«Սևրի հաշտության պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»,- սիրիական «Ալ-Ազմենահ» պարբերականին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ խոսելով Սևրի դաշնագրի 100-ամյակի մասին, որ լրանում է օգոստոսի 10-ին:

Գործնականում Հայաստանի Հանրապետությունը բարձրաստիճան պաշտոնյայի, իհարկե խորհրդարանական կառավարման համակարգում դե ֆակտո իշխանություն չունեցող, բայց դե յուրե պետության գլուխ հանդիսացող բարձրագույն պաշտոնյայի շուրթերով բարձրաձայնում է Սևրի դաշնագրի գոյության և դրանում հայ ժողովրդի իրավունքի, առ այսօր այդ պայմանագրի, այսպես ասած, կենսական ուժի մասին:

Անշուշտ հասկանալի է, որ դա տեղի է ունենում ոչ թե միջազգային նշանակության քաղաքական ակտի, այլ հարցազրույցի ձևաչափում, սակայն ամբողջ հարցն այն է, որ անգամ այդօրինակ ձևաչափերում Երևանը մինչ այդ խուսափել է Սևրի դաշնագրի և հայկական իրավունքների, այսպես ասած, ուժի մեջ լինելու մասին խոսակցությունից: Թե ինչու՝ այստեղ կարող ենք քննարկել ամենատարբեր հանգամանքներ, սակայն տվյալ պարագայում էականն իհարկե դա չէ, այլ այն, թե արդյոք Երևանը անցնում է այդ առումով քաղաքական նոր բովանդակության ու շեշտադրումների՞, թե՞ այդ ամենն ընդամենը պայմանավորված է մի հանգամանքով՝ դաշնագրի 100-ամյակ, որը խորհրդանշականորեն պարտավորեցնող իրադարձություն է: Ասել է թե՝ 100-ամյակը մեկնակե՞տ է, թե՞ ընդամենը առանձին մի կետ, որից այն կողմ քաղաքականության փոփոխությունը չի լինելու դրանում դրսևորած վարքագծի շարունակություն:

Հարցն այս սկզբունքային տիրույթում է հատկապես վարչապետ Փաշինյանի ուղերձի ֆոնին, որ նա հղել էր Սևրի 100-ամյակի առիթով Երևանում մեկնարկած գիտաժողովի մասնակիցներին: Բանն այն է, որ այդ ուղերձում, տալով Սևրի դաշնագրի բավականին դիպուկ գնահատական որպես պատմաքաղաքական փաստ, վարչապետ Փաշինյանն այդուհանդերձ խուսափել է խոսել հայ ժողովրդի համար դրա ներկայիս իրավական ուժի մասին: Ինքնին հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի ուղերձի մակարդակում կատարվում է անդրադարձ, անշուշտ դարձյալ խոսուն է, սակայն խնդիրը հենց խորհրդանշականության և քաղաքական մարտավարության ու ռազմավարության հարաբերակցության մեջ է՝ իհարկե նկատի ունենալով այն, որ այդ մարտավարությունը որոշակի փուլերում անշուշտ իրացվում է նաև խորհրդանշականությամբ, այսինքն՝ դա ինքնին կարող է լինել մարտավարության մաս:

Այդուհանդերձ, Երևանի համար սկզբունքային քաղաքական-ռազմավարական խնդիր պետք է լինի պատմաքաղաքականից իրավաքաղաքական շեշտադրումների և նշաձողերի անցնելը՝ հաշվի առնելով աշխարհակարգային վերափոխման այն շրջափուլը, որում գտնվում են միջազգային հարաբերությունները, և որտեղ Թուրքիան, իր ագրեսիվությամբ հանդերձ, այդուհանդերձ անկարող է լինում թաքցնել վախերը այն իրավական խնդիրների հանդեպ, որ ունի պատմության հետ, այդ թվում, առավել ևս, առանցքային՝ հայկական հարցի հետ:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •