Հայաստանում բիզնես ոլորտում պետք է հստակ ստանդարտներ սահմանվեն, բիզնեսին պետք է հարցնել՝ դուք գործընկեր եք, թե ոչ։ Եվ եթե բիզնեսի վիճակը լավ է, չպետք է խուսափել հարկերից։

«Երբ հարկեր վճարելու ժամանակն է գալիս, հայտնի լացի պատմությունը սկսվում է։ Երբ սենց ճգնաժամ է, գալիս ասում են՝ դե բյուջեից 5 մլրդ ընդեղ դրեք, 100 մլրդ՝ ընդեղ, 60 մլրդ՝ ընդեղ։ Որտեղի՞ց, դուք ասում էինք՝ չկա էդ փողը, հնարավոր չէ վճարել, դուք եք ձևավորում, մենք բոլորս ենք ձևավորում այդ բյուջեն։ Եվ խնդիրներն ավելի խորն են, քան մենք երբևէ պատկերացրել ենք»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց՝ այսօր տարբեր կազմակերպություններ գալիս են և հասկանալի պատճառներով բյուջեից ակնկալում են տարբեր աջակցություններ։

«Ես հիշում եմ 1,5-2 տարի առաջվա քննարկումը, երբ մենք այդ նույն մարդկանց ներկայությամբ փորձում էինք ասել, որ բյուջեն մեր բոլորիս գրպանն է, պետք չէ ամեն ինչ անել՝ բյուջե մեկ կոպեկ պակաս վճարելու համար։ Եվ ես այս հանդիպումների ընթացքում հիշեցնում էի մեր գործընկերներին, ասում էի՝ հիմա եկել ասում եք՝ բյուջեից այս տվեք, այն տվեք, բայց երբ խոսքը գնում է այն մասին, թե բյուջեին ինչքանով եք պարտաճանաչ վճարում, այն ժամանակ դրա մասին խոսք չի գնում։ Դրա համար էլ գործարար շրջանակներն իմ հանդիպումներից դժգոհ են դուրս գալիս, ասում են՝ մի քիչ դժգոհ ենք։ Է, լավ է, որ դժգոհ եք, որովհետև մեր վարքագծի մասին պետք է մտածենք, չէ՞»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հարցադրում արեց՝ ի՞նչ է նշանակում ՀԴՄ չխփել։ «Էն ժամանակ ասում էին՝ կառավարությունը կոռումպացված ա, բոլորը տանում են, մենք էլ ենք տանում։ Հիմա էլ ղալաթ կանի մեկը, որ կասի՝ կառավարությունը կոռումպացված ա։ Հիմա էլ ես եմ ասում՝ կոռուպցիոն էդ երևույթը այդտեղ մնացել է։ Եվ ես էլի եմ ասում՝ ՀԴՄ չխփելը զինվորի հացը գողանալ է շատ կոնկրետ։ Եվ այստեղ չքմեղանալու կարիք ընդհանրապես չկա։ Երբ մենք գնում ենք մեր բիզնես պրոցեսները տեսնում ենք, ապա տեսնում ենք, որ բոլորը կանգնած մտածում են՝ որտեղ է հնարավոր մի բան գցել էն կողմ։ Հետո կգա ու պահանջատիրություն կառաջանա՝ բա էս հարցը ինչպե՞ս է լուծվում, բայց ոչ մեկ չի ասում՝ էս բյուջեն հավաքվում է մեր բոլորի գործադրած ջանքերի առումով»,- հավելեց նա։

Փաշինյանն ասաց՝ այսօր խոսում են գույքահարկի բարձրացման մասին ու փորձում խնդիր առաջացնել։ «Ոչ մեկ չի ասում՝ եկեք տեսնենք Երևանի կենտրոնում գույքահարկը քանի՞ կոպեկ է։ Ոչ մեկ չի ասում՝ եկեք արձանագրենք, որ ՀՀ-ում անշարժ գույքի հարկ ընդհանրապես գոյություն չի ունեցել, որովհետև էդ փախեփախի տրամաբանության մեջ է եղել, այդ անշարժ գույքի կադաստրային արժեքը դրված է եղել սեփականաշնորհումների հիմքում։ Եվ չնչին կոպեկներով այս դահլիճում ամբողջ Հայաստանի գույքը ոչ միայն սեփականաշնորհվել է, դրանից հետո գույքահարկ չի վճարվել։ Այս տրամաբանությունը պետք է փոխել։ Հիմա ճգնաժամ է, հասկանում ենք, մենք կվերադառնանք այն շրջանին, երբ ամենադաժան ձևով պետք է բիզնեսի կարգապահությունը և ստանդարտները բարձրացնենք»,- հայտարարեց նա։

Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ խնդրին, որ բիզնեսն ակնկալում է կառավարության աջակցությունը նոր շուկաներ դուրս գալու համար։ Բայց մեր բիզնեսը միշտ նշաձողը դնում է ամենացածր սեգմենտի, որակական ամենացածր ստանդարտների վրա։

«Դա նրանից է, որ մեզ մոտ գործարարության ստանդարտ չկա, հիմա նոր աղմուկ է բարձրանալու։ Ավելի կարևոր է, որ այդ գործարարության արդյունքում հնարավորինս երկար, հնարավորինս բարձր ու լայն ավտոմեքենայով շրջեն, քան թե գումար ներդնեն գիտելիքի, տեխնոլոգիայի, ստանդարտների վրա։ Հնարավորինս երկար շարասյուներով շրջեն, քան թե բիզնեսի գիտելիքի, նորարարության վրա գումար դնեն։ Դրա համար էլ էսօր այս վիճակն է։ Եվ մենք պայմանավորվել ենք, որ ամեն ինչի ստանդարտների բարձրացում պետք է լինի»,- հավելեց Փաշինանը։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •