Aroxjapahutyun

Հուլիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26658 դեպք, որոնցից 15036-ն` առողջացած, 459-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11010 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 115765 թեստավորում:

Այսպիսով` այսօր կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 593 նոր դեպք և 473 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 79 (կին), 68 (կին), 62 (կին), 63 (տղամարդ), 72 (կին) և 78 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 153 է:

Երեկ արձանագրվել է 593 դեպք՝ 2100 թեստից։ Այսինքն սկզբունքորեն տոկոսային առումով էական փոփոխություն չկա։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Դժբախտաբար եղել է 6 մահ կորոնավիրուսից եւ 4 հոգի մահացել է կորոնավիրուս ունենալով, բայց ոչ կորոնավիրուսից։ Բուժված քաղաքացիների թիվը 473։ Ընդհանուր թվերը ստացվում է 26 հազար 658 դեպք մինչ օրս արձանագրված եւ 459 մահ։ Ընդհանուր բուժվածների թիվը 15 հազար 36 է»,- ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսով զբաղվող առողջապահական համակարգում զբաղվածության առումով իրավիճակը մնում է մոտավորապես նույնը։

«Այսինքն՝ վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են։ Իհարկե՛, կան 1-2 տեղեր բոլոր տեղերում եւ մենք կարողանում ենք դրանց հաշվին ծանր եւ ծայրահեղ ծանր քաղաքացիներին տեղավորել, որոնց թիվն այսօր գումարային կազմում է մոտ 650 հոգի։ Նրանցից 44-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին։ Նաեւ շարունակվում է նոր հզորությունների մեծացումը։ Ես այսօր ինքս էլ գնալու եմ տեսնելու Սպիտակի եւ Մարտունու բժշկական կենտրոնների ծավալվող բաժանմունքները, որոնք հագեցած են լինելու, թե՛ անհրաժեշտ սարքավորումներով եւ թե՛ ամենակարեւորն այս պահին՝ թթվածնային հագեցվածությամբ»,- նշեց նախարարը։

Նա տեղեկացրեց նաեւ, թե քանի քաղաքացի է սպասում հոսպիտալացման. «Առավոտյան 09։00-ի դրությամբ ունենք սպասող ընդամենը 11 հոգի, որից 4-ը միջին ծանրության եւ 7-ը թեթեւ։ Մնացած եւս մոտ 80 հոգի սպասում են տեղափոխման այնպիսի հիվանդանոցներ, որոնք զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ։ Այս առումով կարող եմ ասել, որ վիճակը հարաբերականորեն կայուն է։ Իսկ ընդհանուր կարծում եմ, որ պետք է նույն կերպ շարունակենք»։

Թորոսյանն ընդգծեց՝ ապացուցողական բազան իրենց կողմից որդեգրված կանոնների պահպանման արդյունքների առումով օրեցօր շատանում է։

«Նույնիսկ նույն երկրի մասշտաբով՝ օրինակ ԱՄՆ-ում տարբեր նահանգներում, որտեղ դիմակների կրումը կամ պարտադիր է կամ պարզապես խորհուրդ է տրվում, հետազոտողները ակնհայտ շարունակում են տարբերություններն արձանագրել։ Որտեղ այդ ամենը պարտադիր է եւ լավ պահպանվում է կայունացում եւ թվերի իջեցում, որտեղ որ դա պարզապես խորհուրդ է տրվում կամ նորմալ չի պահպանվում։ Հետեւաբար մեր գործողությունները պետք է լինեն շարունակական, որպեսզի կարողանանք հաղթահարել այս մարտահրավերը»,- ասաց նախարարը։

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել, հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

«Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում, որը կապակցված է Շուշիում երեկ հաստատված դեպքի հետ: Երկու օջախներից 6 քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19: Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում»,- նշված է հաղորդագրությունում: