքագծով ավելի շատ վնասեցին իրենց, և նրանց, ում հետ ասոցացվում են, քան Հայաստանի պետական շահին կամ անվտանգությանը: Դրա պատճառն էլ, իհարկե, բավականաչափ հայտնի է, թե ինչու է այդպես:

Բայց պետք է նկատել նաև, որ առանձին-անձանց կամ խմբերի վարքագիծը դառնում է նաև լայն լուսաբանման առարկա, իսկ դա առաջացնում է հարցեր, որոնք ունեն պատասխանի կարիք: Իհարկե, պատասխան օրենքով, բայց հստակ, քանի որ խոսքը մշտական պատերազմի մեջ գտնվող պետության մասին է, որն իրեն չի կարող թույլ տալ տեղեկատվական ազատության անվան տակ այնպիսի հակապետական շքեղություններ, ինչպիսին իրենց թույլ չեն տալիս նաև զարգացած ժողովրդավարության երկրները, երբ խոսքը վերաբերում է այդ երկրների զինված ուժերի այս կամ այն գործողությանը:

Ի վերջո, մեր զինվորները և սպաները ապահովելով պետական անվտանգությունը սահմանին, լիովին վաստակել են թիկունքից եկող բարոյահոգեբանական անվտանգության ռիսկերից երաշխավորված լինելու իրավունք: