«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք բոլորս մեծ սուգ ենք ապրում՝ կորցնելով մեր հայորդիներին ապագայի բարգավաճման, հետագա սերունդների բարեկեցիկ ապագայի համար:

Իմ եղբոր որդին շատ նվիրված էր Հայոց բանակին, եւ նա ընկավ հերոսի մահով: Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին, նրանք ողջ են, նրանք կապրեն, քանի մենք կանք»:

Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում հերոսաբար զոհված Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությունից առաջ ասաց մայորի հորեղբայրը՝ շարունակելով.

«Գարո՛ւշ ջան, դու ֆիզիկապես մեզ հետ չես, բայց, Փառք Աստծո, ունես 2 արու զավակ, որոնք կմեծանան ու քո կիսատ գործն ավարտին կհասցնեն»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին ու նշելով, որ պետք է մի բան հիշել՝ մենք ուժեղ ենք. երիտասարդներին կորցնելը չի նշանակում՝ կորցնել ամեն ինչ:

«Ընդհակառակը, սա պետք է լինի մեզ ամրապնդելու մի ձեւ, որ մենք ավելի ամուր եւ ավելի կայուն կանգնենք մեր երկրի պաշտպանության եւ զարգացման համար»,- ասաց նա:

Գարուշ Համբարձումյանի հորեղբայրն իր խոսքի վերջում ցավ հայտնեց մյուս զոհերի ընտանիքներին՝ զինվորներին կորցնելու համար: