MHH

Մարզահամերգային համալիրում ընթանում է ՀՀ դատավորների ընդհանուր, ամենամյա ժողովը: Այն պետք է կայանար դեռ մարտի 13-ին, սակայն համավարակով պայմանավորված հետաձգվել էր։

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան նշեց, որ նիստն իրավազոր է, ներկա է 180 դատավոր: Նշենք, որ քվորում ապահովելու համար անհրաժետ է 119 դատավորի ներկայություն:

Խաչատրյանի խոսքով՝ դատավորների ընդհանուր ժողովը որոշում է կայացրել այսօրվա նիստը դռնփակ անցկացնելու մասին:

Նիստի օրակարգը բավականին հագեցած է. քննարկվելու են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի, դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ընտրության հարցերը:

Նշենք, որ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելու դիմում են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը եւ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրի դատավոր Արման Կուրեխյանը:

ԲԴԽ թափուր տեղի համար թեկնածություն են ներկայացրել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի երեք դատավորներ՝ Սուրեն Անտոնյանը, Գոռ Հակոբյանը, Ստեփան Միքայելյանը:

Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածություն են  ներկայացրել Աշխեն Ղարսլյանը, Արսեն Թավադյանը, Անահիտ Մանասյանը:

Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներ են առաջադրվել Գաբրիել Պետրոսյանը, Հասմիկ Հարությունյանը, Արտաշես Խալաթյանը, Աշխեն Ղարսլյանը:

Բոլոր թեկնածուների ընտրությունը արվելու է փակ, գաղտնի է քվեարկությամբ, ինչից հետո դատավորների ընդհանուր ժողովը արդյունքների մասին կհայտարարի: