Արդարադատության նախարարությունը e-draft.am կայքում հանրային քննարկման է դրել «Պետական տուրքի մասին օրենքում» փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը։ 

Օրենքի նախագծով առաջարկվում է տուրքի գործող դրույքաչափերն ավելացնել միջինում մինչև 4 անգամ։ Արդյունքում՝ դրամական պահանջի դեպքում տուրքի նվազագույն արժեքը կազմում է 6 000 դրամ, որն էլ իր հերթին կազմում է նվազագույն սպառողական զամբյուղի մոտավորապես 9.77 %-ը: Միաժամանակ, նույն սկզբունքով առաջարկվում է վերանայել նաև դրամական պահանջներով հայցադիմումների, դիմումների տուրքի տոկոսադրույքները, ինչպես նաև տուրքի գանձման այլ դեպքերը։

Նախատեսվում է տուրքի առավելագույն շեմ սահմանել նվազագույն սպառողական զամբյուղի մոտավորապես 407-ապատիկը՝ 25 000 000 դրամ` ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, հաշվարկման հիմքում դնելով ուսումնասիրված երկրների տուրքի առավելագույն չափերի և նվազագույն սպառողական զամբյուղների հարաբերակցությունը: Ինչպես նաև, նշվածի հիման վրա առաջարկվում է սահմանել տուրքի առավելագույն չափերը վերաքննիչ քաղաքացիական դատարանում` 15 000 000 դրամ, և վճռաբեկ դատարանում քաղաքացիական գործերով` 10 000 000 դրամ։

Առաջարկվում է նաև վերանայել Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների համար տուրքի չափերը, փոփոխության ենթարկել նաև տուրքի վճարումից արտոնություններ սահմանելու դեպքերը` գործող իրավակարգավորումների համապատասխան։

Արդյունքում՝ առաջարկվում է վերանայել դրույթներ, որոնք ներկայումս գործնականում չեն կիրառվում, ինչպես օրինակ, տուգանքների զիջման կամ նվազեցման հետ կապված դեպքերը։ Որպես արտոնություն՝ առաջարկվում է նախատեսել ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների կատարման համար դատարան դիմելու դեպքերը։ Վարչական դատավարությունում հատուկ վարույթի գործերով առաջարկվում է արտոնություն սահմանել նաև հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ դիմումների և հասարակական կազմակերպության ներկայացրած հայցերի համար` շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված։

Ըստ հիմնավորման՝ նախորդ երկու տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ արդարադատության իրականացման ծախսերը գերազանցել են դատարանների կողմից հավաքագրված պետական տուրքի գումարները մինչև 4 և ավելի անգամ: Արդյունքում, 2018թ.-ից մինչև 2020թ.-ի առաջին եռմասյակի տվյալներով, «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքներով ՀՀ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Դատական դեպարտամենտին հատկացված և փաստացի ծախսված գումարների տարբերությունը միջինում կազմել է մոտ 4 անգամ։

«Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է համապատասխանեցնել տուրքի դրույքաչափերը ներկայումս հաստատված սոցիալ-տնտեսական ցուցանիշներին։ Կատարվող փոփոխություններով և լրացումներով ակնկալվում է բարձրացնել արդարադատության արդյունավետությունը։ Միևնույն ժամանակ որպես հստակ նպատակ հետապնդվում է դատարան դիմելու մատչելիության սկզբունքը չխախտելը»,- նշվում է Արդարադատության նախարարության հիմնավորման մեջ։