Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ Մաշտոցի պուրակում հատված ծառերը կենսունակ չէին։

«Մասնագիտական եզրակացություն է տրվել, բոլորն իրենց ստորագրությունը դրել են, որ, այո, այդ ծառերը փոխարինման ենթակա են, այսինքն՝ կարող են փոխարինվել, որն ավելի օգուտ կտա և այդ պուրակին, և բնապահպանությանը։ Այս ծառերն արդեն 2002 թվականից փչանում են մինչև այսօր, ինչո՞ւ, որովհետև եթե ծառի մի մասը շինության դրսում է, մյուս մասը՝ ներսում, ծառն սկսում է մահանալ։ 18 տարի ծառն այդ շինության մեջ մահացել է։ Ես կարող էի ասել ոչինչ, որ այդ ծառը մահանում է, ոչինչ, որ կարող է մեկի գլխին ընկնել, թող մնա, այդ հավաքույթն ու խոսակցությունը չէր լինի, ես էլ հանգիստ իմ համար կապրեի։ Կարող էի ասել՝ կամ ծառերը թողնենք, ոչինչ որ մահանում են, կամ էլ ես ազնիվ եմ գտնվում բոլորի հետ, գնում եմ առաջ։ Եթե մասնագետներն ինձ ասում են՝ պարոն քաղաքապետ ջան, այս ծառերը կենսունակ չեն, շատ ավելի լավ է, որ փոխարինվեն այլ ծառերով, ես փորձում եմ հարցը լուծել»,- ասաց նա։

Հայկ Մարությանը հավելեց, որ չի եկել քաղաքապետարան հանգիստ ապրելու, փորձում է խնդիրները լուծել։

«Եթե ես եկել եմ այստեղ հանգիստ ապրելու, ուրեմն սխալ եմ եկել։ Ես հանգիստ ապրում էի մինչև այստեղ գալը։ Ասեմ ավելին, ես այստեղ ստանում եմ 429 հազար դրամ աշխատավարձ, սա մոտավորոպես 5-10 տոկոսն է կազմում իմ առաջվա ստացած գումարների։ Ես գործարան ու այլ եկամուտներ չունեմ, ոչ պանրի գործարան ունեմ, ոչ էլ այլ գործարան։ Ես պետք է աշխատեմ, ֆիլմեր ստեղծեմ, պրոյեկտներ ստեղծեմ, որ գումար աշխատեմ։ Ես փակել եմ բոլոր իմ եկամուտները, եկել եմ 429 հազարով աշխատելու։ Եթե ես եկել եմ այստեղ ոչինչ չանելու, կգնամ հետ, հանգիստ կապրեմ, շատ փող կաշխատեմ, էլի սիրված կլինեմ ժողովրդի կողմից, էլի հաճույքով կապրեմ, որովհետև ես միշտ ժպիտ եմ պարգևել մարդկանց։ Բայց եթե  այստեղ եմ, ուրեմն նշանակում է, ես ինչ-որ բան անելու եմ եկել»,- ասաց քաղաքապետը։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •