Եթե Մարգարիտա Սիմոնյանը շարունակում է թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված Հայաստանի իշխանության հասցեին իր հայտնի բովանդակությամբ և տոնայնությամբ գրառումները, անկասկած նկատելի շատ կոնկրետ նպատակային թիրախավորումով, ապա դա կարող է նշանակել երկու բան. կա՛մ Սիմոնյանը ստացել է շատ կոնկրետ առաջադրանք իր գործատուներից՝ Կրեմլից, կա՛մ նրա գործատուն փոխվել է կամ փոխվում է, և Սիմոնյանը փնտրում է նոր, եկամտաբեր աշխատանք, նոր վարձատրողներ:

Իսկ նրա նոր աշխատանքը վարձատրողներ կգտնվեն՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունը անկասկած հարվածել է ոչ միայն Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգին, այլ նաև արտաքին այն ուժերին, որոնց համար այդ համակարգը դարձել էր ռեգիոնալ ռուս-թուրք-ադրբեջանական գործարքների անգնահատելի ալիբի:

Հատկանշական է, որ այժմ փորձ է արվում սիմոնյանական գրչով այդպիսի ալիբի ստանալ Հայաստանի նոր իշխանությունից, հետհեղափոխական նոր իրականությունից և իրողություններից՝ այնտեղ փորձելով տնկել ինչ-որ հակառուսականության ծառ: Այն դեպքում, երբ Հայաստանում վարվող քաղաքականությունն ու հանրային կյանքը ընդհանրապես չունի հակառուսականության որևէ շոշափելի նշույլ, առնվազն այնքան ժամանակ կամ մինչև այն սահմանը, երբ ռուսական ինչ-որ շրջանակ ինքը չի խթանում այդ հակառուսականության որևէ տրամադրություն: Մարգարիտա Սիմոնյանը, ի դեպ, հենց այդպիսի մի շրջանակի ներկայացուցիչ է, որը, սակայն, միակ շրջանակը չէ: Վերջին հաշվով, այդօրինակ խմբերը կամ նպատակները՝ Հայաստանից ստանալ ռուս-թուրքական գործարքների ալիբի, չեն իրականացվում միակողմանի պարզունակ տեխնոլոգիաներով:

Ի վերջո, պետք է լինի նաև սիմոնյանական գրչի մոտիվների հիմնավորում, այսինքն՝ ալիբի նաև սիմոնյանների համար: Ու թեև նա հղում է անում վարչապետ Փաշինյանի դեռևս լրագրողական ժամանակաշրջանի մի հոդվածի, ընդ որում՝  ակնհայտորեն համատեքստից կտրված ու նենգափոխված, դա իհարկե չունի ալիբիի ուժ: Ալիբիի ուժ կարող են ունենալ այն արմատական տրամադրությունները և կոչերը, որոնք Հայաստանում հնչում են այսօր՝ կապված ռուսական ռազմական ներկայության, ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի կտրուկ գործողությունների հետ: Ու թեև դրանք ներկայումս հանրային օրակարգ չեն, չեն ձևավորում հանրային շոշափելի տրամադրություն, այդուհանդերձ անմիջապես, այսպես ասած, վերցվում են զինանոց և կիրառվում, ինչի օրինակներից մեկն էլ երկրորդ նախագահ Քոչարյանի հարցազրույցն էր, իսկ դրանից առաջ էլ Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունը:

Բանն այն է, որ ռուսական իրականությունում ավելի ու ավելի է սրվում, այսպես ասած, ռազմավարական կամ իդենտիկ բանավեճը, եթե կարող ենք կիրառել այդ ձևակերպումը պայմանականորեն: Դա Թուրքիայի հանդեպ քաղաքականության և Կովկասում քաղաքականության հարցն է: Ռեգիոնալ քաղաքականության հարցում՝ գնալ Թուրքիայի հետ ռազմավարական մրցակցությա՞ն, թե՞ ռազմավարական գործարքների ճանապարհով: Որովհետև առաջինի ճանապարհով գնալու դեպքում Ռուսաստանի համար հայկական թավշյա հեղափոխությունը ուղղակի հայ ժողովրդի նվեր է, սակայն երկրորդ տարբերակի պարագայում՝ էական խոչընդոտ: Ո՞ր ռազմավարությունն է հաղթելու Ռուսաստանի իշխանական տրանսֆորմացիայի ներկայիս փուլում կամ, այլ կերպ ասած, հաղթելու է սիմոնյանական «յան»-ի տակ իրականում քողարկված թուրքական ագրեսիայի հայկական ալիբի՞ն, թե՞ հաղթելու է նոր աշխարհում ռուսական վերնախավի ողջախոհության կանխավարկածը:

Բայց Հայաստանն իհարկե չունի ժամանակ ու, առավել ևս, հնարավորություն կամ իրեն թույլ տալու շքեղություն՝ սպասելու, թե որը կհաղթի: Հայաստանը պետք է ապահովի արդիականության հաղթանակը հայկական պետականության համատեքստում, իսկ եկող այդ մարտահրավերները պետք է պարզապես առավել խթանեն համազգային ջանքը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •