«Կան դժգոհություններ, որ քաղաքացիները տուգանվում են դիմակ չկրելու համար։ Այո, դրա համար կա շատ պարզ ձև՝ կրել դիմակ և չտուգանվել։ Էն ժամանակ ասում էին՝ կրիր դիմակ, փրկիր կյանքեր, հիմա հույս ունենք, որ մահերը կզրոյանան, կասենք՝ կրկիր դիմակ և մի տուգանվիր»,- կառավարության  այսօրվա արտահերթ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ սրանով փորձում են հիվանդացությունը նվազեցնել, մինչև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետ կապված հարցերը կլուծվեն։

«Եվ այստեղ էլի ու էլի մեր թիվ մեկ գործընկերը մեր քաղաքացին է, ում խնդրում ենք, որ ականաջալուր լինեն։ Այս լավատեսական իրավիճակը, որ մենք ունենք, պետք է կրկնապատկի մեր զգոնությունը և կարգապահությունը, ժամանակը ցույց տվեց, որ կարգապահությունը բերում է արդյունք։ Եվ հետևաբար, պետք չէ սեփական ձեռքերով քանդել սեփական ձեռքերով կառուցված արդյունքը, մանավանդ, որ մենք հիմա պատրաստվում ենք սեպտեմբերի 15-ից ամբողջ հանրակրթությունը բացել,  բուհական համակարգի հետ կապված քննարկումները դեռևս շարունակվում են։ Եվ այդտեղ անխուսափելիորեն թվերի որոշակի աճ լինելու է։ Մեր հիմնական ռիսկը դա է։ Այդ եթե մենք կանոնները պատշաճ պահենք, թվերի աճը կլինի այնպիսին, որ մեր այսօրվա խոսակցության բովանդակությունը չի փոխվի։ Բայց եթե պատշաճ կարգապահություն չպահվի, մենք նորից վերադառնալու ենք ճգնաժամային իրավիճակի»,- ասաց վարչապետը։

Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում որոշեց Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել ևս մեկ ամսով։

«Մենք ստիպված ենք հիմա ևս մեկ անգամ արտակարգ դրությունը երկարացնել, հույս ունենք՝ վերջին անգամ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այս անգամ արտակարգ դրության ռեժիմը կլինի ավելի մեղմ։ Փաշինյանը նաև հավելեց, որ այս որոշման ուժով այսօր Ազգային ժողովում կգումարվի հատուկ նիստ։

Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլը շարունակվում է։ Այս մասին կառավարության այսօրվա արտահերթ նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նշենք, որ կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել՝ Հայաստանում  2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու համար։

«Երկվա դրությամբ հաստատված նոր 201 դեպք ունենք՝ կատարված 1710 հետազոտությունից, ինչը տեղավորվում է այն նույն միտման շրջանակներում, որի մասին մենք վերջին մի քանի շաբաթներին խոսում ենք։ Այսինքն՝ յուրաքանչյուր հաջորդ շաբաթ օրական արձանագրվող դեպքերի թիվը մոտավորապես 50-ից 100-ով ավելի ցածր է, քան նախորդ շաբաթ այդ օրերը արձանագրված դեպքերը։ Եվ այն տրամաբանությունը, որ մենք նշում ենք, որ ունենք ռեալ հնարավորություն այս թվերը իջեցնելու, մնում է ուժի մեջ։ Մենք նաև դրանից բխող ունենք բավական թեթև վիճակ հիվանդանոցային համակարգում՝ թե սովորական մահճակալների և թե ռեանիմացիոն մահճակալների մասով։ Ինչպես նաև ունենք իջած թվեր ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների, որն, իհարկե, տատանվում է մոտ 300-ի շրջանակներում»,- ասաց նախարարը։ Ըստ նրա՝ ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների թիվը ավելի դանդաղ է նվազում, իսկ բացատրությունն այն է, որ ռեանիմացիոն հիվանդները շատ երկար են  պառկում, լինում են դեպքեր, որ մինչև 50-60 օր վերակենադանցաման բաժանմունքներում մարդիկ բուժում են ստանում։

«Ամփոփելով՝ կարող եմ ասել, որ հաղթահարման փուլը շարունակվում է, մեր ջանքերը մեր դրած կանոններին հետևելու իմաստով իրենց արդյունքները տալիս են։ Եվ հոյս ունենք, որ տեմպը կշարունակվի։ Իհարկե, զրո թվին մոտենալ, ես չեմ կարծում, որ մենք պետք է նման նպատակ դնենք մեր առաջ։ Հավանաբանար ինչ-որ թվի՝ 50-100-ի շրջանակներում պահելը մեզ համար պետք է ընդունելի լինի, քանի որ շատ դժվար է լինելու հասնել այդ զրոյին»,- նշեց նա։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •