Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց ընդդիմադիր գործիչ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկեց նոր քննության, «Ազատությանը» հայտնեց Ծառուկյանի փաստաբաններից Սամվել Դիլբանդյանը:

Նրա փոխանցմամբ` Ծառուկյանին կալանավորելու որոշում Վերաքննիչը չի կայացրել: Իրենց դիմումները մերժել է, իսկ դատախազության դիմումը բավարարել է մասնակի: Թե կոնկրետ որ հատվածն է բավարարել, նա տեղյակ չէ: Դատախազությունը, հիշեցնենք, պահանջում էր կալանավորել Գագիկ Ծառուկյանին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։

Նա մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, թե քաղաքական հետապնդման է ենթարկվում կառավարության հրաժարականը պահանջելու համար։ Իշխանությունը կտրականապես հերքում է Ծառուկյանի այդ պնդումները՝ հորդորելով հարցը դիտարկել միայն իրավական հարթությունում։

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանը մերժել էր Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը: