Ամերիկացի ռեփ-կատարող Քանյե Ուեսթը պատրաստվում է 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու: Այդ մասին նա պատմել է հուլիսի 8-ին Forbes հանդեսում հրապարակված հարցազրույցում:

«Ես իմ թեկնածությունը որպես հանրապետական կառաջադրեի այն դեպքում, եթե չլիներ (Հանրապետական կուսակցությունը ներկայացնող գործող նախագահ Դոնալդ) Թրամփը: Եթե Թրամփն ընտրարշավում է, ապա ես կմասնակցեմ որպես անկախ թեկնածու»,- հայտարարել է Ուեսթը: Նա նշել է, որ այլեւս չի աջակցում Սպիտակ տան ներկայիս ղեկավարին, չնայած այն բանին, որ նրա կողմնակիցն է եղել վերջին տարիներին:

Միևնույն ժամանակ երաժիշտը քննադատել է նաև դեմոկրատներից իր թեկնածությունն առաջադրող նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին՝ նրան հիշեցնելով աֆրոամերիկյան հանրակցությանը հասցեագրված հետևյալ խոսքերը. «Եթե դուք չքվեարկեք իմ օգտին, ապա սևամորթ չեք»:

Ուեսթի խոսքով՝ այդպիսի արտահայտությունները ռասիզմի դրսևորում են: Ռեփերը հայտնել է, թե որպես փոխնախագահի պաշտոնի թեկնածու ինքն ընտրել է իր ընկերոջը՝ Վայոմինգի նահանգից քահանա Միշել Թիդբոլլին: Ընտրարշավի կարգախոսը կդառնա «ԱՅՈ» խոսքը՝ ճշտել է Ուեսթը:

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեստը, վարակված է եղել կորոնավիրուսով: Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը՝ հղում կատարելով Forbes-ին տված նրա հարցազրույցին: Ռեփերը նշել է, որ վարակվել է այս տարվա փետրվարին եւ պատմել ախտանիշների մասին:

«Սարսուռ, դող, երբ պառկած ես անկողնում, տաք լոգանք էի ընդունում, տեսանյութեր դիտում, որոնցում ասվում էր, թե ինչ պետք է անել, որ ապաքինվես: Հիշում եմ՝ մեկն ինձ ասաց, որ ռեփեր Դրեյքը վարակվել է կորոնավիրուսով, եւ ես պատասխանեցի, որ նա չէր կարող ավելի լուրջ հիվանդ լինել, քան ես»,- պատմել է նա:

Միեւնույն ժամանակ Ուեստը բացահայտել է, որ դեմ է պատվաստանյութերին: Նա չէր պատվաստվի, անգամ եթե պատվաստանյութ լիներ: Ընդգծել է, որ զգուշորեն է վերաբերվում այդ հարցին:

«Այնքան շատ երեխաներ կան, որ պատվաստվում են ու կաթվածահար լինում… Ուստի, երբ ասում են, որ միջոցը, որով հաղթահարելու ենք COVID-19-ը, պատվաստանյութն է, ես զգուշավորությամբ եմ վերաբերվում դրան»,- ասել է նա:

Իր հարցազրույցում ռեփերը նաեւ խոսել է ԱՄՆ նախագահ դառնալու իր ծրագրերի թեմայով: Նաեւ անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իր վերաբերմունքին: Ասել է, որ այլեւս չի աջակցում նրան: