«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը «ընդհատակ է անցել»:

Բանն այն է, որ վերջին օրերին խորհրդարանում քննարկված նախագծերի, դրանց շուրջ քննադատությունների համար, բացի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից, մեղադրում են նաև Վլադիմիր Վարդանյանին:

Խոսքն առաջին հերթին վերաբերում է Սահմանադրական դատարանի հարցի լուծմանը, որին իշխանությունները ներգրավվել են խորհրդարանի ձևավորումից ի վեր և, այսպես ասած, հինգ փուլ անցել, տարբեր նախագծեր ներկայացրել, սակայն լուծման այդպես էլ չեն հասել:

Այդ ամենի հետ մեկտեղ առկա են քննադատություններ նաև եվրոպական կառույցների, արտախորհրդարանական, խորհրդարանական ուժերի կողմից, և թիրախում երկու անձ է՝ Ռուստամ Բադասյանն ու Վլադիմիր Վարդանյանը:

Դրան զուգահեռ վերջինիս համարում են նաև Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, սակայն միևնույն ժամանակ մտածում են, թե այդ դեպքում ԱԺ պետաիրավական հանձնաժողովն ավելի կթուլանա, առանց այն էլ մշտապես քննադատությունների թիրախում է:

Սակայն, ամեն դեպքում, մի քանի օր է՝ Վլադիմիր Վարդանյանը «անհետացել է»՝ չցանկանալով հանդես գալ պարզաբանումներով: Նկատենք, որ նա պասիվ էր նաև հունիսի 30-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի արտահերթ նիստի ժամանակ: Թերևս պատճառը հենց քննադատություններն են նրա հանդեպ»: