aac

Ազգային անվտանգության ծառայությունը չի մեկնաբանում Սնանկության դատարանի դատավորների հետ կապված գործողությունները։ Ոչ էլ պատասխանում է հարցին՝ ձերբակալված դատավոր կա՞, թե՞ ոչ։

ԱԱԾ լրատվականից խոստացան տեղեկատվություն լինելուն պես այն տարածել պաշտոնական հաղորդագրությամբ։

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Սնանկության դատարանում: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել էր այս տեղեկությունը, սակայն չէր նշել, թե հատկապես որ դատավորների աշխատանքի հետ են կապված քննչական գործողությունները։

ԲԴԽ մամուլի պատասխանատու Արման Խաչատրյանը ևս հաստատել էր խուզարկության փաստը և նշել, որ խուզարկության թույլտվություն ԱԱԾ-ն ստացել է ԲԴԽ-ից։ Արման Խաչատրյանը, սակայն, այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ մանրամասների չեն տիրապետում, և քանի որ գործը գտնվում է ԱԱԾ-ի տիրույթում, ապա տեղեկատվությանը իրենք են տիրապետում և իրենք պետք է փոխանցեն։

Նշենք, որ մամուլում տեղեկություն եղավ, որ դատավորներ են ձերբակալվել, նշվեց անգամ Սնանկության դատարանի դատավորներից Գևորգ Նարինյանի մասին, սակայն ԲԴԽ-ից չհաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ դատավորների ձերբակալման համար անհրաժեշտ է ԲԴԽ-ի համաձայնությունը, սակայն որևէ դատավորի մասով որևէ միջնորդություն ԲԴԽ-ն չի ստացել։