Բենզինի շուկայում վերջին օրերին արձանագրված թանկացումը «Ավտոգազ» ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Տիգրանյանը պայմանավորում է նավթի համաշխարհային գների բարձրացմամբ:

«Կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած այս ճգնաժամային իրավիճակում նավթի համաշխարհային գները կտրուկ ընկել էին, ամբողջ աշխարհում սպառումը նվազել էր և դա, բնականաբար, չէր կարող չազդել բենզինի գնի վրա, սակայն հիմա շուկան աստիճանաբար, կարծես, կարգավորվում է, և դրան զուգահեռ գներն էլ բարձրանում են»,- նշեց Մկրտիչ Տիգրանյանը:

Նկատենք, որ դեռ ապրիլ ամսից բենզալցակայաններում «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում էր 260-280 դրամով, իսկ «Պրեմիում» տեսակինը՝ 300 դրամով, սակայն արդեն մի քանի օր է, ինչ «Ռեգուլյար» տեսակինը դարձել է 300 դրամ, իսկ «Պրեմիում»-ինը՝ 310-320 դրամ:

Մկրտիչ Տիգրանյանի խոսքերով՝ առաջիկայում բենզինի օրինակին կհետևի նաև ավտոգազը. վարորդները ստիպված կլինեն այլևս ավելի վճարել ոչ միայն բենզինի, այլ նաև սեղմված և հեղուկ գազի դիմաց: Չնայած՝ վերջինի դեպքում թանկացում արդեն իսկ կա. որոշ լցակայաններում հեղուկ գազի մեկ լիտրն արժի 150-160 դրամ: Այստեղ նշենք, որ մինչ արտակարգ դրությունը հեղուկ գազի մեկ լիտրը 180 դրամ էր, սակայն արտակարգ դրության ընթացքում՝ մինչև հունիս ամսվա կեսեր, մեկ լիտրը վաճառվում էր ընդամենը 100 դրամով:

Թե ավտոգազի պարագայում թանկացումը որքան կկազմի՝ մեր զրուցակիցը չի շտապում կոնկրետ թիվ հայտարարել՝ ընդգծելով, որ դրա համար մի փոքր ժամանակ է հարկավոր՝ հասկանալու, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)՝ գազը թանկացնելու վերաբերյալ վերջին որոշումն ինչ չափով կազդի այս ոլորտի վրա: Այս ուղղությամբ իրենք առայժմ հաշվարկներ են կատարում, այդ թվում նաև սպասարկման ծախսերի վերաբերյալ:

«ՀԾԿՀ-ն արդեն որոշել է, որ հուլիսի 19-ից տնտեսվարողների համար գազը թանկանալու է, ինչը նշանակում է, որ մինչև օգոստոս դեռ պետք է սպասենք, որպեսզի այդ որոշման ուժի մեջ մտնելուց 2-3 շաբաթ հետո տեսնենք արդեն դրա հետևանքները: Բայց այն, որ դրա հետ փոխկապակցված մի շարք այլ ապրանքատեսակների պարագայում ևս գնաճ կլինի՝ դա միանշանակ է:

Ցավոք, պետք է գոտիները ձգենք ու սպասենք օգոստոս ամսին, տեսնենք՝ շուկայում ինչ փոփոխություններ են տեղի ունենում, ինչպես ենք կարողանում դիմակայել այս ամենին»,- ասաց «Ավտոգազ» ասոցիացիայի նախագահը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ սեղմված գազի թանկացումն իր հերթին ազդի նաև հանրային տրանսպորտի սակագնի վրա՝ հաշվի առնելով, որ տրանսպորտի զգալի մասը սպառում է սեղմված գազ, Տիգրանյանը պատասխանեց.

«Եթե տրանսպորտը չթանկանա, ապա համարեք դա քաղաքական որոշում»: