Sevan

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ պետք է շարունակվեր Վրաստանի Հանրապետության երեք քաղաքացիների գործով դատական քննությունը:

Սա այն գործերից է, որի քննությանը թարգմանչի մասնակցությունը պարտադիր է: Ու սա այն գործերից է, որ տարեսկզբից չի դատաքննվում, որովհետև, ստացվում է, մեր երկիրը ամիսներ ի վեր չէր կարողանում դատական նիստերը որակյալ թարգմանիչներով  ապահովելու արդյունավետ ճանապարհ գտնել:

Ի՞նչ «դատաիրավական բարեփոխում», եթե դատական նիստերը հետաձգվում են՝ թարգմանչի մասնակցության հարցը անլուծելի դարձնելու պատճառով: Եվ սա մի երկրում, որտեղ մի քանի բուհեր ամեն տարի «թարգմանություն» մասնագիտությամբ բազմաթիվ շրջանավարտներ են ունենում…

Վրաստանի երեք քաղաքացիների գործը առանձնապես ծանր մեղադրանքներով գործ է, որի քննությունը առանց այն էլ՝ բավական ժամանակ է պահանջելու: Բայց արի ու տես, որ արդեն յոթ ամիս այս ու նմանատիպ գործերով դատաքննությունը շարունակելու հնարավորություն չկա, քանի որ փակուղի էր մտել թարգմանչի մասնակցությունն ապահովելու խնդիրը:

Հիշեցնենք՝ 1976 թվականին ծնված Դիմիտրի Անդրեևն ու 1984 թվականին ծնված Սոփիո Անդրեևան ամուսիններ են, իսկ1983 թվականին ծնված Շոթա Մաղլակելիձեն նրանց ընկերն է:

Ըստ մեղադրանքի՝ ամուսիններ Դիմիտրին ու Սոփիոն խմբի  կազմում շահադիտական դրդումներով, ավազակությամբ զուգորդված երկու սպանություն են կատարել Հայաստանում: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ ամուսինները 2017 թվականի սեպտեմբերի 12-ին Վրաստանից ապօրինի մուտք են գործել ՀՀ տարածք՝ նախնական համաձայնությամբ, առանց պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պահպանվող պետական սահմանի անցակետերը:

Նրանց մեղադրանք է առաջադրված ծանրացուցիչ հանգամանքներում կատարված երկու սպանության և ՀՀ պետական սահմանն առանց պատշաճ թույլտվության հատելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով՝  2 դրվագ, և 329 հոդվածի 2-րդ մասով:

Շոթա Մաղլակելիձեն մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության՝ սպանության նախապես չխոստացված պարտակում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի 1-ին մասով:

Անդրեև ամուսիններին մեղսագրված են Գեղարքունիքի մարզում 26-ամյա երիտասարդի և Երևանում 71-ամյա կնոջ սպանությունները:

2018թ. մայիսի 31-ին Սևանի թերակղզուց դեպի Սևանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված «Վազ- 21074» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերվել էր 26-ամյա Ժորա Մ.-ի դին՝ գլխի շրջանում ջնջխված վերքերով:

Ժորա Մ.-ն Գյումրի քաղաքի բնակիչ էր, աշխատում էր որպես մենեջեր, իսկ ազատ ժամանակ, ինչպես և դեպքի օրն իր «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով տաքսու ծառայություններ էր մատուցում:

Դեպքի օրը նրա մեքենան նստել են ազգությամբ վրացի ամուսիններն ու վերջիններիս ընկերը, պատվիրել են մեկնել Սևան:

Ըստ մեղադրանքի՝  ճանապարհին ուղևորներն ալկոհոլ են օգտագործել, վիճաբանել միմյանց հետ, ինչի պատճառով երիտասարդ վարորդը նրանց դիտողություն է արել:

Առաջադրված մեղադրանքի համաձայն ՝ Անդրեև ամուսինները  շահադիտական դրդումներով, ավազակությամբ զուգորդված, ապօրինաբար կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ  քարերով բազմաթիվ հարվածներ են հասցրել երիտասարդ վարորդի մարմնի տարբեր մասերին: Ամուսինը նստել է գետնին ընկած երիտասարդի ոտքերին, իսկ կինը կքանստել է նրա գլխի հետնամասում,երկուսով  քարերով հարվածներ են հասցրել երիտասարդի գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Սպանությանն ականատես է եղել, բայց ըստ մեղադրանքի, չի մասնակցել, այլ պարտակել է ամուսինների ընկեր Շոթան:

Սպանությունից հետո Անդրեև ամուսինները, ըստ մեղադրանքի,  վերցրել են 26-ամյա վարորդի հեռախոսը, մատից հանել են ադամանդե քարով ոսկյա մատանին, ապա երեքով՝ իրենց ընկերոջ հետ միասին վերադարձել են Երևան:

Սպանության հետքերը թաքցնելու նպատակով ամուսինները լվացել են իրենց հագին եղած արյունոտ հագուստները, իսկ հաջորդ օրը Երևանի առևտրի կենտրոններից մեկում վաճառել են երիտասարդից հափշտակած ոսկյա մատանին:

Տուժող Ժորա Մ.-ն նոր էր ամուսնացել, սպասում էր առաջնեկի ծնունդին…

Այս սպանության նախաքննության ընթացքում բացահայտվել է դրանից ամիսներ առաջ վրացի ամուսինների կողմից Երևանում կատարված ևս մեկ սպանություն:

2018 թվականի հունվարի 15-ի կեսգիշերին իր բնակարանում՝ անկողնում պառկած վիճակում, հայտնաբերվել էր Երևան քաղաքի բնակչուհի, 1947թ. ծնված Անահիտ Ա.-ի դին:

Գործի քննությամբ պարզվել է, որ կինը դարձել է սպանության զոհ:

Իսկ կնոջ շահադիտական դրդումներով սպանությունը մեղսագրվել է վրացի ամուսիններին:

Ըստ մեղադրանքի՝ նրանք իրենց ծանոթների միջոցով Երևանում ծանոթացել էին Անահիտ Ա.-ի հետ: Վերջինս, լինելով մասնագիտությամբ բժշկուհի, թոշակի անցնելուց հետո զբաղվել է ոչ ավանդական բժշկությամբ: Ամուսինները դիմել են նրան՝ իբր առողջական խնդիրներ ունենալով: Նրանք մտերմացել են միայնակ ապրող Անահիտի հետ և տեղեկանալով, որ կինը խնայած գումար, ոսկյա և արծաթյա զարդեր ունի՝ ծրագրել են հափշտակել դրանք:

Այդ նպատակով 2018 թվականի հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը նրանք հյուրընկալվել են Անահիտի տանը, միասին ընթրել են, օգտագործել ոգելից խմիչք, ապա Դիմիտրի Անդրեևը, ըստ մեղադրանքի, տանտիրուհուն կյանքից զրկելու նպատակով  թիկունքի կողմից մոտեցել է նրան, գրկել, մի ձեռքով բռնել է բերանը, որպեսզի կինը չկարողանա օգնություն կանչել, իսկ մյուս ձեռքով սկսել է խեղդել նրան: Տուժողի դիմադրությունը հաղթահարելու համար Դիմիտրին կնոջը հրահանգել է բռնել տուժողի ոտքերը, իսկ ինքը շարունակել է խեղդել նրան:

Տպավորություն ստեղծելու համար՝իբր կինն անկողնում պառկած հանկարծամահ է եղել, Անդրեև ամուսինները հանել են նրա հագուստը, պառկեցրել են անկողնում, հագուստը խնամքով դասավորել են՝ հետքեր չթողնելու նպատակով օգտագործելով ձեռնոցներ:

Ըստ մեղադրանքի՝ տուժող կնոջ բնակարանից հափշտակել են ընդհանուրը՝ 1 միլիոն 891 հազար ՀՀ դրամ արժողության ոսկյա և արծաթյա զարդեր, նաև՝ այլ իրեր:

Երեք ամբաստանյալներից երկուսը՝ սպանությունների համար մեղադրվող Դիմիտրի և Սոփիո Անդրեևները կալանքի տակ են, իսկ առանձնապես ծանր հանցագործության պարտակման համար մեղադրվող Շոթայի խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է:

Անդրեև ամուսիններն ունեն բարձրագույն կրթություն: Նրանք իրենց մեղավոր չեն ճանաչում:

Անդրեև ամուսինները երեխաներ չունեն:

Շոթան հայտնել է, թե  ամուսնալուծված է, ունի երեք անչափահաս երեխա՝ 16, 14 և 9 տարեկան:

Դատարանը այս գործով սահմանել է ապացույցների հետազոտման կարգ ու սկսել է տուժողների իրավահաջորդների հարցաքննությունը: Սկսել ու մնացել է «կանգնած» այդ նույն կետում, քանի որ դատական նիստերն անցկացնելու  «անհաղթահարելի» խոչընդոտ է առաջացել՝ ի դեմս թարգմանչի բացակայության, թարգմանիչ գտնելու և նրա ներկայությունը դատարանում ապահովելու… անհնարինության:

Այս գործով առաջին՝ նախապատրաստական դատական նիստը տեղի է ունեցել  2019 թվականի մայիսի 29-ին:

Մեկ տարուց ավելի ժամանակ է անցել, դատարանը դեռ դոփում է տեղում: 2020  թվականի ընթացքում այս գործով նշանակված է եղել առնվազն 7 դատական նիստ, որոնք տեղի չեն ունեցել նույն պատճառով՝ դատական նիստերն ապահովված չեն եղել թարգմանչով:

2020 թվականի հուլիսն է, սակայն մեր դատական համակարգում դեռևս լուծված չէ թարգմանիչների մասնակցությունն ապահովելու  հարցը, և թարգմանչի պարտադիր մասնակցությամբ նիստերը շարունակաբար հետաձգվում են՝ ողջամիտ ժամկետներում գործերի քննության սկզբունքը դնելով լուրջ վտանգի տակ:

Խոսվում է դատարաններում գործերի կուտակումների, դատական նիստերի անհարկի հետաձգումների մասին, սակայն կարծես թե ստվերում է մնում նիստերը թարգմանիչներով ապահովելու հարցով թույլ տրված սխալ որոշման, դրա պատճառով տարեսկզբից բավական ժամանակ կորցնելու, տվյալ գործերով դատաքննությունը շարունակելու անհնարինության խնդիրը:

Տարեսկզբից «նորամուծություն» էր կատարվել, դատական նիստերը թարգմանիչներով ապահովելու հին կարգը փոխարինել էին նորով՝ դատական դեպարտամենտի փոխարեն այդ հարցի լուծումն իր «ուսերին էր առել» արդարադատության նախարարությունը: Սակայն այն եղանակը, որով պետք է դատական նիստերի մասնակից թարգմանիչներ ընտրվեին արդարադատության նախարարության «ձեռամբ», գործնականում անպետք դուրս եկավ, այդ եղանակը պարզապես ի սկզբանե չաշխատեց՝ մեկը մյուսի հետևից ձախողելով բոլոր այն դատական նիստերը, որոնց պարտադիր պետք է թարգմանիչ մասնակցեր:

Ի վերջո, բավական ժամանակ անպտուղ կորցնելով ու «փորձարկման» ձախողումը ընդունելով՝ նորից վերադարձել են…  հին եղանակին: Բավական ուշացումով նորից դատական դեպարտամենտը հայտարարել է մրցույթ՝ դատական նիստերի թարգմանությունն ապահողվող թարգմանչական ընկերություն գտնելու համար: Ներկա պահին բանավոր թարգմանություն ապահովող ընկերությունների մրցույթը կայացել, բայց արդյունքները դեռ հայտնի չեն, շուտով հայտնի կդառնան՝ այդ մասին մեր զրույցում տեղեկացրեց մրցույթին մասնակցած ընկերություններից մեկի տնօրենը:

Թարգմանչի պարտադիր մասնակցությամբ դատական նիստերը, ըստ երևույթին, հունի մեջ կընկնեն… սեպտեմբերից:

Այս պատճառով առաջացած կուտակումը զգալիորեն ավելացրել է դատարանների գերծանրաբեռնվածությունը, քանի որ մի կողմից՝ քննվող գործերով դատական նիստերը ամիսներով հետաձգվում են, մյուս կողմից՝ ամեն օր դատարաններ մուտք են լինում նորանոր քրեական գործեր…

Դատական նիստերը թարգմանիչներով ապահովելու հարցում ձախողված «փորձարկման» համար որևէ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՞ այդ «վայ-փորձարկման» ու դրա պատճառով ձախողված դատական նիստերի վրա ծախսված պետական կամ դրամաշնորհային միջոցները պիտի «դատաիրավական բարեփոխումներ» անվան տակ «գրանցվեն» ու մոռացության քողով ծածկվեն…