«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության ժամկետն օգոստոսի 12-ից կերկարաձգվի եւս մեկ ամսով, բայց մի շարք սահմանափակումներ կվերանայվեն, օրինակ՝ հանրահավաքների ու հանրային միջոցառումների արգելքները:

Այս մասին երեկ՝ պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ, հայտնեց պարետ Տիգրան Ավինյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս իր օգոստոսի 5-ի համարում հայտնել էր, որ չնայած Արդարադատության նախարարությունը կառավարության հետ համատեղ գրեթե ավարտել է քննարկումները եւ առաջիկայում կներկայացնի նախագիծ, որը հնարավորություն կտա կորոնավիրուսային պայմաններում աշխատանքները կազմակերպել առանց արտակարգ դրությունը երկարացնելու, սակայն ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանը հակված է այն եւս մեկ անգամ երկարաձգելուն:

Եվ, ահա, երեկ պարզ դարձավ, որ այն երկարաձգվում է եւս մեկ ամսով, սակայն վերջին անգամ: Այսպիսով, Ազգային ժողովը օգոստոսի 12-ին պետք է հատուկ նիստ գումարի եւ քննարկի այդ նախագիծը: Մինչ այդ նկատենք, որ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգվելու է արդեն 5-րդ անգամ: Իսկ այն եւս մեկ ամսով երկարաձգելու պատճառն այն է, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանությունները դեռ երկմտում էին՝ ինչպես վարվել՝ մեկ ամսով էլ երկարաձգել արտակարգ դրությունը եւ նոր օրենսդրություն ընդունել արդեն հերթական նստաշրջանում՝ այն կիրառելով սեպտեմբերից, թե ավարտել արտակարգ դրությունը եւ առաջնորդվել այլ կարգով: Ամեն դեպքում, քննարկումները հանգել են առաջին տարբերակին: Եվ ինչպես իր խոսքում շեշտեց Տիգրան Ավինյանը, մի շարք սահմանափակումներ վերանայվելու են, այդ թվում՝ հանրահավաքների ու հանրային միջոցառումների արգելքները: Նկատենք՝ սա հենց այն արգելքն է, որի դեմ մշտապես ելույթ էին ունենում ընդդիմադիրները, եւ որի պատճառով նաեւ հավաքվների ժամանակ ոստիկանական ուժերը մարդկանց են բերման ենթարկում: Հավելենք նաեւ, որ, մեր տեղեկություններով, արդեն պատրաստ են նաեւ օրենսդրական փոփոխությունները, որը հնարավորություն կտա այլեւս չերկարացնել արտակարգ դրությունը, եւ իշխանությունները այլեւս չեն սպասի սեպտեմբերյան ԱԺ հերթական նստաշրջանին եւ այն քննարկելու համար մինչեւ օգոստոսի վերջ մեկ արտահերթ նիստ եւս կգումարեն»:

Կառավարությունն ունի արտակարգ դրության եւս մեկ անգամ երկարաձգելու որոշում, սակայն դա թերեւս կլինի վերջին երկարաձգումը, օգոստոսի 4-ին հայտարարել է պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա իհարկե շեշտել է, որ ամեն ինչ վերջնական իմաստով կախված է լինելու համաճարակային իրավիճակից, որի լարվածությունը Հայաստանում նկատելիորեն նահանջում է, բայց շարունակությունը կախված է հակահամաճարակային կանոնների պահպանման հարցում քաղաքացիների կարգապահությունից:

Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես այժմ, ապա փաստորեն օգոստոսին կլինի արտակարգ դրության վերջին երկարաձգումը եւ սեպտեմբերի երկրորդ կեսին Հայաստանը կարող է ապրել «բնական դրության» ռեժիմում:

Հայաստանի ներքաղաքական կյանքի այսպես ասած ընդդիմադիր մասնակիցները սեպտեմբերին կանխատեսում են աշխույժ եւ թեժ զարգացումներ: Արտակարգ դրությունը սահմանափակում է հավաքների ազատությունը, սակայն պարետ Ավինյանը հայտարարել է, որ անգամ օգոստոսին եւս մեկ երկարաձգելու պարագայում այդուհանդերձ մեծ հավանականությամբ կարվի վերանայում հավաքների ազատությունը թույլ տալու իմաստով, համապատասխան կանոնների շրջանակում:

Իշխանությունը այդպիսով փորձում է ցույց տալ, որ արտակարգ դրությունը չի օգտագործում քաղաքական մրցակիցներին զսպելու համար: Միաժամանակ կասկածից վեր է, որ էներգիայի կուտակման պարագայում ֆորմալ զսպումը հազիվ թե ունենար նշանակություն, եւ ըստ այդմ ընդդիմության մեղադրանքը, թե իշխանությունը զսպում է արտակարգ ռեժիմով, թերեւս ավելի շուտ ալիբի էր՝ թե ինչու չեն դիմում զանգվածային ակցիաների: Թերեւս պատկերացնում են, որ չկա բավարար հանրային, բողոքական էներգիա:

Մյուս կողմից, նկատելի է, որ ձեւավորվում են էներգիայի կուտակման թեժ կետեր՝ Ամուլսար, Մաշտոցի պուրակ, հնարավոր է նոր կետերի առաջացում, որոնք էական խնդիր են քաղաքական ղեկավարության համար: Ի՞նչ կստացվի:

Դրան զուգահեռ հատկանշական է, որ իր աշնանն է պատրաստվում նաեւ քաղաքական իշխանությունը, մասնավորապես ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի տեսքով, որը սպասվում է սեպտեմբերին: Ապրիլյան քառօրյա պատերազմը հայկական ներքաղաքական եւ ընդհանրապես հայկական պետականության քաղաքական կյանքում հիմնարար, շրջադարձային նշանակություն ունեցող հարց է, որն ընդգրկում է թե ներքին, թե արտաքին քաղաքական չափազանց նուրբ ասպեկտներ, որոնք էապես առնչվում են նաեւ ներկայիս ներքին կյանքի մի շարք դերակատարների քառամյա վաղեմության վարքագծային նրբերանգների հետ: Միաժամանակ, առանցքայինն այդտեղ իհարկե մեկ այլ, արդեն արտաքին դերակատարի վարքագծի հարցն է, որը Հայաստանում ունեցել է եւ ունի ներքին խորքային ազդեցություն՝ Ռուսաստան, իր տարբեր թեւերով եւ տնտեսա-քաղաքական բեւեռներով:

Ահա այդ թվարկված ասպեկտների հանրագումարում առանցքային է եւս մեկ հանգամանք, որ փաստացի կարող է սպասվել սեպտեմբերին, եթե չեղարկվի արտակարգ դրությունը: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը ամիսներ առաջ անսպասելի համաձայնեց եւ մասնակցեց ապրիլյան հանձնաժողովի նիստին, հայտարարեց, որ արտակարգ դրության չեղարկումից հետո պատրաստվում է մեծ ասուլիսի, որտեղ կպատասխանի դրա վերաբերյալ եղսծ բոլոր հարցերին: Իսկ այդ թեման, ինչպես նշեցի, հայաստանյան քաղաքականության շրջադարձային թեման է, որի վերաբերյալ հարցերը ուղղակի, թե անուղղակի առնչվելու են բազմաթիվ այլ թեմաների եւ իրողությունների:

Սերժ Սարգսյանը թերեւս պետք է պատրաստվի արտակարգ դրության չեղարկմանն ու մեծ ասուլիսին: Կամ, գուցե պետք է պատրաստվեն նրանք, ում մասին Սարգսյանը կարող է հայտնել մինչ այժմ չհնչած մանրամասներ, որոնք կարող են էապես փոխել աշնան հետ կապված քաղաքական պլանները եւ օրակարգերը: Համենայն դեպս, հաշվի առնելով քառօրյան իր այսպես ասած հասունացման խորքից՝ այսինքն դրան նախորդած տարիներից եւ դրանցում հայաստանյան մի շարք դերակատարների վարքից, Սարգսյանը լիովին ի զորու կլինի փոխել աշնանային օրակարգերը: Կանի՞, թե ոչ, կամ ի՞նչ աստիճանով եւ ուղղությամբ: Դա է հարցը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •