Ազատության մեջ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցների հետ առցանց հանդիպման ընթացքում հայտարարել է, որ պետք է այդ թիմով Հայաստանում փորձեն ձևավորել շարժում: Քոչարյանը հայտարարել է նաև, որ դա բավականին բարդ խնդիր է, բայց ինքը հավատում է, որ այն իրագործելի է:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադառնալով հարցին, ասաց՝ 2018-ին Քոչարյանը շանսեր ընդհանրապես չուներ, քանի որ նրա հակավարկանիշը շատ մեծ էր: Այժմ, ըստ նրա, Քոչարյանի քաղաքական հաջողությունները՝ ի տարբերություն 2018-ի, գիտաֆանտաստիկայի ժանրից չէին. «Մենք հիմա միանշանակ չենք կարող ասել, որովհետև էական փոփոխություններ են տեղի ունեցել: Հեղափոխական էյֆորիա չկա, վարչապետի վարկանիշն էական անկում է ապրել, կորոնավիրուսային համաճարակը նույնպես իր դերակատարությունն ունեցավ այն իմաստով, որ ցույց տվեց, որ իշխող քաղաքական թիմը լավ չի կառավարում համաճարակային իրավիճակը, մարդիկ են մահանում. սա իշխող քաղաքական թիմի ու նրա ղեկավարի նկատմամբ դժգոհություն է առաջացնում: Բացի դրանից՝ երկրորդ նախագահը երկու տարի կալանավորված էր, դա, իհարկե, նրա վարկանիշը չի բարձրացրել, բայց մենք այդպես էլ չիմացանք՝ հիմա նա մեղավո՞ր էր, թե՞ ոչ, որովհետև դատական գործընթաց այդպես էլ տեղի չունեցավ»: Ըստ մեր զրուցակցի՝ ընդդիմադիր այլ ակտիվ գործողություններ տեղի չեն ունենում, միայն երեք քաղաքական ուժ դատախազություն բողոք են ներկայացրել, բայց նրանք իշխող քաղաքական ուժին այլընտրանք չեն կարող դառնալ. «Իսկ իշխանություններից առաջացած դժգոհությունը պետք է ինչ-որ ձևով նյութականացվի, ես չեմ պնդում, բայց կարող է աշխատել ռուսական ասացվածքը`երբ ձուկ չկա, խեցգետինն էլ ձկան տեղ կանցնի»:

Արմեն Բադալյանի խոսքերով՝ դրա համար երկրորդ նախագահը պետք է որոշակի փոփոխություններ իրականացնի՝ գումար ծախսի, մրցունակ կառույցներ ստեղծի: Այստեղ, իհարկե, դերակատարություն կունենան հայ-ռուսական հարաբերությունները, երկրորդ նախագահի կողմից որոշակի գրագետ գործողությունները: Ես ոչինչ չեմ պնդում, բայց երկու տարի առաջվա նման չեմ կարող վստահեցնել, որ նա չի հաջողի»:

Դիտարկմանը, թե, շատերի կարծիքով, եթե նույնիսկ հասարակությունը դժգոհի իշխանություններից, Քոչարյանն այն մարդը չէ, որ այդ դժգոհությունները կոնսոլիդացնի, Բադալյանն արձագանքեց. «Բայց այդ նույն հասարակությունը սուլելով հեռացրեց Կարեն Դեմիրճյանին, հետո, երբ տաս տարի հետո նա վերադարձավ՝ նրա ոտքերի մոտ ոչխար էր մորթում: Ես տեսել եմ հասարակություն, որը աջակցեց առաջին նախագահի հեռանալուն, բայց տաս տարի հետո առաջին նախագահի ոտքերի մոտ ոչխար էր մորթում: Երեսուն տարվա մեջ առնվազն երկու դեպք եմ հիշում, երբ քաղաքական գործչին սուլելով ու արհամարհելով ճանապարհում են, բայց որոշ ժամանակ անց գրկաբաց ընդունում»:

Քաղաքագետ Արկադի Վարդանյանն այլ կարծիք ունի: Նրա դիտարկմամբ՝ որքան էլ նվազի իշխանության վարկանիշը, Քոչարյանը շանսեր ունենալ չի կարող։ «Աշխարհն էլ շուռ գա, նա ոչ մի շանս չի ունենա: Թող հանգիստ վեր ընկնի տեղը, մինչև հերթական անգամ տանեն խուց: Իրենք են հնարում, խոսում, հանդիպումներ են կազմակերպում, մի գժված կին էլ ասում էր՝ ձեր գիրքը կարդում ու յուրաքանչյուր տող ինձ մոտ արտասուք էր առաջացնում: Բայց ես չեմ կարծում, թե այդ հանցագործի վրա լուրջ ուշադրություն է պետք դարձնել»,- ասաց նա:

Վարդանյանի խոսքերով՝ փաստացի այսօր ընդդիմադիր է Ազգային ժողովրդավարական բևեռը. «Այնքան, ինչքան մենք ենք առաջարկել իշխանությանը մտնել երկխոսության մեջ, լսել մեր ողջամիտ առաջարկությունները, որոնք կազմված են հմուտ մասնագետների կողմից… չեն ուզում, թող շարունակեն երկիրը տանել դեպի ոչնչացման, դա իրենց ընտրությունն է: Ժողովուրդն էլ հասկանում է, որ իրեն խաբել են, ու դա պլանավորված էր: Երբ սթափ ես գնահատում իրավիճակը, հասկանում ես՝ երկիրը սխալ ուղղությամբ է գնում»: