Aleksey Navaniy

Նավալնին ատում է Հայաստանը, նացիստ է, հայերին անվանում է խաչեր, իսկ դուք նրան ցույց եք տալիս ձեր Հանրային հեռուստաընկերության եթերում, ասել է ռուսաստանցի հայտնի պրոպագանդիստ Սոլովյովը:

Նա այն Սոլովյովն է, որն օրեր առաջ իր հեռուստաեթերում հեգնում ու ծաղրում էր Հայաստանը՝ հրավիրելով ԲՀԿ մի անդամի և հայաստանցի փորձագետների: Նա անում էր դա նրանց լռության պայմաններում, նրանցից որևէ մեկը Սոլովյովին չէր ասում՝ դու ով ես, որ հեգնես կամ ծաղրես Հայաստանի հանրությանն ու նրա իրականացրած հեղափոխությունը:

Սոլովյովն, իհարկե, վստահ էր, թե ում է հրավիրում, անկասկած, շատ լավ իմանալով, ինչ կասեն, և ինչ կլռեն: Իսկ ահա այն, ինչ հնչել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում, դուրս է Սոլովյովի սպասածից, և այդ պատճառով է նա նյարդայնացել, ոչ թե, օրինակ, այն բանի համար, որ Նավալնին ցույց է տվել Սոլովյովի ունեցվածքն Արևմուտքում: Դա այն պարագայում, երբ պրոպագանդիստը ամեն օր փրփուրը բերանին փնովում է Արևմուտքն ու եթերում «մեռնում» Ռուսաստանի համար: Եթերային կյանքից դուրս ռուսական պետությունը, Ռուսաստանն է մեռնում Սոլովյովի համար, բառի բուն իմաստով՝ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից և մի քանի այլ քաղաքից դենը: Հրեա Սոլովյովը փնովում է, ազգայնական է համարում Նավալնուն, որն ընդամենը բացահայտում է, թե ինչպես են տարբեր կարգի քաղաքական և պրոպագանդիստական անձինք թալանում Ռուսաստանն ու տեղափոխում իրենց գրպանը: Դրա հետևանքը այն է, որ ռուսական պետություն, պետականություն, որպես այդպիսին, կա միայն պաշտոնական հեռուստաալիքներում, իսկ իրականում այլևս պարզ չէ, թե ինչ կա Ռուսաստան պետություն անվան տակ:

Պարզ է մի բան, որ իրական ռուսական պետականություն չկա այլևս վաղուց և այն դարձել է թյուրքական պետականության կցորդ, ինչի լավագույն վկայությունը ռուս-թուրքական հարաբերությունն ու դրանում ՌԴ քաղաքական պահվածքն են: Սոլովյովի խնդիրն, իհարկե, հայերը չեն, այլապես նա գոնե մեկ անգամ ձայն կբարձրացներ, երբ ռուսական քաղաքականության հետևանքով լուրջ խնդիր են ունենում հայերը: Սոլովյովի խնդիրը հայերի մասով բոլորովին ուրիշ է՝ հենց այդօրինակ զեղումներով թրթռացել հայերի հույզերը, որպես մեծ հայասեր, ինչը խորքային առումով այն օփիումն է, որ հայ ժողովրդի սրտում պետք է վառ պահի Ռուսաստանի ամենափրկիչ առաքելության հանդեպ թրթիռները: Իսկ Սոլովյովի մտահոգությունն այն է, որ այդ իրավիճակը սպառվում է: Ռուսաստանում սահմանադրական զրոյացնող հանրաքվեով համակարգը մոտենում է ոչ թե զրոյին՝ սկզբին, այլ հակառակը՝ վերջին: Ով՝ ով, բայց Սոլովյովը դա շատ լավ գիտե, և Սոլովյովը, թերևս, շատ լավ գիտե, որ Նավալնու ձեռքի տակ ամենևին օդից չէ, որ հայտնվում են Ռուսաստանը գողացողների մասին տեղեկությունները: Եվ դրանք ամենևին լոկ Նավալնու հետաքննական բացարձակ տաղանդի արդյունք չեն միայն: Իսկ այդ առումով, ներռուսական խորքային տրանսֆորմացիաների առումով «դարավոր» ինդիկատորը հենց Հայաստանն է, ու հենց դրա համար է նաև Հայաստանն արժանանում ռուսական այդօրինակ գերզգայուն վերաբերմունքի:

Սոլովյովը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության վրա նյարդայնանում է առերևույթ, խորքային առումով նրա կռիվը Ռուսաստանի ներսի հետ է, այն համակարգի հետ, որը մոտենում է մեծ զոհաբերությունների: Եվ Սոլովյովը չգիտե, թե երբ կլինի իր հերթը, ու ինչ տեսքով: Ընդ որում, նա դեռ, իհարկե, շանս ունի, հայերը կարող են օգնել, եթե Հանրային հեռուստաընկերության եթերի առիթով հայերի հետ «ռազբորկա» անելու փոխարեն, նա սկսի իր եթերում քննարկել հայերի դեմ ռուս-թուրքական խայտառակ և ապօրինի պայմանագրերը և դրանց հետևանքների վերացման խնդիրները: Դրանք վաղ թե ուշ քննարկվելու են ռուսական պետության օրակարգում, Սոլովյովը պարզապես կարող է չուշանալ, եթե կարող է: Իսկ հայերի հանդեպ Նավալնու վերաբերմունքը, ինչպես ընդհանրապես որևէ մեկի վերաբերմունքը ոչ միայն Ռուսաստանում, այլևս աշխարհում, նշանակություն է ստանում առաջին և գլխավոր հերթին պայմանավորված նրանով, թե իրենք իրենց և իրենց պետությանն արժանապատվության և մտածողության ինչ մակարդակով են վերաբերում հայերը: Երբ մենք հարգում ենք մեր պետական արժանապատվությունն ու դասում ավելին, քան որևէ ներքին խնդիր, որևէ մեկը՝ անկախ իր «նախասիրությունից», պարտադրված է լինելու հարգել մեզ ու Հայաստանը: