Ադրբեջանը քարոզչական պատերազմի տրամաբանության շրջանակում պարբերաբար հղումներ է անում ՎՈՒԱՄ աջակցությանը: Ինչպես հայտնի է, դա, այսպես ասած, ռազմա-քաղաքական գործակցության նպատակով ստեղծված հետխորհրդային դաշինք է, որ միավորում է Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան և Ադրբեջանը:

ՎՈՒԱՄ ստեղծվեց, ըստ էության, ՀԱՊԿ ռուսական նախաձեռնությանն ի հակակշիռ և տևական ժամանակ շատ պասիվ էր, գրեթե չկար: Վերջին տարիներին արվեց աշխուժացման փորձ, թեև ակնառու է, որ կազմակերպությունը խորքային առումով չունի ռազմավարական հենք, քանի որ անդամ պետությունները գտնվում են խիստ տարբեր աշխարհաքաղաքական ուղղություններում և ռազմավարական նպատակադրումներում:

Այլ կերպ ասած, իր բնույթով ՎՈՒԱՄ ոչնչով չի տարբերվում ՀԱՊԿ-ից, բացառությամբ, թերևս, նրա, որ տավուշյան այս իրավիճակում ՎՈՒԱՄ անունից տարածվել են Ադրբեջանին հստակ աջակցող հայտարարություններ: Անդամ երկրները, համենայնդեպս, չեն հերքել դրանք, իսկ այստեղ կա հատկանշական պահ՝ Վրաստանը: Վրաստանը փաստորեն ՎՈՒԱՄ շրջանակում, որքան էլ հայտարարությունները տարածվում են քարտուղարության անունից, ներքաշվում է մի հակահայկական ծուղակ, ինչը բացարձակապես չի բխում Վրաստանի անվտանգության շահից: Թե ինչու է Բաքուն փորձում օգտագործել առիթն ու աշխատել այդ ուղղությամբ, չափազանց պարզ է: Խորքային առումով, առավել չմանրանալու համար ընդամենը նշենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի ռեգիոնալ հաջորդ թիրախը՝ Հայաստանից ու Արցախից հետո, Վրաստանն է: Ավելի շուտ՝ ոչ միայն հաջորդ, այլ զուգահեռ թիրախը: Պարզապես այդ թիրախի ուղղությամբ դեռևս ավելի շուտ կիրառվում է փափուկ ուժ, թեև տեղ-տեղ արդեն նաև կոշտի անցնող:

Հիշենք Դավիթ Գարեջիի համալիրի շուրջ աղմուկը և այն, որ Ադրբեջանը Վրաստանի սահման է մոտեցրել ցամաքային զորքեր, ձևավորել սահմանային զորամասեր: Կտրելով Վրաստանը Հայաստանից, Թուրքիան ու Ադրբեջանը շատ ավելի արդյունավետ կսպասարկեն Վրաստանի հանդեպ իրենց նկրտումները: Հետևաբար՝ Վրաստանի անունից թեկուզ ՎՈՒԱՄ շրջանակում արվող հայտարարությունները ոչ թե հակահայ, այլ հակավրացական հայտարարություններ են, որոնք հարց են առաջացնում՝ Վրաստանում ո՞ւմ է պետք ներքաշվել մի ծուղակ, որտեղ սպառնալիքներ են թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի ազգային անվտանգությանը: Դա կարող է պետք լինել միայն վրացական պետության թշնամիներին: Այդ իմաստով, հույժ կարևոր է ներկայիս փուլում հայ-վրացական ինտենսիվ շփումներն ու երկխոսությունը՝ կանխելու համար այն խորամանկ ընթացքը, որով փորձ է արվում թիրախավորել հայ-վրացական անվտանգային բնական շղթան և առաջացնել լարված մթնոլորտ նաև այդ ուղղությամբ: Հայաստանը Վրաստանից որևէ պարագայում չի ակնկալել ու չի ակնկալում որևէ հակաադրբեջանական գործողություն, այլ ընդամենը մի պարզ բան՝ չներգրավվել Ադրբեջանի հակահայկական գործողության մեջ և աշխատել Հայաստանի հետ իր բնական շահի տրամաբանությամբ: