Հունիսի 30-ին ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավով ազատելու՝ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը  տեղեկացրել է, որ բողոքը մուտքագրված է ՀՀ Վճռաբեկ դատարան։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մասնակի բավարարել էր մոտ մեկ տարի կալանքի տակ գտնվող Քոչարյանի պաշտպանների դիմումը և 2 միլիարդ դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակելու որոշում էր կայացրել:

Գրավի չափը պաշտպանական կողմը գնահատել էր աննախադեպ: Դա, իրոք, Հայաստանի Հանրապետությունում երբևէ սահմանված «ամենաթանկ» գրավն է, որի վճարումը բավական արագ կազմակերպվեց: Որոշման կայացումից մեկ օր անց 2  միլիարդ դրամ գրավը դատարանի դեպոզիտ հաշվին վճարվելուց հետո Քոչարյանն ազատ է արձակվել ու բժշկական հետազոտությունից հետո գնացել է տուն:

2 մլրդ դրամ գրավը վճարվել է հանրահայտ խոշոր գործարարների, այդ թվում՝ ռուսաստանաբնակ հայտնի գործարարների աջակցությամբ։

Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից հետո դատախազության տարածած հայտարարության մեջ ասված է. «Դատախազությունը բազմիցս է նշել, որ գտնվում ենք դատական քննության այնպիսի փուլում, երբ զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը, և կալանքից բացի, որևէ այլ խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնելու ամբաստանյալի պատշաճ վարքագծի ռիսկերը»:

Իր վերջին ճեպազրույցներից մեկում գործով մեղադրող Գևորգ Բաղդասարյանը նշել է, որ վերջին շրջանում Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին «միացող» տուժողների ի հայտ գալը հենց վկայում է ազատության մեջ գտնվելու դեպքում ամբաստանյալի կողմից քննությանը խոչընդոտելու, դատավորության կողմերի վրա անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկերի մասին:

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն իր վարույթ է ընդունել 2019 թվականի օգոստոսի 20-ին:

Դատական նիստ է նշանակվել 2019 թվականի սեպտեմբերի 12-ին: Շուտով կլրանա քրեական գործը դատավորի վարույթ ընդունելու մեկ տարին, սակայն մինչ այժմ դատարանը դեռ դոփում է տեղում՝ քննելով միայն խափանման միջոցի ու բացարկների վերաբերյալ միջնորդություններ:

Արդեն իսկ կարելի է կանխատեսել, որ հանրության հետաքրքրության կիզակետում գտնվող այս ծավալուն ու բարդ գործի քննության ընթացքում  առնվազն դժվար թե հնարավոր լինի խուսափել ողջամիտ ժամկետներում գործի քննության կարևոր սկզբունքի խախտումից: