Մենք պետք է Հայաստանում փորձենք այս թիմով ձևավորել շարժում, իր համախոհների հետ համացանցային հեռավար հանդիպմանը ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով նրանց հարցերին և խոսելով քաղաքական իրողությունների մասին:

Քոչարյանը հայտարարել է, որ դա բավականին բարդ խնդիր է, բայց ինքը հավատում է, որ այն իրագործելի է: Ինչ խոսք, Ռոբերտ Քոչարյանը գոնե մինչ այժմ իր համախոհների մոտ «վերցրել» է քաղաքական այնպիսի բարձր նոտա, որ անգամ հեռանկարին չհավատալու դեպքում էլ պարտավոր է պահել այդ նոտան, գոնե առժամանակ:

Մյուս կողմից, նա գուցե իրապես հավատում է կամ համարում, որ ունի քաղաքական հեռանկար: Այստեղ հարցն, իհարկե, նրա պատկերացումների համարժեքության կամ իրատեսության գնահատականը չէ: Դա Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմի խնդիրն է:

Կողքից այդ ամենը դիտարկման է արժանի ներքաղաքական գործընթացներում ազդեցության տեսանկյունից: Այդ իմաստով, Ռոբերտ Քոչարյանի հանդիպման ֆոնին հետաքրքիր է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տարածած հայտարարությունը: Պետք է նկատել, որ լրահոսում հայտնվելու առումով Ծառուկյանի հայտարարությունը եղել է ավելի շուտ, քան Ռոբերտ Քոչարյանի հանդիպման բովանդակության վերաբերյալ տեղեկությունը: Բայց երկրորդ նախագահի և համախոհների հեռավար զրույցը եղել է Ծառուկյանի հայտարարությունից առաջ, ինչն ուշագրավ դետալ է:

Բանն այն է, որ ԲՀԿ նախագահն իր հայտարարության մեջ էապես մեղմացրել էր այն գնահատականներն ու շեշտադրումները, որ արել էր իշխանության հասցեին հայտնի իր ելույթում: Ավելին, նրա հայտարարության մեջ նշմարվում էր անգամ իշխանությանը քաղաքական և տնտեսական ծառայություն մատուցելու պատրաստակամություն: Ի դեպ, հատկանշական է փաստը, որ Նիկոլ Փաշինյանը չի շտապել գնահատել Ծառուկյանի հայտարարությունը, անգամ խոսնակի միջոցով: Կասկած չկա, որ Գագիկ Ծառուկյանը մինչև Քոչարյան-համախոհներ հանդիպման բովանդակության մասին տեղեկատվության տարածումը, տիրապետել է բովանդակությանն անհրաժեշտ չափով: Ըստ այդմ, նա, իհարկե, տեղյակ եղել է շարժում ձևավորելու մասին երկրորդ նախագահի խոսքից: Մենք բազմաթիվ անգամ առիթ ենք ունեցել խոսել այդ մասին՝ Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը կլինեն կամ մրցակիցներ, կամ մեկն իր տեղը պետք է զիջի մյուսին: Նրանց, այսպես ասած, գործակցված խաղը իմաստազրկվել է մի շարք պատճառներով, եթե անգամ դիտարկենք դրա հավանականությունը:

Նախ, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է հրապարակային քաղաքական դիրքավորման մասին և այժմ խոսում է անգամ շարժում առաջնորդելու տրամաբանությամբ (դարձյալ մի կողմ թողնենք հեռանկարի հարցը): Ըստ այդմ, Գագիկ Ծառուկյանն էլ, որպես, այսպես ասած ընդդիմադիր դաշտի ֆիգուր, պետք է դիրքավորվի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Մյուս կողմից, նրանց գործակցված խաղը եղել է Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, որտեղ մի էական հանգամանքն այն էր, որ Ռոբերտ Քոչարյանը հրապարակային չէր, մյուսն այն, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ չէր, չուներ հանրային հենարան: Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը նրան թույլ է տալիս լինել ավելի կոշտ, հետևաբար՝ խաղը տեղափոխել այսպես ասած՝ բաց դաշտ, կամ վարել բաց խաղ: Բաց խաղը Ռոբերտ Քոչարյանի և Ծառուկյանի համար շահեկան մոդել չէ: Ի լրումն այդ ամենի, իր բաց խաղն է խաղում նաև Սերժ Սարգսյանը, և դա խնդիր է ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Ռոբերտ Քոչարյանի և Ծառուկյանի համար՝ միասին, թե առանձին: Հենց այդ դասավորությունն է, թերևս, նաև Գագիկ Ծառուկյանին հիմք տալիս ներկայացնել Նիկոլ Փաշինյանին հենց նրա հետ խաղալու պատրաստակամություն: Հավանաբար՝ դա է նաև պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանը փաստացի վերահաստատում է խաղի իր մտադրությունը՝ տեսնելով, որ Գագիկ Ծառուկյանն ավելի հակված է խաղալ Նիկոլ Փաշինյանի, քան իր հետ: Ում հետ խաղին է հակված Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ ում է նա դիտարկում առավելագույնս նախընտրելի հակադիր ուժ, թեև մեծ է հավանականությունը, որ Փաշինյանն այդ հարցում ընտրությունը կձգի հնարավորինս երկար՝ մյուս դաշտում մրցակցությունը խորացնելու և մրցակիցներին էլ ավելի շատ բացելու ակնկալիքով: