Putin Aliev

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է նախօրեին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Պուտին-Ալիև հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում, բացի երկկողմ հարցերից, անդրադարձ է եղել նաև ռեգիոնալ հարցերին՝ «հայ-ադրբեջանական հուլիսյան լարվածության համատեքստում»:

Հատկանշական է այն, որ Պուտինի հետ զրույցի Ալիևի նախաձեռնությունը տեղի է ունենում թուրք-ադրբեջանական զորավարժությունների ֆոնին, որոնք ծավալվում են նաև Նախիջևանում: Պուտինն, ըստ հաղորդագրության, խոսել է լարվածության սրացման ունակ գործողությունները բացառելու կարևորությունը:

Ի՞նչն է ստիպել թուրքական բավականին աշխույժ և գործուն աջակցություն ստացող Ալիևին զանգահարել Պուտինին: Նա զանգահարել է նոր շանտաժի՞, թե՞ հակառակը՝ ինչ-որ բան խնդրելու համար: Հայկական բանակի հասցրած հուլիսյան հակահարվածից հետո՝ ի պատասխան ադրբեջանական սադրանքի, Ադրբեջանի նախագահը հայտնվել էր ակնհայտ ցայտնոտում: Ի վերջո, նա պատասխանատվությունը կախեց արտգործնախարար Մամեդյարովի և դիվանագիտական կորպուսի վրա: Ամբողջ հարցն այն է, որ այդ քայլը ոչ միայն պատասխանատվության օբյեկտի կամ քավության նոխազի փնտրտուքի արդյունք էր կամ ընտրություն, այլ նաև որոշակի իմաստով հակառուսական դեմարշ:

Ավելին, օրերս իր առաջին այցը Անկարա կատարել էր Մամեդյարովի փոխարեն նշանակված Ջեյհուն Բայրամովը, որը արտգործնախարար է ըստ էության օդից՝ հաշվի առնելով այն, որ չունի դիվանագիտական մասնագիտություն, դիվանագիտական աշխատանքի փորձ, տնտեսագետ է և իրավաբան, եղել է կրթության նախարար: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Իլհամ Ալիևն այդ քայլով ըստ էության ցույց է տալիս ադրբեջանական դիվանագիտության մեջ ռուսական ազդեցությունն «արմատախիլ» անելու մտադրություն՝ հաշվի առնելով, որ Մամեդյարովը ըստ էության այդ ազդեցության յուրօրինակ գործակալ էր: Չի բացառվում, որ այդ քայլերից հետո Ադրբեջանի նախագահը անցնում է Ռուսաստանի հետ լարվածությունը որոշակի մեղմելու նախաձեռնության, որովհետև հազիվ թե Ալիևը ունենա ներկայիս վիճակում շանտաժի տրամաբանության վերադառնալու անմտություն:

Մյուս կողմից՝ իհարկե, Ալիևի նախաձեռնության մեջ պետք է նկատել թերևս մեկ այլ նրբերանգ: Նա զանգահարում է Պուտինին բելառուսական ճգնաժամի ֆոնին: Մենք առիթ ունեցել ենք գնահատելու, որ այդ ճգնաժամը ամենևին լոկ ներբելառուսական կամ անգամ բելառուսառուսական չէ: Այդ ճգնաժամը փոխում է եվրասիական ռեգիոնի ստատուս-քվոն և կարող է փլուզել ավանդական հարաբերությունների մի ամբողջ համակարգ:

Հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևն առայժմ առաջինը և միակն է, որ հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ, ընդ որում՝ հենց հետընտրական առաջին թեժ գիշերից հետո: Պետք չէ բացառել, որ նա հավակնում է ինչ-ինչ միավորներ վաստակել Պուտինի և Լուկաշենկոյի միջև միջնորդության փորձով՝ ձգտելով թույլ չտալ եվրասիական գոտու ավանդական հարաբերությունների որևէ փլուզում, կամ առավել ևս ունենալով մտավախություն, որ Լուկաշենկոյից հետո ինքը կարող է դառնալ այդ ռեգիոնի նոր թույլ օղակը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •