Օրերս համացանցը հեղեղված էր «օրենքը արհամարհած ունեցող» աղջկա եւ ոստիկանների միջեւ արձանագրված միջադեպի տեսագրությամբ, ու «հասարակական-քաղաքական միտքը» հերթական անգամ երկու մասի էր բաժանվել։

Ոմանց զայրացրել էր այդ աղջկա պահվածքը, ուրիշներին՝ այն, որ ոստիկաններն առանց պատճառի մոտեցել էին աղջկան ու անձը հաստատող փաստաթուղթ պահանջել։ Այս վերջիններն անգամ պնդում էին, որ «օրենքն արհամարհած ունեցողը» շատ էլ ճիշտ է արել, որպես բանական մարդ՝ հրաժարվել է կատարել օրինապահների անտրամաբանական պահանջը, մի խոսքով՝ համարյա հերոս է, որի արարքն արժանի է ընդօրինակման։ Եվ ընդհանրապես՝ լավ է արել, որ արհամարհել է օրենքը, իշխող քաղաքական ուժից է օրինակ վերցրել, չէ՞ որ նրանք էլ օրենքի տեսանկյունից վիճելի քայլերով ՍԴ դատավոր-բան են փոխում… Մի խոսքով, ենթատեքստը պարզ է՝ այն քաղաքացիները, որոնց կարծիքով իշխանություններն ինչ-որ հարցում շրջանցում են օրենքը, իրավունք ունեն «արհամարհած ունենալ» օրենքները եւ, ասենք, չենթարկվել ոստիկանության պահանջներին, դիմակ չկրել, հարկեր չվճարել եւ այլն։

Խնդիրն, իհարկե, կոնկրետ այդ միջադեպը չէ։ Խնդիրն այն է, որ որոշակի քարոզչական տեխնոլոգիաներով փորձ է արվում իրավապահ մարմիններ-հասարակություն հարաբերությունները ներկայացնել որպես առճակատում «ասֆալտին փռողների» ու «տուգանքի մատերիալի» միջեւ։ Եվ դա արվում է հստակ քաղաքական նպատակներով։ Տեսեք՝ արդեն չորս ամիս է, ինչ Հայաստանում արտակարգ դրություն է, ու այդ չորս ամիսների ընթացքում կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարն անընդհատ քաղաքականացվել է։ Սկզբում իշխանություններին մեղադրում էին, թե ձեռնարկված միջոցառումներն ուշացած են ու չափազանց մեղմ, բայց զուգահեռաբար քննադատություններ էին հնչում, թե «էդ որ տնտեսությունը փակում եք, բա մարդիկ ինչո՞վ ապրեն», հետո բողոքում էին, թե «էդ ինչի՞ եք տնտեսությունը բացում, պիտի ավելի խիստ միջոցառումներ ձեռնարկվեն», ավելի ուշ՝ «էս ի՞նչ ավելորդ խստություններ են, ամեն տեղ պարտադիր դիմակ կրելը ո՞րն ա, մարդիկ ապրելու փող չունեն՝ դուք բռնում տուգանում եք», ու զուգահեռաբար՝ «այդ արտակարգ դրությունն իշխանություններին պետք է միայն ընդդիմության գործունեությունը խոչընդոտելու համար», եւ այսպես շարունակ։ Եվ իհարկե քաղաքական եզրակացությունը՝ համաճարակի ավարտից հետո իշխանությունները պիտի պատասխան տան ձախողված պայքարի ու հարյուրավոր մահերի համար, եւ ամենաարդարացի պատասխանը կլինի կառավարության հրաժարականը։

Համաձայնվեք՝ առանձնապես բարդ կոմբինացիա չէ, ընդամենը երկու քայլանի։ Այն է՝ «տակից» ամեն ինչ անել, որ կորոնավիրուսի համաճարակը որքան հնարավոր է տարածվի ու դրա դեմ պայքարը ձախողվի, հետո դրա համար պահանջել կառավարության հրաժարականը՝ օգտվելով նաեւ սոցիալական դժգոհություններից (չէ՞ որ ինչքան շատ տարածվի վարակը, այքան մեծ կլինի դրա բացասական ազդեցությունը տնտեսության վրա, ու հետեւաբար՝ շատերի սոցիալական վիճակը կվատթարանա)։

Նման քաղաքական կոմբինացիաները, որոնք գործում են «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով, իհարկե, նորություն չեն։ Պարզապես կոնկրետ այս դեպքում ընդդիմությունն իշխանություններին թուլացնելուն զուգահեռ նաեւ (ու առաջին հերթին) պետությանն ու հասարակությանն է հարվածում։ Գիտակցաբար, թե ոչ՝ այնքան էլ էական չէ։ Բայց արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ իշխանությունները ստիպված են պայքարել ոչ միայն կորոնավիրուսի ու դրա սոցիալ-տնտեսական հետեւանքների, այլեւ դրանց «դաշնակիցների» դեմ։ Ու սա ամենավատն է։

Հ. Գ. Երեւի պատահական չէ, որ մեկ միլիոն բնակչի հաշվով վարակվածների թվով Հայաստանն առաջին տասնյակում է։ Վստահաբար՝ Հայաստանն առաջին տասնյակում է նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարի քաղաքականացվածության աստիճանով։ Եթե ոչ առաջին հնգյակում։