Paytyun

Բեյրութի նավահանգստում պայթյունի գործով հետաքննությունը դիտարկում է ողբերգության բոլոր հնարավոր վարկածները, հիմնականները անփութությունն ու կոռուպցիան են: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» պատմել են հետաքննության ընթացքին իրազեկ աղբյուրները:

Գործակալության զրուցակիցների տվյալներով՝ «հետաքննությունը սևեռված է ամոնիումի նիտրատի խմբաքանակի պահպանման կանոնների վրա, չնայած դրա պահեստավորման վտանգավորության աստիճանի մասին գրավոր ծանուցումներին»:

«Առավել հավանական վարկածն անփութությունն է, որն ուղղակիորեն կապված է կոռուպցիայի հետ, հատկապես այն լույսի ներքո, որ Լիբանանի՝ մեկը մյուսին փոխարինող կառավարությունները չեն ազատվել վտանգավոր խմբաքանակից, շարունակելով Բեյրութի նավահանգստում պահել ավելի քան յոթ տարի»,-ասել է հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը:

Նրա խոսքով՝ «ներկայում բոլոր տվյալները մատնանշում են, որ քիմիական նյութը Բեյրութի նավահանգիստ բերելը քաղաքական նպատակներ չի հետապնդել»:

Նաև, աղբյուրների խոսքով, տեղեկություն չկա այն մասին, որ ամոնիումի նիտրատի խմբաքանակն ուղարկել են «Հըզբոլլահը» (շիա խմբավորում) կամ Սիրիայի զինված խմբավորումները:

Այնուամենայնիվ, աղբյուրները, որոնց հետ «ՌԻԱ Նովոստիի» թղթակցին հաջողվել է զրուցել, չեն բացառել «ավիահարձակման վարկածը, որը, սակայն, կհաստատվեր աերոլուսանկարներով, որոնք Լիբանանի իշխանությունները փորձում են ստանալ դրսից»:

Ավերիչ պայթյունը որոտաց օգոստոսի 4-ին՝ Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում գտնվող Լիբանանի ռազմածովային ուժերի բազայի մերձակայքում: Պայթյունի ալիքը ոչնչացրել և վնասել է տասնյակ տներ, ավտոմեքենաներ, մայրաքաղաքի բազմաթիվ թաղամասերում կոտրվել են ապակիներ: Զոհվել է ավելի քան 200 մարդ, 6 հազարը վնասվածքներ են ստացել: Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառը նավահանգստի պահեստում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատն է, որը 2014 թ. բռնագրավել էր մաքսային ծառայությունը:

Երկրում սուգ է հայտարարվել: Քաղաքում երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել:

Լիբանանի նախագահ Միշել Աունը չի բացառել արտաքին ուժերի մասնակցությունը, նրանց կողմից օգտագործված հրթիռները կամ ռումբերը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •