Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի  որոշումն ու այն հետ է ուղարկել նոր քննության:

Գագիկ Ծառուկյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու  համար: Վերջինս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, թե քաղաքական հետապնդման է ենթարկվում: Իսկ ահա իշխանությունը հերքում է նրա պնդումները՝ հորդորելով հարցը դիտարկել իրավական հարթության մեջ:

Այս ընթացքում, ինչպես հայտնի է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական ակտիվ հանդիպումներ ու քննարկումներ է անցկացնում արտախորհրդարանական այլ ուժերի՝ մասնավորապես Վանեցյանի գլխավորած «Հայրենիք», ՀՅ Դաշնակցության հետ: Թե ինչ զարգացումներ կունենան քաղաքական այդ կոնսուլտացիաները և այս քաղաքական ուժերի համագործակցությունը՝ պարզ կդառնա առաջիկայում: Հնարավո՞ր է նրանց միանա նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ կողմերն այս մասին չեն հայտարարում, բայցև տարբեր հարցազրույցների ժամանակ էլ կտրականապես չեն հերքել նման հեռանկարը:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ով այդ ուժերի գործունեությունը համարում է ռուսական հինգերորդ շարասյան գործունեություն, ասաց. «Նրանք կարող են լուրջ խնդիրներ ստեղծել, որովհետև ունեն մարդկային լուրջ ռեսուրսներ: Չպետք է  մոռանանք՝ 20 տարի այդ ուժերը հիմնականում մեր ժողովրդին 5-10 հազարով առքուվաճառքի են վերածել: Ցավոք սրտի, այդ համակարգը դեռ գործում է, ու հնարավոր է արտակարգ դրության ավարտից հետո  մենք լրջագույն խնդիրներ ունենանք: Իրենց խնդիրն իշխանափոխությունն է, բայց նույնիսկ  հինգերորդ շարասյան ու արտաքին աջակցության դեպքում լուրջ հաջողության հասնել չեն կարող: Միայն կարող են մեր երկիրը լուրջ ցնցումների ենթարկել: Այդ ցնցումներից խուսափելու ճանապարհը ժողովրդավարական բևեռի ձևավորումն է, ինչը պետք է նախաձեռնի վարչապետը, որը նման քայլեր չի ձեռնարկում: Իմ պատկերացմամբ՝ իշխող ուժը, վարչապետի գլխավորությամբ, կհասկանա, որ երկիրը ցնցումների տանել չի կարելի: Նեղանձնային շահերը պետք է ստորադասվեն մեր պետության գոյությանը: Չպետք է մոռանանք, որ ունենք «բարեկամ» հարևաններ՝ Թուրքիա ու Ադրբեջան»:

Միևնույն ժամանակ Մակեյանը նշեց՝ որքան էլ վերը նշված ուժերն այս պահին առանձին են գործում, առանձին վեկտորներ են, հիմնական նպատակի շուրջ  կարող են համախմբվել, և այդ հիմնական նպատակը իրենց ազատությունն է, իրենց թալանածը պահելը. «Այդ նպատակի շուրջ իրենք կարող են կոմպրոմիսի գնալ ու համախմբվել: Հաշվի առնելով այն փաստը, որ նրանք դրսից են ուղղորդվում՝ այլընտրանք չունեն, համախմբվելու են»:

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ այն, որ նրանք արդեն իսկ միավորված են՝ ոչ ոք չպետք է կասկածի, մեկը մյուսին ծնել են: «Քոչարյանը ծնել է «Ծառուկյան» դաշինքն ու Ծառուկյան գործչին, քաղաքական հայր ու որդի միավորումն է: Տարբեր ժամանակներում տարբեր հեռավորությունների վրա են: Եթե տակտիկական առումով հարմար լինի, որ միասին հանդես գան՝ Քոչարյան-«Ծառուկյան» դաշինք ու այլք, իհարկե կմիավորվեն: Բայց այս պահին քաղաքական իրադրություն չկա, որպեսզի նրանք այդ գծիկով միանան»,- ասաց նա:

Ըստ նրա՝ ընդամենը մեկ  գծիկ պետք է դնել: «Նրանք բոլորը դեմ են Հայաստանի Հանրապետությանը՝ ճիշտ այնպես, ինչպես հարգարժան տիկինը ամբողջ կյանքում աշխատել է ոչ թե  հանուն Հայաստանի Հանրապետության, այլ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: ՍԴ դատավորը՝ ընդդեմ Սահմանադրական հանրապետության: Հենց  այդպես էլ Քոչարյան և  Ծառուկյան ու այլ քաղաքական տրաֆիքինգ-մարմնավաճառները միշտ էլ միավորվել են, երբ որ  հաճախորդը դա հանձնարարել է: Այդպիսի մթնոլորտ է այսօր Հայաստանում: Կմիավորվեն, թե ոչ՝ կարևոր չէ, նրանք միավորված են մի կարևոր բանով՝ դեմ են Հայաստանի Հանրապետության բարգավաճմանը, իրենց զարգացման ու կայացման և անձնական շահերի տերն են. եթե այդ անձնական շահը պահանջի՝ կմիավորվեն գծիկով»,- եզրափակեց Արշակյանը: