Բելառուսում, ընդ որում՝ ոչ միայն մայրաքաղաք Մինսկում, այլև տարբեր քաղաքներում, շարունակվում են հետընտրական բողոքի ակցիաներն ու բախումներն ուժայինների հետ:

Նախագահի ընտրության պաշտոնական հայտարարված արդյունքը պաշտպանելու համար այդ երկրի նախագահ Լուկաշենկոն կիրառում է բավականին կոշտ և բիրտ ուժ, արդեն կա առնվազն երկու զոհ: Բախումներն ու ցույցերը շարունակվում են:

Այդ իրադարձությունների համատեքստում հնչող հարցերից մեկն այն է, թե արդյոք Բելառուսում ստեղծված վիճակը կարո՞ղ է հանգեցնել նրան, որ այդ երկիր մտնի ռուսական զորք, և Պուտինն այդպիսով «միացնի» Բելառուսը Ռուսաստանին: Այդ առնչությամբ գնահատականները տարբեր են, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի, եթե, օրինակ, ապակայունությունը շարունակվի մի քանի օր, մեկ շաբաթ և ավելի: Առավել ևս՝ ՀԱՊԿ հայտնի, այսպես ասած, հնարավորության պայմաններում, երբ կարող է անդամ որևէ երկրում ներքին հասարակական կարգի սպառնալիքի դեպքում լինել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման ուժերի միջամտություն՝ այսպես ասած, «գունավոր հեղափոխություն» թույլ չտալու համար:

Հայտնի է, որ Պուտինը բավականին տևական ժամանակ փորձում էր տարբեր կերպ հասնել նրան, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն համաձայնի երկու պետություններից միասնական պետություն ստանալու գաղափարին: Լուկաշենկոն մերժում էր. թե հատկապես ինչ պատճառով՝ թերևս կարող է հայտնի լինել միայն իրեն: Մյուս կողմից՝ պետք չէ բացառել այն, որ ներկայիս վիճակը կարող է լինել, այսպես ասած, հարցի լուծման տարբերակ, երբ առաջանա միջամտության առիթ, սակայն դրա ուղիղ պատասխանատվությունը չի մնա Լուկաշենկոյի վրա, և նա կարող է ասել, որ ահա՝ ապակայունացրին իրավիճակը, ու ինքն այլևս անկարող եղավ պահել ինքնիշխանությունը: Դա իհարկե հիպոթետիկ դիտարկում է, սակայն ներկայումս աշխարհում տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ և այնպիսի արագությամբ, որ պետք չէ բացառել ոչինչ: Իհարկե, այդ թվում պետք չէ բացառել և այն, որ լինի և հակառակը, ու Պուտինն անգամ պատրաստ լինի բանակցել Արևմուտքի հետ Բելառուսի հարցում՝ Ռուսաստանի համար թանկ դիվիդենդի ակնկալիքով, ինչպես, օրինակ, պատժամիջոցների չեղարկումը կամ վերադարձը Մեծ ությակ:

Բոլոր դեպքերում ակնառու է, որ Բելառուսում ցնցվում է ոչ թե լոկ այդ երկիրը, այլ եվրասիական համակարգը ամբողջությամբ, ինչը անշուշտ չափազանց զգոնություն և ուշադրություն է պահանջում նաև Հայաստանից, առավել ևս այն պարագայում, երբ Հայաստանում դեռևս ապրիլից արվում են իրավիճակը ապակայունացնելու և քաոսային մթնոլորտ ստեղծելու ակնհայտ փորձեր, որոնք սնուցվում են «ռուսական աշխարհի» կնքահայրերից և «կնքամայրերից»:
Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •